կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-19 12:56
Առանց Կատեգորիա

Մարտի են գնում ծաղկափթիթ ՀՀԿ-ականները

Մարտի են գնում ծաղկափթիթ ՀՀԿ-ականները

Ոչ մի թերթ և կայք դեռևս ոչ մի անգամ հասարակությանը չի ծանուցել, թե Էդիկ Անդրեասյանն, օրինակ, ինչ է գրել իր «Ֆեյսբուքի» պատին: Մինչդեռ Էդիկ Անդրեասյանն էլ Արմեն Աշոտյանի կամ Կարեն Ավագյանի նման ՀՀ քաղաքացի է: Այդուհանդերձ, Էդիկ Անդրեասյանը դա բնական է համարում: Ինքը հո ԿԳ նախարար չի՞ կամ ԱԺ պայթյունավտանգ պատգամավոր: Այսինքն` հասարակական հետաքրքրասիրությունների կիզակետում Աշոտյանն է և ոչ թե ոմն Էդիկ Անդրեասյան: Մտապահելով ասվածը՝ գնանք առաջ:

 

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Այս շատ հասկանալի և հասարակ նախընտրական պրիոմը, չգիտես ինչու, մեծ աժիոտաժ է առաջացրել հանրապետականների, այդ թվում` նաև Աշոտյանի շարքերում: Ամենայն հավանականությամբ, շեֆից հրահանգ են ստացել ամեն կերպ խոչընդոտել բանավեճի կայացմանը:

 

Առաջինն այս կապակցությամբ խոսեց խոսնակը՝ Շարմազանովը, ով մոտավորապես ասաց հետևյալը՝ Սերժ Սարգսյանի թիմը, ճիշտ է, խիստ ծանրաբեռնված է լինելու քարոզարշավով, բայց կնայեն, կտեսնեն, թե ինչպես բավարարեն Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը: Ըստ էության` քաղաքավարի, ինչ-որ տեղ նույնիսկ կոռեկտ պատասխան էր սա, մեկն այն պատասխաններից, որ տալիս են աշխատանքի ընդունվելու դիմում ներկայացրած քաղաքացուն՝ դու գնա, մենք քեզ կզանգենք: Հա, Շարմազանովը նաև ձեռքի հետ զարմացել էր, թե այդ ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն տեղ բարձրաձայնում՝ իբր Սերժ Սարգսյանն իր 15 կետանոց պահանջագրին չի արձագանքել: Լավ էլ արձագանքել է, զանազան հանրապետական կառույցների ու գործիչների շուրթերով:

 

Շարմազանովին շարունակել է Աշոտյանը, բայց ոչ թե պաշտոնապես, այլ ֆեյսբուքյան իր բարձունքից և մատնանշել, որ ինքն անձամբ առնվազն երեք անգամ անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կրթական ոլորտին առնչվող առաջարկությունների հակաօրինականությանը: Այնպես որ` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իր 15 կետերի նոր բարձրաձայնումներն այդ կետերի ռեմիքսներն են և ուրիշ ոչինչ:

 

Մենք կդժվարանանք ասել, թե որքանով տուժեցին Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները Աշոտյանի այս հայտարարությունից, բայց փոխարենը մեզ համար պարզ դարձավ, որ ՀՀԿ-ական կառավարությունն ու ողջ իշխանությունը ռեմիքսներով են ղեկավարում երկիրը, քանզի նրանց ընդունած որոշումներին գրեթե միշտ դժգոհությամբ է արձագանքում հասարակությունը, բայց նրանք իրենց էշն են առաջ քշում ու հակաօրինական այդ որոշումներով շարունակում կեղեքել ժողովրդին:

 

Շարունակենք առաջ գնալ: Աշոտյանը Շարմազանովի նման բարեկիրթ չէ և Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ թե ասում է՝ գնա, կկանչենք, այլ շատ «չորով» մերժում է նրա՝ բանավեճի առաջարկը. «Իհարկե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի թեկնածու է, սակայն մինչև Սերժ Սարգսյանի հետ բանավեճի հասնելը, կարծում եմ, պետք է անցնի ՀՀԿ-ականների հետ հրապարակային բանավեճի թոհուբոհով, ինչը բխում է իր իսկ շահերից»: Ինչպիսի՛ մեծամտություն: Աշոտյանի «ֆեյսբուքյան» տարածքը վերածվել է Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական շտաբի: Նույնիսկ՝ ծիծաղելի է: Պարո'ն Աշոտյան, նախագահի թեկնածուն բանավեճի է հրավիրել նախագահի մյուս թեկնածուին: Ի՞նչ կապ ունի այստեղ մյուս, թեկուզ «հաղթած-պրծած» թեկնածուի թիմը: Իսկ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը բավարարված չէ՞ «ճ» կլասի հանրապետականների բացատրություններով և իր 15 կետերի պատասխաններն ուզում է լսել անձամբ Սերժ Սարգսյանի՞ց: Եվ, բացի այդ, գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ ուզում անիմաստ բանավեճ սկսել ՀՀԿ-ի մանկապատանեկան դպրոցի սաների կամ երեկվա շրջանավարտների հետ:

 

Կալիբրի խնդիրը, որ դնում է Աշոտյանը, մեր կարծիքով, պետք է ինչ-որ տեղ նաև երկկողմանի լինի: Օրինակ` ո՞ւմ հետ նախ բանավիճի Րաֆֆի Հովհաննիսյանն այն հարցի շուրջ, թե ինչու է ԱԺ-ն, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, վերածվել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի: Այս հարցին պատասխանելու համար ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանից ավելի կոմպետենտ մարդ կա՞: Կարո՞ղ է Աշոտյանը, որ ՀՀ դպրոցների կեսից ավելիի տեղերը չգիտի, բանավիճել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թե ինչո՞ւ են վարչական շրջանների և Երևանի տարածքային ղեկավարները իրենց շենքերով, բանով, դե ֆակտո վերածվել Սերժ Սարգսյանի տարածքային շտաբի պետերի ու շտաբների, որոնց էլ, իրենց ամեն ինչով, ենթարկվում են դպրոցները:

 

Մեզ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը՝ բանավիճել Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս թողնելով տեղի, ժամանակի, թեմայի, ձևաչափի ընտրությունը, շատ բնական մի բան է, որ կարող է հետագայում նույնիսկ լավ ավանդույթի ձևավորման հիմք հանդիսանալ: Թե ինչո՞ւ են հանրապետականներն իրենց փեշերն այսպես փռում Սերժ Սարգսյանի վրա, այնքան էլ հասկանալի չէ: Ինչի՞ց են նրան պաշտպանում, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը, քանիցս արդեն, մեր երկրի զարգացման աննախադեպ թույլ տեմպերի, իրավապահ մարմիններում և հասարակական կյանքում տեղ գտած բազմաթիվ խայտառակությունների ու անօրինականությունների մեջ հենց ՀՀԿ-ին է մեղադրել և ոչ թե «Ժառանգությանն» ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Էլ ի՞նչ նոր ու ավելի վատ բան կարող է տեղի ունենալ Սերժ Սարգսյանի հետ, որ այդպես ինքնաբուխ մարտի է նետվում Աշոտյանը. «Ես պատրաստ եմ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի սպարրինգ-գործընկերը»: Ուզում ես ասել՝ տո լավ, է... Կամաց քշի, առջևում տեսախցիկ կա:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ