Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի yerkir.am-ի խմբագրություն, կուզեի մտահոգությունս, որ ծնվեց ֆիլմը դիտելուց հետո, կիսել ու նաև փոխանցել Ձեզ: Ինձ թվում է, որ հենց հոգևորի պակասն է, որ մեզ տանում է կործանման, ու ամեն դուրսպրծուկ ուզում է թագավոոր կարգվել...
Վերջերս, իսկ ավելի ստույգ՝ 2013թ. հունվարի 25-ի երեկոյան, ռուսական «Կուլտուրա» հեռուստածրագրով վավերագրական մի ֆիլմ ցուցադրվեց` նվիրված Նոր Նախիջևանի հայությանը: Ֆիլմը հատկապես Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ եկեղեցում պահվող առասպելական հարստության մասին էր, որն, իբր, հայությունը իր հետ բերել էր 18-րդ դարի վերջին՝ Ղրիմից: Հայտնի է, որ կայսրուհի Եկատերինա 2-րդի հատուկ հրովարտակով և զորավար Սուվորովի անմիջական նախաձեռնությամբ, 18-րդ դարի վերջերին հազարավոր հայ ընտանիքներ Ղրիմի թաթարական խանությունից տեղափոխվեցին Դոն: Նպատակը հեռահար էր: Մեջ բերեմ ֆիլմի ռուս հեղինակի խոսքերը. «Թուլացնել Ղրիմի թաթարական խանությունը՝ զրկելով նրան բանիմաց, աշխատասեր, նախաձեռնող ուժից: Դրա (հայության) դիմաց կայսրության գանձարկղից հսկայական ոսկի վճարվեց խանին: Ժամանակ անց, երբ Ղրիմը հայաթափվել էր ու տեղափոխվել Դոն, խանը զգում է, որ վճարված ոսկին չի լրացնում այն բացը, որ հայության պակասն էր թողել...»:
Հետաքրքիր էր ֆիլմում հնչող մեկ այլ մեկնաբանություն. «Հայերի աշխատասիրությունը, նվիրումը, բնատուր տաղանդը՝ գրեթե ոչնչից ստեղծել ամեն ինչ, առասպել չէ, այլ իրականություն»: Այնուհետև ֆիլմում պատմվում է փնտրվող առասպելական գանձի մասին՝ ոսկու հսկայական պաշարներ, որ իբր, ինչպես վերևում արդեն նշվեց, հայերը բերել էին իրենց հետ: Առասպելական ոսկու փնտրտուքի մասին հիշատակվում է նաև արխիվային գրություններում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դրանով հետաքրքրվել են նաև գերմանական բանակի հատուկ ծառայությունները: Մեր օրերում էլ որոնումները շարունակվում են, իսկ այն չկա ու չկա...
Ֆիլմի հեղինակը տրամաբանական անցում է կատարում՝ իսկ գուցե այն Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցո՞ւմ է պահված: Նկարահանող խումբը հասնում է Ղրիմ: Այստեղ էլ երկարատև, մանրակրկիտ ուսումնասիրությունները ցանկալի արդյունքի չեն հասցնոմ: Ղրիմի Սբ Խաչի տարածքը ուսումնասիրելուց հետո ֆիլմի հեղինակը հետաքրքիր անցում է կատարում. «Հայերն այստեղ են հասել մայրաքաղաք Անիի կործանումից հետո՝ իրենց հետ բերելով ոչ միայն կենցաղային, այլև հոգևոր մշակութային անգնահատելի գանձեր՝ եկեղեցական սպասք, ձեռագրեր և խաչքարեր, որոնք պահպանվել են եկեղեցու տարածքում մինչև բոլշևիկների գալը: Հնարավոր չէ, որ այդ խաչքարերի մի մասը Նոր Նախիջևան հասած չլինեն»:
Նկարահանող խումբը մեկնում է Դոնի Ռոստով՝ Նոր Նախիջևան՝ Սբ Խաչ եկեղեցի: Այստեղ, իրոք, պահվում է 5-րդ դարի եզակի մի խաչքար, որ հայերը հեռավոր անցյալում Անիից տեղափոխել են Ղրիմ, իսկ հետո՝ Դոն՝ Նոր Նախիջևան:
Թվում էր ֆիլմը, այնուամենայնիվ, մշուշոտ վերջաբան է ունենալու: Շունչս պահած հետևում ու սպասում էի ավարտին: Ֆիլմի հեղինակը, ի պատիվ իրեն, գեղեցիկ վերջաբան էր գտել՝ կադրում 5-րդ դարի խաչքարն էր ու հեղինակի խոսքը. «Նայե՛ք այս հրաշքին, ո՞ր երկիրը կամ ժողովուրդը չէր փափագի ունենալ այն... Դրե՛ք այն կշեռքի մի թաթին, իսկ մյուսը բեռնեք ոսկով. միևնույն է՝ հոգևոր այս գանձն ավելին է...»:
Ֆիլմի ավարտից հետո և՛ հպարտություն, և՛ տխրություն ապրեցի ու... նաև կասկած՝ հային, դարերով խաբված հային հատուկ կասկած. ինչո՞ւ հենց այս օրերին է ցուցադրվում նման ֆիլմ՝ նորոգվող ռուսական կայսրության գիրկը շտապող մեր հայրենակիցների թիվը կրկնապատկելո՞ւ, բազմապատկելո՞ւ համար... Չէ՞ որ հենց այնպես մեզ չեն հիշում, հենց այնպես մեր գլուխը չեն շոյում, և որ կարևորն է ՝ հենց այնպես մեզ չեն խաբում...
Հ.Գ. Ներողամտություն եմ հայցում ֆիլմի հեղինակից (հրաշալի ֆիլմ էր) նման տխուր եզրահանգման համար, բայց ի՞նչ արած. Ջուղայի գերեզմանատան խաչքարերի կոտորածից հետո խռովել եմ աշխարհից...
Աստված բարին կատարի...
Սպարտակ Ղարաբաղցյան