Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չարլզ Բուքովսկի «Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ»
Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը
մեռած կենդանիների հոգիները
սպանդանոցից հետո
անկյունում մի բար կար
նստում էի էնտեղ
ու պատուհանից նայում
մայր մտնող արևին.
պատուհան որից բացվող ընդարձակ տեսարանը
չորացած երկարոտ մոլախոտերն էին:
գործից հետո
երբեք ցնցուղ չէի ընդունում գործարանի
տղերքի հետ
էնպես որ վրայիցս քրտինքի ու
արյան հոտ էր փչում:
քրտինքի հոտը թուլանում է որոշ ժամանակ անց
բայց
արյան հոտը եռ է գալիս
ու ուժ առնում:
ծխում էի ու գարեջուր խմում
մինչև որ պատրաստ էի
ավտոբուս նստել՝
հետս մանածելով
հոգիները մեռած
կենդանիների.
գլուխներ էին շրջվում թեթևակի
կանայք վեր էին կենում ու ինձնից հեռու
նստում:
երբ իջնում էի ավտոբուսից
մի թաղամաս էր մնում քայլելու
ու մի աստիճան մինչև
սենյակս
որտեղ միացնում էի ռադիոն
ծխախոտ կպցնում
ու ոչ մեկին չէի խանգարում
այլևս:
***
սրանց ուզածը
Վալյեխոն գրում էր մենության
մասին՝ սովից
մեռնելով.
Վան Գոգի ականջը մերժեց
մի պոռնիկ.
Ռեմբոն փախավ Աֆրիկա
ոսկի որոնելու ու անբուժելի
սիֆիլիս կպնելու համար.
Բեթհովենը խլացավ.
Փաունդին փողոցներով էին տանում
վանդակի մեջ.
Չեթրթընը մկնդեղ ընդունեց.
Հեմինգուեյի ուղեղը թափվեց
նարնջի հյութի մեջ.
Պասկալը փրթեց երակները
լոգարանում.
Արտոյին փակեցին գժերի հետ.
Դոստոևսկիին պատին դեմ արին.
Քրեյնը նետվեց նավի պտուտակի մեջ.
Լորկային ճամփի մեջտեղում գնդակահարեցին
իսպանացի զինվորները.
Բերիմընն իրեն գցեց կամրջից.
Բըրոուզը կրակեց իր կրոջ վրա.
Մեյլըրն իր կնոջը դանակահարեց:
- էս է սրանց ուզածը.
մի անտեր շոու
գրական ազդագիր
դժոխքի մեջտեղում:
էս են ուզում սրանք՝
փառատոնների
սիրահարների
տափակ
անհոդաբաշխ
ապահով ու
սարսափելի
թայֆան:
***
պատճառ և հետևանք
լավագույնները հաճախ իրենց ձեռքով են մեռնում
ազատվելու համար,
իսկ նրանք ովքեր մնում են
երբեք երբեք չեն հասկանա
թե ինչու ինչ-որ մեկը
պիտի
ուզեր
ազատվել
իրենցից:
***
միայնակ ամենքի հետ
միսը ծածկում է ոսկորը
ներսում դրել են
ուղեղ
մեկ-մեկ էլ հոգի,
ու կանայք վազեր են
ջարդում պատին,
տղամարդիկ
հարբում են
ու ոչ ոք չի գտնում էն
միակին
ու շարունակում է
փնտրել
սողեսող անկողիններ
մտնել ու դուրս գալ սողեսող:
միսը ծածկում է
ոսկորը
միսն ավելին է փնտրում
քան սոսկ
միսն է:
բայց ոչ մի հույս
չկա. բոլորս
մի եզակի ճակատագրի
թակարդում ենք:
ոչ ոք երբևէ չի գտնում
էն միակին:
քաղաքի աղբանոցները լցված են
աղբամանները լցված են
գժանոցները լցված են
հիվանդանոցները լցված են
գերեզմանոցները լցված են
ուրիշ ոչինչ
լցված չէ:
***
ավերակ
Վիլյամ Սարոյանն ասաց. «Կործանեցի
կյանքս՝ նույն կնկա հետ երկու անգամ
ամուսնանալով»:
միշտ էլ մի բան կլինի որ
կկործանի մեր կյանքերը,
Վիլյամ,
ամեն ինչ կախված է նրանից
թե ինչը կամ որը
մեզ
առաջինը կգտնի,
մենք միշտ
հասուն ու
պատրաստ ենք
տրվելու:
կործանված կյանքերը
նորմալ են ինչպես
իմաստունների
այնպես էլ
մնացածների համար:
միայն երբ
էդ կործանված
կյանքը
մերն է դառնում՝
սկսում ենք
հասկանալ
որ ինքնասպանները
հարբեցողները, գժերը
բանտարկյալները, թմրամոլները
և այլք և այլք
նույնքան հասարակ
մասնիկն են գոյության
որքան թրաշուշանները,
ծիածանը
մրրիկն
ու
լրիվ
դատարկ է
խոհանոցիս
դարակը:
Հեղ. հրատ.: ISBN: 978-9939-0-0546-1: Երկլեզու: Գինը՝ 3000 դրամ:
Գիրքը ձեռք բերելու համար զանգահարել` 055 48 81 80 կամ 093 49 91 60: