կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 15:32
Առանց Կատեգորիա

ՀԱՊԿ-ի գարշահոտը և Հայաստանի ինքնախաբեությունը

ՀԱՊԿ-ի գարշահոտը և Հայաստանի ինքնախաբեությունը

Բաքվում օգոստոսի 13-ին կայացած` Ադրբեջանի և ՌԴ նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև դրամաշրջանառությունը 4 անգամ ավելի մեծ է, քան նշվում է մամուլում, և հասնում է մոտավորապես 4 մլրդ դոլարի: Այդ ցուցանիշով Ադրբեջանն այսօր ռուսական զինտեխնիկայի` հինգ ամենախոշոր գնորդ երկրներից մեկն է:

 

Հայտարարությանը Վլադիմիր Պուտինը որևէ կերպ չարձագանքեց, ինչով հաստատեց ներկայացված տեղեկատվությունը, այսինքն` այն, որ իրականում Հայաստանի ռազմավարական գործընկեր և ՀԱՊԿ շրջանակում դաշնակից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև զինտեխնիկայի առքուվաճառքի ծավալները մի քանի անգամ գերազանցում են այն պատկերացումները, որոնք առկա են Հայաստանում:

 

Պուտինի այցին անմիջապես հաջորդեց Գաբալայում կազմակերպված թյուրքալեզու պետությունների`Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների գագաթաժողովը: Դրա ավարտին ստորագրվեց համատեղ մի հայտարարություն, որի 13-րդ կետում նշված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային անվտանգությանը խոչընդոտող գլխավոր գործոններից մեկն է: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կողմ է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված ցանկացած քայլի` պայմանով, որ դրանք ենթադրեն Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանում»: Փաստաթուղթն էությամբ ամբողջությամբ հակասում է բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներին: Այստեղ շեշտը դրված է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման վրա` անտեսելով մյուս, այդ թվում` նաև ժողովուրդների ինքնորոշման մասին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, որոնց համահավասարության վերաբերյալ ամեն տարի համատեղ հայտարարությամբ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարները: Այլ կերպ ասած` Գաբալայում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը հակադրվում է ԼՂ կարգավորման այն տրամաբանությանը, որով առաջնորդվում է միջազգային հանրությունը:

 

Բայց փաստաթղթի «հմայքը» դա չէ, այլ այն, որ ստորագրվել է նաև Ղազախստանի ու Ղրղզստանի` ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի երկու «դաշնակից» երկրների նախագահների կողմից: Փաստորեն, գրեթե միաժամանակ այդ կազմակերպության 6 անդամ պետություններից երեքը բացահայտ կերպով խախտեցին կազմակերպության հիմնարար փաստաթղթի`1992թ. Տաշքենդում ստորագրված կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 1-ին կետը, որը անդամ պետություններին ուղղակի արգելում է դիմել դաշնակից երկրների շահերին հակասող գործողությունների: Նրանցից երկուսը` Ղազախստանն ու Ղրղզստանը, փաստորեն, քաղաքական իմաստով նախապատվությունը տվեցին Ադրբեջանի և, հատկապես, Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանը, կովկասյան և միջինասիական գոտիներում թուրքականության գործոնի հնարավորինս ուժեղացմանը, իսկ Ռուսաստանն ավելի բարձր գնահատեց Ադրբեջանի հետ ներկայումս ծավալվող զինտեխնիկայի խոշորամասշտաբ առևտուրը: Եվ չնայած բնական է, որ այս երկրներից յուրաքանչյուրը առաջնորդվում է իր մասնավոր քաղաքական կամ տնտեսական հետաքրքրություններով, սակայն փաստն այն է, որ նրանք դա անում են մի կազմակերպության ընդհանուր շահերի ու դրա անդամ պետությունների ներքին պայմանավորվածությունների, հարաբերությունների հաշվին, որի հետ է Հայաստանը կապել իր արտաքին անվտանգության ապահովումը: Նման պարագայում ոչ միայն ավելորդ է դառնում խոսել փոխադարձ վստահության, այլև կազմակերպության լրջության մասին` առհասարակ:

 

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, սակայն, որ Ռուսաստանի բիզնես հետաքրքրությունները որևէ կերպ չեն հակասում Ղազախստանի կամ Ղրղզստանի քաղաքական հետաքրքրություններին, նույնիսկ ինչ-որ իմաստով համընկնում են: Մեծ հաշվով այս երկրները ՀԱՊԿ-ի համատեքստում իրար միջև խնդիրներ չունեն: Բայց ստացվում է այնպես, որ նրանց բոլորի գործողությունները հակադրվում են Հայաստանի շահերին, և կամա, թե ակամա ստացվում է, որ այդ շահերը պաշտպանվում են ոչ այնքան ՀԱՊԿ-ի, որքան հենց, առանձին վերցրած, Հայաստանի անվտանգության հաշվին: Դա ինքնին ցուցիչ է այն բանի, թե իրականում կազմակերպության անդամ երկրները որքանով են լուրջ են վերաբերվում Հայաստանին` իբրև գործընկերոջ: Եվ այլևս օրակարգային է դառնում հարցը, թե որքանով կարելի է ընդհանրապես ՀԱՊԿ-ին` որպես կազմակերպություն, վերաբերվել իբրև Հայաստանի անվտանգության առանցքային միավորի և դրա վրա ինչ-որ ստատեգիական պլաններ կառուցել:

 

Դեռևս 2012թ. Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդամ երկրներին զգուշացրեց ձեռնպահ մնալ կազմակերպության ընդհանուր սկզբունքներին հակասող գործողություններից: «Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի` ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ասել էր նա: Այսինքն` անգամ այն դեպքում, երբ Հայաստանը ամենաբարձր մակարդակով դժգոհություն է հայտնում առկա իրողությունների կապակցությամբ, միևնույն է, այսպես կոչված գործընկեր պետությունները նախընտրում են թքած ունենալ դրա վրա: Հետևաբար` հարց է առաջանում` ինչի կամ ում վրա է հույսը դնում Հայաստանը, որին պարզ հասկացնում են, որ նրա կարիքը չունեն, և որ այն յուրօրինակ պատառ է`կանգնած իրենց կոկորդին:

 

ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկիր, բացառությամբ որոշ վերապահումներով Ռուսաստանի, ըստ էության, Հայաստանի համար կազմակերպության շրջանակում որևէ իրական պատասխանատվություն չի կրում: ՀԱՊԿ-ն վերածվել է մի կազմակերպության, որին միավորում է բացառապես առանձին-առանձին յուրաքանչյուրի ակնկալիքը Ռուսաստանից և նրանցից յուրաքանչյուրից Ռուսաստանի ունեցած առանձին ակնկալիքը: Այստեղ չեն գործում ընդհանուր սկզբունքներ, արժեքներ, այն խարսխված չէ քաղաքական ընդհանուր պլատֆորմի, տեսլականի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Եվ եթե Հայաստանը իսկապես այսպիսի ՀԱՊԿ-ի հետ լրջորեն հեռանկարներ է կառուցում, ապա պետք է արձանագրել, որ Երևանում պարզապես զբաղված են պարզ ինքնախաբեությամբ, կամ այս հանգստությունը պայմանավորված է ստեղծված փակուղային, անլուրջ ու նախաճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները չգտնելու հետ: Եթե Հայաստանի ստրատեգիական ակնկալիքները միայն Ռուսաստանից են` անկախ նրանից խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ին, թե` ոչ, ապա որքանո՞վ է ընդհանրապես լուրջ այդ կազմակերպության շրջանակում կաշկանդվել միայն սեփական մասնավոր շահերը գերադասող երկրների հանդեպ ինչ-որ պարտավորություններով:

 

Սեպտեմբերի 3-ին նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը, առանձին վերցրած, դժվար թե լինի նրանց բանակցությունների օրակարգում, քանի որ Ռուասաստանն այստեղ խնդիրներ, կարծես, չի տեսնում: Սակայն բոլոր այն հարցերը, որոնք կազմելու են այդ օրակարգի առանցքը, ուղղակի, թե անուղղակի շոշափելու են Հայաստանի անվտանգության հարցը: Եվ եթե Հայաստանը նման առիթները չի կարողանալու օգտագործել ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարաբերությունների կարգավորման, իր կշիռը և, առհասարակ, ՀԱՊԿ-ի կենսունակությունը բարձրացնելու և հստակ ու միանշանակ պահանջներով հանդես գալու ուղղությամբ, ուրեմն կարելի է կոնկրետ Հայաստանի համար ՀԱՊԿ-ն կորսված համարել, սեփական անվտանգության ապահովման նոր դոկտրին մշակել: Ողջ հարցն այն է, թե որքանով է դա հնարավոր վարվող նման հարմարվողական քաղաքականության պարագայում:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ