կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 17:05
Քաղաքական

Հայրիկյանի դեմ մահափորձն անձնական հողի վրա է եղել. ԲՀԿ-ական պատգամավոր

Հայրիկյանի դեմ մահափորձն անձնական հողի վրա է եղել. ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի կարծիքով` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը նրա անձնական խնդիրների հետ է կապված: Այն, ինչ տեղի է ունեցել, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, քաղաքական ենթատեքստ չունի, եւ ոչ ոքի ձեռնտու չէր:

 

«Պարույր Հայրիկյանն այն թեկնածուն չէր, որն իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում, որ նման բան էլ կազմակերպեին»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Մեր դիտարկմանը, որ տեսակետ կա, թե սա ուղղված էր իշխանությունների դեմ, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լավագույն ընտրություններ անցկացնելու ծրագիրը խափանելուն, ԲՀԿ-ական պատգամավորը եւս մեկ անգամ կրկնեց, որ, իր կարծիքով, սա անձնական հողի վրա կատարված միջադեպ էր:

 

ԲՀԿ-ական պատգամավորը չի կասկածում նաեւ դրսի ուժերին: «Ինչի համար... Եթե իրենից վտանգ ներկայացներ, այդ դեպքում գուցե նման բան անեին, բայց բոլորս էլ գիտենք, որ Հայրիկյանն այդ ուժը չէր»,- նշեեց նա:

 

Դիտարկմանը, որ Հայրիկյանը, նրա հարազատները, անգամ ՀՀ վարչապետը վստահեցնում են, որ Հայրիկյանը թշնամիներ չի ունեցել, ԲՀԿ-ական պատգամավորը ժպտալով վստահեցրեց, որ չկա մարդ, ով թշնամիներ, «չուզող» չունենա:

 

Ռուստամ Գասպարյանը կարծում է, որ ընտրությունները նորմալ կանցնեն, անարդարություն, կեղծիք չի լինի, քանի որ լուրջ մրցակից Սերժ Սարգսյանը չունի: «Կարծում եմ՝ ներկայիս թեկնածուների մեջ ամենաարժանին Սերժ Սարգսյանն է, ով իր անցած ճանապարհով կկարողանա այս երկրի այս իրավիճակը կարգավորել»,- հայտարարեց նա:

 

Հարցին ի պատախան` ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն աշխատելու է Սերժ Սարգսյանի օգտին, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, իսկ իր տարածաշրջանի հետ կապված որոշում չկա, ԲՀԿ նախագահի հետ դեռ չի խորհրդակցել: