կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 19:16
Արցախ

Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ կրքերը թեժանում են

Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ կրքերը թեժանում են

Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին ակտիվացան խոսակցությունները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ, երբ ՄԱԿ-ում տարածվեց եւ շրջանառության մեջ դրվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը: Այդ նամակով ԼՂՀ ԱԳՆ-ն դիմել էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին, Միավորված ազգերի կազմակերպությանը և նրա մասնագիտացված գործակալություններին, ինչպես նաև բոլոր խաղաղասեր անդամ պետություններին` Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչով, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կարողանա իրացնել իր հիմնարար իրավունքները և ազատությունները:

 

Այս հարցի շուրջ հնչող տեսակետները դարձյալ ակտիվացան, երբ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ օդանավակայանի շահագործման վերջնական որոշման դեպքում ՀՀ ՀՕՊ եւ ռազմաօդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը:

 

Ստեփանակաերտի օդանավակայանի վերաբերյալ, ըստ ադրբեջանական Trend գործակալության, հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հայտարարել է, թե գոյություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կանխարգելող օրինական մեթոդներ, եւ որ Ադրբեջանը կարող է միջազգային իրավունքի շրջանակում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Բրայզայի կարծիքով՝ օդանավակայանի շահագործումը կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության գագաթնակետին: Մյուս կողմից, ըստ նրա, ինչպես այս, այնպես էլ մյուս խնդիրները հնարավոր է լուծել Մինսկի խմբի շրջանակում:

 

Մեյթյու Բրայզան միշտ է աչքի ընկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ, այս դեպքում, բարեբախտաբար, նա այլեւս Մինսկի խմբի համանախագահության կազմում չէ եւ նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը չի իրականացնում: Ուստի նրա խոսքերն էլ կարելի է դիտարկել ոչ թե որպես ամերիկյան դիվանագետի, այլ «թուրք-ադրբեջանական փեսացուի» խոսքեր:

 

Այս երեք դեպքերի միջակայքում արժե նշել մեկ այլ հանգամանք եւս. ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի կառավարությունը հաստատել է երկրի օդային տարածքի օգտագործման մասին կանոնները, ըստ որոնց` սահմանվել է օդային տարածքի սահմանամերձ՝ 25 կմ-անոց շառավիղ, որը օգտագործման հատուկ ռեժիմ կունենա: Այդ` արգելված կամ սահմանափակ թռիչքների գոտիներում թռիչքների կանոնները կհամարվեն խախտած, եթե դրանք իրականացվեն առանց հարցման եւ ռազմաօդային ուժերին տեղեկացման: Այդպիսի թռիչքներն իրականացնող անձնակազմն էլ հարկադիր վայրէջքի հրահանգին չենթարկվելու դեպքում կոչնչացվի, եթե անօրինական թռիչքին մասնակցող անմեղ մարդկանց մասին համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվում:

 

Մի խոսքով` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կանխելու նպատակով ադրբեջանական կողմը բազմիցս է հանդես եկել քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացման սպառնալիքով, որն ամեն անգամ դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն Ադրբեջանը հերթական անգամ գործի է դնում ռազմական միջամտություն իրագործելու ահաբեկման եղանակը:

 

Մեկ բան ակնհայտ է` Արցախի բնակչությունն իրավունք ունի աշխարհի հետ կապ ապահովելու: Ադրբեջանը անտեղի կարող է մկաններ ցուցադրել, ինչին անմիջապես կպատասխանի Հայաստանը: Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսում: Իսկ թե ինչի՞ դա կարող է վերաճել, այս պահին դժվար է ենթադրել` անգամ հաշվի առնելով մեր տարածաշրջանի հարեւանությամբ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ