Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, թե Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների որակի և արդյունքների հետ կապված հարցականներ չկան: Եվ որպես հիմնավորում, մատնացույց է արել այն իրողությունը, որ հասարակության մեջ հետընտրական քննարկումներ և տրամադրություններ չկան:
Ընտրությունների արդյունքներն իսկապես հարցականի տակ չի դրել ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ մասնակից քաղաքական ուժերը, թերևս, բացի ՀԱԿ-ից, որը ցանկանում է դրանք վիճարկել Սահմանադրական դատարանում: Այսինքն ձևի իմաստով ընտրությունները եղել է օրենքին համապատասխան լեգիտիմ: Խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ սա, թերևս, 1999թ. կայացած ընտրություններից հետո երկրորդ դեպքն էր, երբ քվեարկության արդյունքների շուրջ հասարակական-քաղաքական ընդհանուր ըմբռնում կա: Խորհրդարանական ընտրությունները, որպես կանոն, մեծ հետընտրական քաղաքական ռեզոնանսներ չեն հարուցում: Նախ՝ այդ ընտրությունները չեն ընկալվում այնքան ճակատագրական, որքան նախագահականը, երկրորդ՝ գոնե հասարակական վստահության ռեսուրս ունեցող ուժերը ԱԺ անցնելու, այսինքն հաղթանակից մաս ունենալու հնարավորություն են ստանում, ինչը ջարդում է մարդկանց փողոց հանելու, հետընտրական տրամադրություններ հասունացնելու նրանց մոտիվացիան: Այսինքն խորհրդարանական ընտրություններում չի գործում «մեկի հաղթելու, մյուսների լիարժեք պարտվելու և խաղից դուրս մնալու» սկզբունքը:
Սակայն ապրիլի 2-ին կայացած ընտրությունների պարագայում հարցականներ չկան, ոչ թե որովհետև հասարակությունը վստահ է ընտրությունների մաքրամաքուր անցած լինելու մեջ, այլ որովհետև բոլորն են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել և ինչ գործոնների ազդեցությամբ է արձանագրվել արդյունքը: Ընտրությունների վրա ազդել է երեք գործոն: Առաջինը ռեյտինգային ընտրակարգն էր, որը ձևով համամասնական ընտրությունները բովանդակային առումով վերածեց մեծամասնականի: Ընտրողների մի ստվար մասն ընտրեց ոչ թե քաղաքական ուժի, այլ կոնկրետ այն անձին, ում այս կամ այն դրդապատճառից ելնելով ուզում էր տեսնել խորհրդարանում և, որն անձամբ իրեն մյուսներից ավելի համոզիչ էր շահադրդել քվեարկել իր օգտին:
Երկրորդն ինքնին շահադրդման մեթոդների կիրառման աննախադեպ ծավալներն էին՝ սկսած միջանձնային հարաբերությունների շահագործումից, հոգեբանական ու բարոյական ճնշումներից, տարատեսակ խոստումներից, երբեմն ահաբեկումներից մինչև ընտրակաշառքի բաժանումն ու վարչական ռեսուրսների շահագործումը: Այսինքն գործադրվել էին այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց հիմքում շահադրդողի և ընտրողի միջև ընտրատեղամասից դուրս համաձյանության ձեռքբերումն էր: Եվ հենց այդ պատճառով մի կողմից ազդեցության ապօրինի միջոցների գործադրման փաստն էր գործնականում անապացուցելի, իսկ մյուս կողմից՝ փաստացի հնարավոր չէր հասկանալ՝ որքան է եղել կոնկրետ այդ մեթոդների գործադրման ազդեցության չափը և արդյոք այդ չափը եղել է այնքան, որ կարող է ընտրությունների ընդհանուր արդյունքները չեղարկելու հիմք ստեղծել:
Այս երկու գործոններից ածանցվել է երրորդը՝ քվեարկությանն ընտրողների մասնակցության աննախադեպ ակտիվությունը, որը դժվար է հասկանալ՝ ո՞ր չափով է քաղաքացիական պարտքի տոտալ գիտակցության հանկարծակի բռնկմա՞ն հետևանք, ո՞ր չափով՝ նշված տեխնոլոգիաների կիրառման: Ահա այս ամենում քաղաքական ուժերի և հասարակության համոզվածություն է, որ ոչ հարցականներ է առաջացնում, ոչ էլ հետընտրական տրամադրություններ հարուցում: Ի՞նչ հետընտրական զարգացումների մասին կարող է խոսք լինել, եթե դրանց պոտենցիալ մասնակիցների մի մասը կամավոր է մասնակցել ընտրությունների այսպիսի արդյունքների ապահովմանը:
Հետևաբար հատկապես որակը ընտրությունների արդար ու մաքուր լինելու հանգամանքով պայմանավորեն ու կասկածի տակ չդնելն այնքան էլ անկեղծ մոտեցում չէ: Իշխանությունը կարող է ինքն իրեն և հասարակությանը հավատացնել, որ փայլուն ընտրություններ են եղել ու բոլորը գոհ ու երջանիկ են: Դրանից, սակայն իրականությունը չի փոխվում ճիշտ այնպես, ինչպես բերանը չի քաղցրանում անդադար շաքար ասելուց:
Հասարակությունը իրականության մասին լռում է որպես տոտալ գործարքի մաս: Բայց նրա փոխարեն արդեն խոսել են ընտրություններին հետևած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ դիտորդական խմբերը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ու ԵՄ-ն: «...Ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: ...Այս ընտրություններին ևս չվերացան երկարատև կասկածները՝ կապված երկրում ընտրական գործընթացների հուսալիության եւ ամբողջականության հետ»,- արձանագրել են նրանք Երևանում:
Դրանց սակայն, Արմեն Աշոտյանը չի պատասխանում: Մինչդեռ դրանք ավելին են քան զուտ հարցականները: Դիտորդների այս ոչ միայն կոշտ, այլև իրականում ամոթալի գնահատականների նկատմամբ իշխանության, ԿԸՀ-ի արձագանքն այնպիսին է, կարծես դրանք ընդհանրապես չեն հնչել, չեն արձանագրվել, իսկ դիտորդներն էլ խոսել են միայն ընտրությունների դրական կողմերի մասին:
Մինչդեռ անտեսել ընտրական համակարգի և մշակույթի այսպիսի խորքային և լուծումների տեսակետից բարդագույն խնդիրները, նշանակում է դրանք լեգիտիմացնել ապագա ընտրությունների համար և հասարակությանը վարժեցնել արդեն իսկ որպես բարեգործություն մատուցվող ընտրակաշառքին, վարչական լծակների շահագործումը դարձնել օրինաչափություն, ընտրությունների բնական և անքակտելի բաղադրիչ և այդպիսով բարոյազրկել թե՛ ինքնին քաղաքացուն, թե՛ ընտրական համակարգն ընդհանրապես:
Գևորգ Դարբինյան