կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 10:43
Առանց Կատեգորիա

Մահացել է Հովհաննես Գրիգորյանը

Մահացել է Հովհաննես Գրիգորյանը

Այսօր առավոտյան մահացել է գրող Հովհաննես Գրիգորյանը:

 

Գրիգորյանը ծնվել է 1945թ.: Հեղինակ է մի շարք գրքերի` «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» /2010/, «Գիշերահավասար» /2006/, «Երգեր առանց երաժշտության» /1975/, «Բոլորովին ուրիշ աշուն» /1979/, «Երկու ջրհեղեղի արանքում» /1996/, «Կես ժամանակ» /2002/:

 

Գրիգորյանը կատարել է թարգմանություններ ռուսերենից եւ իսպաներենից, ստացել մի շարք մրցանակներ' 1975-ին' ՀԼԿԵՄ-ի, 1987-ին' Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակին, 1998-ին' Մովսես Խորենացու մեդալ, 2002-ին' Վահագն մրցանակի դափնեկիր, իսկ 2005-ին Արցախի պետական մրցանակների:

 

Գրիգորյանի մոտ 2011-ին քոթի քաղցկեղ հայտնաբերվեց, որից հետո նա մեկնեց բուժման արտասահման, սակայն հիվանդությունն իր արմատները շատ խորն էր տարածել...

                                          ***

                                Երբեք չմեռնես

Երբեք չմեռնես, - մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում
պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև...
հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
այնուհետև՝ աշխարհով մեկ
և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
և ավելի է թանձրանում դառնությունը...
երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, -
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը: