Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամանորյա նախատոնական եռուզեռի մեջ ձեռքս էր ընկել մի նյութ` «2013 թվականի քաղաքական աստղագուշակ» անունով: Այս մասին հաճախ հիշում եմ, երբ ՀՀ նախագահի 8 թեկնածուներից որեւիցե մեկն իր մասին հիշեցնում է հանրությանը:
Մասնավորապես` այդ աստղագուշակում գրված է. «2013 թվականի սկզբից արդեն շատ հնարավոր է որոշ երկրներում քաղաքական առաջնորդների փոփոխություններ տեղի ունենան: Միջազգային ասպարեզում կհայտնվեն հզոր առաջնորդներ, ովքեր պատաստ կլինեն համաշխարհային քաղաքականությունը տանել այս կամ այն ուղղությամբ»:
Այս հատվածը համադրենք մեր իրականության հետ. Սերժ Սարգսյանին դա, իհարկե, չի վերաբերում, քանի որ, ըստ աստղագուշակի, հենց նրան պետք է փոխարինեն, բացի այդ էլ` նրա քաղաքական վարքագծում, կարծես, համաշխարհային քաղաքականությունն այս կամ այն ուղղությամբ տանելու միտումներ չկան, եթե այդպիսին չհամարենք «ֆուտբոլային դիվանագիտությունը»:
Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Հարությունյանի եւ Պարույր Հայրիկյանի մասին չի կարելի խոսել «նոր, հզոր առաջնորդներ» մակդիրներով, որովհետեւ առնվազն նոր չեն: Արման Մելիքյանն էլ արդեն իրեն փորձել է նախագահական նախորդ ընտրություններում ու նոր, հզոր առաջնորդի տպավորություն չի թողնում:
Ասել է, թե մեր «փոքր ածուից» համաշխարհային քաղաքականությունն ուղղորդող նոր ու հզոր լիդերների դերին կարող են հավակնել էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու Մաշտոցի պուրակն ապամոնտաժող` բրիգադիր Անդրիաս Ղուկասյանը: Այ քեզ մազալու պատմություն:
Բայց ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում աստղագուշակի մեկ այլ պարբերությամբ. «2013 թվականի երկրորդ կեսից մեծ հեղինակություն ձեռք կբերեն այն լիդերները, ովքեր ավելի ուժեղ հոգեւոր ներաշխարհ ունեն, ովքեր կարող են ոչ միայն պաշտպանել իրենց հետաքրքրությունները, այլեւ սովորեցնել, հանգստացնել, խելքի բերել ժողովրդական մասսաներին: Դրանք կլինեն իրենց ազգի ճակատագրով իրոք մտահոգ, գործունյա մարդիկ: Հենց նրանք առաջ կանցնեն տարվա առավել հանգիստ` երկրորդ կեսին, և հետագայում կազդեն ամբողջ համաշխարհային քաղաքականության վրա»:
Բա~… Տպավորություն է ստեղծվում, թե ինձանից շատ առաջ այս աստղագուշակը կարդացել են հենց Անդրիաս Ղուկասյանն ու Վարդան Սեդրակյանը` իրենց հոգեւոր ուժեղ ներաշխարհն արտահայտելով հացադուլով ու էպոսով: Սակայն մի քիչ դժվար է պատկերացնել, որ Ղուկասյանը հացադուլով կարող է համաշխարհային կարծիքի կամ քաղաքական ուղղության առաջնորդ դառնալ, եթե, իհարկե, երկնքում աստղերը այլ բան չեն «պլանավորել» նրա համար:
Ինչ վերաբերում է էպոսագետ Սեդրակյանին, ապա անհարմարություն է ստեղծվում պատկերացնելիս, թե ինչպես կարող է նա հայկական էպոսով «լուսավորել» համաշխարհային քաղաքական երկնակամարը: Դրա համար էլ կարծում ենք, որ մեր աստղագուշակի նախանշած նոր ու հզոր լիդերն, այնուամենայնիվ, նա էլ չէ:
Չէ’, կարծես այս տարի համաշխարհային քաղաքականությունն ուղղորդող լիդեր Հայաստանից չենք գործուղի միջազգային ասպարեզ: Ափսոս` հարմար համադրություն էին աստղերը ստեղծել 2013 քաղաքական տարվա համար…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ