Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՄԻԵԴ է ներկայացրել Բուդաղյանի կալանավորման որոշման դեմ գանգատը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ երկարաձգեց Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
«Կենտրոնի դատարանը կարծես ԱԱԾ-ի ստորաբաժանումը լինի. ինչ ներկայացնում են՝ բավարարում են: Նրանք կալանավորման հարց չեն քննում, այլ ձևաթուղթ են լրացնում. նույն որոշումներն են, պարզապես անուններն են տարբեր»,- ասաց փաստաբանը: Ալումյանը նշեց, որ այս գործով 180 աստիճանի սխալ որոշումներ են կայացնում՝ իրավաբանությունը գլխիվայր շրջած:
«Թող քննեն այդ գործը, 10 տարի քննեն, վերջիվերջո, թող պարզեն իրականությունը, որովհետև մենք պարզապես պահանջում ենք, որ այս ընթացքում, քանի դեռ քննվում է այդ գործը, իմ պաշտպանյալը չպիտի գտնվի կալանքի տակ: Նախաքննության ընթացքում անձին կալանքի տակ պահելը չի կարող հիմնված լինել միայն այն բանի վրա, որ նա մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Որպեսզի նախաքննության ընթացքում անձին կալանավորեն, պետք է հիմքեր լինեն՝ մտածելու, որ այդ անձը կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում, ազդեցություն գործադրել վկաների, դատավարության այլ մասնակիցների վրա: Այդպիսի հիմքեր գոյություն չունեն, և Հայաստանն արդեն մի քանի այդպիսի գործ է պարտվել Եվրոպական դատարանում՝ Փիրուզյանի գործը, Սեֆիլյանի գործը, երբ անձին կալանավորում են՝ զուտ նկատի ունենալով, որ նա մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Դա չի կարող կալանավորման հիմք հանդիսանալ: Հայաստանն արդեն որերորդ անգամ կրկնում է այն սխալները, որոնց համար արդեն իսկ պատժվել է Եվրոպական դատարանում: Այդ վճիռները 7 տարի առաջ են եղել: Փաստորեն, 7 տարվա ընթացքում մեր դատարանները տեղում են դոփում, ոչ մի առաջխաղացում չկա, այն սխալները, որոնք այն ժամանակ էին արվում, կրկնվում են նաև հիմա: Դատավորները գնացին սեմինարների, աշխարհի երկրների մեծամասնությունում նրանց բացատրեցին, թե ինչպես պետք է դա արվի, նաև այստեղ են պարբերաբար սեմինարներ անցնում»,- ասաց փաստաբանը:
Ալումյանը նաև նշեց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին հայտարարություններ է արել, թե «մարդիկ արդեն խոստովանել են, որ այդ հանցագործությունն իրենք են կատարել, ամեն ինչ արդեն պարզված է», և իբրև թե այն վարկածը, որն այսօր նախաքննական մարմինը հիմք է ընդունել, հաստատված է մարդկանց խոստովանություններով: Սակայն, ըստ նրա, դա իրականությանը չի համապատասխանում: «Կա\'մ դիտավորյալ, կա\'մ անիրազեկ լինելու պատճառով տարածվող ապատեղեկատվություն է: Լրատվամիջոցները նաև գրեցին, որ այդ օրը Սուրիկ Խաչատրյանը գինովցած էր, երևի դրա արդյունքում է նման բան ասել»,- նշեց փաստաբանը: