|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Քարոզարշավի 11-րդ օրը ոմանց նյարդերը տեղի տվեցին: Մինչդեռ որքան լավ էինք սկսել: Կես ժամ էր մնացել, որ քարոզարշավի 11-րդ օրը ավարտվի ու մեկ էլ՝ կրակոց: Կրակոց` ոչ ավել ոչ պակաս, նախագահի թեկնածուի վրա: Պետականությունը վտանգվեց:
Նման դեպքերում քրեագետներն են գալիս առաջին պլան ու տալիս առաջին հարցը՝ ո՞ւմ էր դա ձեռնտու: Բայց, քանի որ Հայաստանի նման երկրներում քրեագետները բացառապես իշխանությունների քրեագետներն են, իրենց իսկ բարձրացրած հարցին տալիս են տրամաբանական պատասխան՝ ամենաշատը դա պետք չէր իշխանություններին: Ում ասես՝ պետք էր Հայրիկյանի վրա կրակել, բացառությամբ իշխանությունների: Ահա մեր վտանգված պետության քրեագիտական եզրակացությունը:
Ինչպես միշտ, այս անգամ էլ բոլորի շուրթերին նույն պահանջն է՝ գտնել և պատժել մեղավորներին: Չենք ասում, բայց հասկանում ենք նաև, որ երբեք չենք կարողանալու բռնել և պատժել որևէ մեկին, եթե սա ՑՌՈւ-ի կամ ԿԳԲ-ի գործն է: Բորդյուժան էլ է նույնն ասել՝ բռնեք ու պատժեք, բայց նախ որոշեք՝ մահափո՞րձ է դա, թե՞ մահափորձ չէ: Ասում է, նաև՝ ես ծանոթ եմ հայ ոստիկանների արհեստավարժությանը, բայց հարկ է, որ նրանք լավ ուսումնասիրեն տեղի ունեցածը և նոր միայն հեռուն գնացող եզրակացություններ անեն: Բորդյուժան մի քիչ վախեցած է երևում: Հավանաբար ականջովն է ընկել, որ Հայաստանում մարդիկ կան, ովքեր տեղի ունեցածի մեջ ռուսական հետք են փնտրում: Դրա համար էլ ասում է՝ սա ճիշտ չէ մահափորձ որակելը, լավ ուսումնասիրեք, տղե'րք ջան: Էն էլ ոնց ենք ուսումնասիրելու, հարգելի' Բորդյուժա:
Հայրիկյանին արդեն կես միլիոն մարդ է այցելել: Ուղիղ կես միլիոն վերսիա ունենք: Հովիկ Աբրահամյանի վերսիայից սկսած՝ բուն Պարույր Հայրիկյանի վերսիայով վերջացրած: Ընդամենը մի հարց է մնացել պարզելու՝ ինչո՞ւ հենց Պարույր Հայրիկյանին և ոչ մեկ ուրիշի: Թեկնածուներից, իհարկե: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը մի հատ խաչ է հանել (Րաֆֆու համար, իհարկե) ու փորձել է պատասխանել՝ երևի տեղաշարժելու համար ամենահարմարը Հայրիկյանն էր: Ոչինչ չհասկացանք, բայց սա էլ պատասխան է, եթե ուրիշ պատասխան առայժմ չկա: Բագրատյանը տեղի ունեցածից ամենաշատն է հուզվել: Նրա շտաբը նույնիսկ հայտարարություն է տարածել, որում դժգոհություն է հայտնվում մոտավորապես առ այն, որ Հայրիկյանի հիվանդասենյակը դարձել է սրբի դուռ, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ այնտեղ պահակ են աշխատում՝ մեկը գնում է՝ մյուսն է գալիս, մեկը գնում է՝ մյուսն է գալիս:
Հասկացանք, ձեզ ձեռնտու չէր այս ամենը, բայց մի քիչ էլ Հայրիկյանին թողեք՝ քիլլերին գտեք: Կյանքը Հայաստանում ասես կանգ առավ՝ քարոզարշավը ընդհատվեց: Րաֆֆին, իր հերթին, Հովիկ Աբրահամյանի շտաբն` իր, հավանաբար` մյուսներն էլ իրենց հերթին դադարեցրեցին կամ դեռ կդադարեցնեն քարոզարշավը` մինչև Հայրիկյանը շարք վերադառնա: Ազնիվ խաղի կանոններն են պահանջում: Բա ի՞նչ գիտեիք: Անդրիաս Ղուկասյանը, քանի որ նրա քարոզարշավը հացադուլն էր, պարտավոր է հիմա դադարեցնել իր ինքնատիպ քարոզարշավը: Այլապես ազնիվ չէ, երբ ընդհանրապես քարոզարշավ չկա՝ դու հացադուլ անես:
Բոլորի հայացքները Վլադիմիր Գասպարյանին և Գորիկ Հակոբյանին են ուղղված՝ գտեք: Հայաստանի նախագահական ընտրություններում՝ ինչպես գյուղապետի ընտրություններում: Սկսել են կրակել, վախեցնել թեկնածուներին, սպառնալ: Գտեք: Գտեք, որ աշխարհը չծիծաղի մեզ վրա: Լարված ու անզիջում պայքար էր, չէ՞: Տեսա՞ք` ինչ արեցին հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկի հետ: Ազատ մրցակցություն, մեր պատմության մեջ լավագույն ընտրություններ, արժանի հակառակորդներ, լրիվ լիբերալ և լիբերալ-պահպանողական շկոլաների բախում…
Քարոզարշավի 12-րդ օրն էր: Հայրիկյանին շուտափույթ ապաքինման մաղթանքներից համացանցը պայթում է: Մենք էլ ենք միանում: Առողջություն` Պարույրին և հաղթանակ` հայ ժողովրդի պետականությանը: Երբ խորն ենք մտածում, հասկանում ենք, որ մեր պետականության «պոյեզը շուռ գալուց է պրծել»: Տեսնես ո՞ւմ էր պետք՝ կամոդը դնել գծերի վրա:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ