կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-22 13:24
Տնտեսական

Էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու շրջանակները լայնացել են

Էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու շրջանակները լայնացել են

 

Լիցենզավորված անձանց հաշվետվությունները` էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման նպատակով ՀՀ էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում բացվել է նոր` «Լիցենզավորված անձանց հաշվետվություններ» բաժինը: Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այդ նորույթը:

 

Ըստ նրա`  լիցենզավորվող գործունեության շուրջ 87 տեսակ գոյություն ունի երկրում, եւ լիցենզավորված անձինք պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ լիցենզավորող մարմիններին: Այսուհետեւ մի շարք նախարարությունների կողմից լիցենզավորվող մարմիններն իրենց հաշվետվությունները կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով` առանց տվյալ պետական մարմին այցելելու: Խոսքը հարկային հաշվետվությունների մասին չէ:

 

Հաշվետվություններն այս պահին արդեն հնարավոր է ներկայացնել 9 պետական մարմինների` առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, քաղաքաքաշինության եւ ֆինանսների նախարարություններ:  Էլեկտրոնային եղանակով հնարավորություն է ընձեռվում հաշվետվություններ ներկայացնել  լիցենզավորվող գործունեության 15 տարատեսակով զբաղվողների:

 

Դրանք են` կրթական ծրագրերի իրականացումը, վտանգավոր թափոնների վերամշակումը, պահպանումը, փոխադրումն ու տեղադրումը, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրությունը եւ վաճառքը, առեւտրի իրականացման վայրի կազմակերպումը, թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությունը, շինարարական որակի տեխնիկական հսկողությունը, շենք-շինությունների տեխնիկական վիճակի հետազոտությունը, ՀՀ տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կազմակերպումը, վիճակախաղերի կազմակերպումը, հաղատների եւ շահումով խաղերի կազմակերպումը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, աուդիտորական ծառայությունների իրականացումը, երթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը եւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեությունը: