կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-08 15:17
Մշակույթ

Փակվում է Պանթեոնում նոր գրողներ ″անմահացնելու″ ժամանակը

Փակվում է Պանթեոնում նոր գրողներ ″անմահացնելու″ ժամանակը

Երեկ մի շարք գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրանքով, որ գրող Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: Սակայն ստեղծված կառավարական հանձնաժողովը որոշել է, որ գրողի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ արտահերթ նախագահության նիստ է հրավիրվել, որի ժամանակ էլ քննարկվել է երիտասարդ գրողների` Գրիգորյանի հուղարկավարությունը պանթեոնում իրականացնելու խնդրանքը: Ըստ Անանյանի` նախագահության անդամներից միայն 3-ն են կողմ եղել, որ գրողը հուղարկավորվի պանթեոնում:

 

«Թաղման վայրը չէ, որ հաստատում է բանաստեղծի մեծությունը, քանի որ Գրիգորյանը, իսկապես, մեր գրականության մեջ շատ վառ անհատականություն էր: Երեկ երիտասարդներն եկան ինձ մոտ եւ ներկայացրին իրենց առաջարկը, ինչը շատ բնական եւ ազնիվ քայլ եմ համարում, քանի որ Գրիգորյանը շատ է աջակցել երիտասարդ գրողների կայացման, ներկայացման հարցում: Հովհաննեսի հանդեպ այս սերը հիմնավոր է եւ արդարացված»,- ասաց Անանյանը եւ հավելեց, թե այն փաստից, որ Չարենցն այսօր գերեզման չունի, եւ Պանթեոնում չէ նրա աճյունը, նրա հանճարի մեծությունը չի փոքրանում:

 

Նա նշեց, որ Գրիգորյանն իր 50 տարվա ընկերն է, եւ իր համար մեծ պատիվ կլիներ, որ նա հուղարկավորվեր Պանթեոնում: Ըստ Անանյանի՝ Հովհաննես Գրիգորյանը ստեղծված իրավիճակին նման կերպ կարձագանքեր. «Տղե՛րք, թեթեւ տարեք»:

 

ՀԳՄ նախագահության անդամ Ավիկ Իսահակյանն էլ, իր հերթին, նշեց, որ հարցն արդեն լուծված է, քանի որ կառավարական հանձնաժողովը Գրիգորյանի ընտանիքի հետ համաձայնության է եկել: Ըստ նրա՝ այստեղ խնդիր չկա, եւ թող ոչ ոք ոչ մի ներքին թել չփնտրի:

 

«Մեծամասնությամբ կողմ են եղել քաղաքային պանթեոնի տարբերակին: Մեր սերնդի հեղինակները` Աղասի Այվազյանը, Արմեն Մարտիրոսյանը, քաղաքային պանթեոնում են հուղարկավորված, եւ ի՞նչ: Իսկ ովքե՞ր են Կոմիտասի պանթեոնում` Իսահակյան, Կոմիտաս, Շիրվանզադե, Սարյան. դասական հասկացողությունը եւ ժամանակակից տաղանդավոր գրող հասկացությունը տարբեր բաներ են»,- ասաց Իսահակյանը:

 

Գրող Ներսես Աթաբեկյանն էլ նշեց, որ ինքը կողմ է եղել, որպեսզի գրողի աճյունն ամփոփվի քաղաքային պանթեոնում, քանի որ Կոմիտասի անվան այգու պանթեոնում հայ դասականների շիրիմներն են:

 

«Տեսեք, թե ովքեր են Երեւանի քաղաքային եւ ովքեր` Կոմիտասի անվան պանթեոններում. Կոմիտասի պանթեոնում մեր դասականներն են. անզուգական նշանակություն պետք է ունենալ մշակույթի, գրականության, պետության եւ ժողովրդի համար, լինել անփոխարինելի»,-ասաց Աթաբեկյանը:

 

Գրող, ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք ուզում են, որ Գրիգորյանը հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում ոչ նրա համար, որ Գրիգորյան աջակցել է երիտասարդ գրողների կայացման գործին, այլ` իրենք կարծում են, որ Գրիգորյանն, իսկապես, մեծ անուն է մեր գրականության համար:

 

«Ու հիմա մենք այդ քայլով գնահատական ենք տալիս նրան»,- ասաց Հայրապետյանը եւ հավելեց, թե, ի վերջո, որքան կարելի է իրենց երիտասարդ գրողներ կոչել. «Մենք արդեն երեսունն անց մարդիկ ենք. օրինակ ես` երկու երեխա ունեմ: Դադարեք գրողներին տարբերակել` երիտասարդ գրող ու գրող, կան ուղղակի գրողներ ու չգրողներ»:

 

Ըստ Հայրապետյանի՝ երիտասարդները չէ, որ պետք է գնային ու առաջարկ ներկայացնեին գրողին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու համար, այլ ՀԳՄ-ն ինքը պետք է հանձն առներ ու քայլեր ձեռնարկեր:

 

«Իսկ ինչո՞ւ էական չէ` որտեղ է նա հուղարկավորվելու, շատ էլ էական է, դրանով մենք մեր երախտիքն ենք արտահայտում նրա լավ գրականության համար: Իսկ ի՞նչ է նշանակում այնտեղ միայն հայ դասականների աճյուններն են. մի՞թե Անդրանիկ Մարգարյանը հայ դասական է»,- ավելացրեց նա:

 

Իսկ գրող Նառա Վարդանյանն էլ կարծում է, որ մեր հասարակության այս կարգի հետագա զարգացումից դատելով, արվեստի ու գրականության հանդեպ նման վերաբերմունքին հետևելով` դասականներ կդառնան Թաթան, Արմենչիկը և Թաթուլ Ավոյանը:

 

«Եվ, ըստ այդմ, Կոմիտասի անվան պանթեոնին արժանի նրանք են մնալու, իսկ Հովհաննես Գրիգորյան մեծ պոետը, գրական մեծ վաստակ ու անուն ունեցող բանաստեղծը, ուսուցիչը, 60-ականների գրականության հեղափոխականը տեղ չունի մեծերի կողքին»,- ասաց Վարդանյանը եւ հավելեց, որ գրողների, հատկապես՝ պոետների չուզողական վերաբերմունքը, նրանց` հետագայում Պանթեոնում չլինելը, նրանց բացակայությունն է արդարացնելու...

 

«Մենք չենք ուզում, որ Կոմիտասի անվան պանթեոնը վերածվի վարչապետերի, պատգամավորների գերեզմանատան»,- իր խոսքն ամփոփեց Վարդանյանը:

 

Գրող Սաքո Արյանը կարծում է, որ Հովհաննես Գրիգորյանի էական կշիռը չի գնահատվում Պոետի թաղման վայրի ընտրությամբ: Ըստ նրա՝ Գրիգորյանն իր գործն արեց ու գնաց:

 

«Այս պահին, երբ խոսում ենք Հովհաննեսին որտեղ թաղվելուն մասին, միանշանակ դա ոչ մի իմաստ չունի Պոետի համար: Նրա անմահության ժամը հենց այսօր է սկսվել, ու տխուր է, որ Երեւանի գրական «ավագանին» միանգամից չի հայտարարել, որ Հովհաննես Գրիգորյանը թաղվելու է մեր մյուս մեծերի կողքին: Սա արդեն այլ խնդիր է ու մեզ մտածելու տեղիք է տալիս»,- ասում է գրողը` հավելելով, որ ինքը մի պարզ ու վճիտ միտք ունի` այս քայլով Հայաստանում փակվում է Պանթեոնում նոր գրողներ «անմահացնելու» ժամանակը. «Ու թող մտահոգվեն նրանք, որոնց համար Պանթեոնը Հայ ժողովրդի` անմահության ճանապարհով գնալու առաջին հանգրվանն է: Նա` Հովհաննես Գրիգորյանը, նրանցից չէր: Մեծ Պոետի հիշատակը մեր սրտերում վառ է, ու այդպես դեռ երկար կլինի»:

Կ. Հ.