կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 17:07
Քաղաքական

Ո՞վ է ում հետ խաշ կերել․ Երասխահունում հետընտրական կրքերը թեժանում են

Ո՞վ է ում հետ խաշ կերել․ Երասխահունում հետընտրական կրքերը թեժանում են

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Երասխահուն գյուղի Մարտիկ Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցում դասադուլ է: Հետընտրական քաշքշուկը հասել է դպրոց: Yerkir.am-ին խնդրի մասին ահազանգած՝  Երասխահունի բնակիչ Տիգրան Փանոսյանն ասաց, որ գյուղի բնակիչները ցանկանում են Երասխահունի ղեկավար տեսնել իր հորեղբոր որդուն՝ Նարեկ Փանոսյանին, մինչդեռ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն արդեն նշանակումներն արել է, ըստ որում՝ մի քանի անգամ։

Մեծամորի ՔՊ-ական ղեակավարը ընտրություներից հետ Երասխահունի գյուղապետ է կարգել նախ նախկին համայնքապետ՝ ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական Արմեն Ավետիսյանի եղբոր որդուն՝ 22-ամյա Կոլյա Ավետիսյանին, ապա՝ ոմն Արաքսյա Մինասյանի, որն, ըստ մեր զրուցակցի, գյուղից անտեղյակ է, ավելին՝ այդ գյուղում չի ապրում։

Համայնքի բնակիչները պահանջում են, որ Արմեն Ավետիսյանը կապ չունենա գյուղի ղեկավարման հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ նա ստվերում շարունակում է զբաղվել համայնքային հարցերով: Ավետիսյանի դեմ գյուղացիների բողոքը, Փանոսյանի խոսքով, պայմանավորված է 25 տարվա ընթացքում իրականացրած թալանով:

«Նա գյուղապետ եղած տարիներին իր համար սարքել է 300.000 հազար դոլարանուց տուն: Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը ընտրություններից հետո համայնքի ղեկավար է նշանակել Արմեն Ավետիսյանի եղբոր որդուն: Երբ ամբողջ գյուղն ընդվզեց անփորձ գյուղապետի դեմ, նա հրաժարվեց: Այնուհետեւ գյուղապետի ժպ են նշանակել մի կնոջ, որի անուն-ազգանունը չգիտեմ․ մոտ 3 օր առաջ են նշանակել: Վահրամ Խաչատրյանն ասում է՝ կապ չունի գյուղի նախկին ղեկավարի հետ, բայց նրանց մտերմության մասին մի փաստ արձանագրենք՝ ընտրությունններից առաջ գնում-գալիս էր Արմեն Ավետիսյանի տուն՝ տան նկուղում խաշ ուտելու»,- նշեց Փանոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ 2016 թ.-ին Երասխահունի դպրոցի վերանորոգման համար 100 միլիոն դրամ ներդրում անելու ծրագիր է եղել, որի 8 տոկոսը պետք է փոխանցեր գյուղապետարանը: Սակայն նախկին գյուղապետ Արմեն Ավետիսյանը հայտարարել է, թե գյուղապետարանը բյուջե չունի եւ այդ հայտարարությունից օրեր անց համայնքային բյուջեով գնել է «Լեքսուս GX» դասի ծառայողական մեքենա: «Հիմա հարց՝ եթե համայնքապետարանը չուներ բյուջե, ինչպե՞ս է այդ մեքենան գնել: Մենք պահանջում ենք, որպեսզի մշակույթի տան տարածքը հետ վերադարձնեն համայնքին, այն ապօրինաբար զավթել է նախկին համայնքապետը: Աճուրդով գնել են, թե՝ ոնց՝ որեւէ մեկը տեղյակ չէ»,- հավելեց նա։

Փանոսյանն ասաց, որ 500 ստորագրություն է հավաքվել․ երասխահունցիները ցանկանում են Նարեկ Փանոսյանին տեսնել գյուղապետ։

«Մենք ուզում ենք, որ Նարեկ Փանոսյանը լինի գյուղապետ: Նա երբեք որեւէ ուժի չի պատկանել, քաղաքականությամբ չի զբաղվել: Նրա համար 500 ստորագրություն է հավաքվել, իսկ վերջին ընտրություններին գյուղից 395 հոգի էր մասնակցել: Այդ ստորագրություններով ներկայացել ենք վարչական շրջանի ղեկավարին եւ խնդրել, որ Նարեկ Փանոսյանին նշանակի ղեկավար: Նա հայտարարում է, թե ստորագրությունները խաբեությամբ ենք հավաքել։ Ըստ նրա՝ մտել ենք տները, համոզել մարդկանց: Նա դա ասում է այն դեպքում, երբ տեսել է ժողովրդին՝ հավաքված»,-մանրամասնեց զրուցակիցս:

Yerkir.am-ը խնդրի շուրջ զրուցեց նաեւ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյան հետ։ 

«Քաղաքացիները բողոքում են վարչական ղեկավար նշանակելու համար: Մենք մեր որոշումը կատարել ենք արդեն: Նարեկ Փանոսյանը հիմա զոռբայությամբ ուզում է դառնալ վարչական ղեկավար: Այն մարդիկ, որոնք բողոքում են, նախկին գյուղապետի հետ անձնական խնդիրներ ունեցող քաղաքացիներն են: Նախկին գյուղապետն էլ չի նշանակվում, Փանոսյանն էլ չի նշանակվելու: Իրենց խնդիրները չեն մտնելու գրասենյակ, այդքան բան»,- ասաց նա։  

Հերքեց, թե ինքը մտերիմ հարաբերությունների մեջ է նախկին գյուղապետի հետ։ «Նման բան չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե խաշ է կերել Արմեն Ավետիսյանի հետ նրա տան նկուղում ընտրություններից առաջ,  պատասխանեց․ «Շատ մարդու հետ շատ բան կարամ կերած լինեմ, Նարեկ Փանոսյանի հետ էլ սուրճ եմ խմել: Գործնական հանդիպումներ ա եղել, ո՛չ նախկին ղեկավարը, ո՛չ Նարեկ Փանոսյանը չեն լինելու, իրենց անձնական խնդիրները գրասենյակ չեն մտնելու: Այսքանը։ Իրենք ընդամենը ուզում են վարչական ղեկավար դառնան, էդքան բան»:

Հարցը՝ 500 ստորագրություններին լրջություն չե՞ք տալիս, Խաչատրյանը շրջանցեց, փոխարենը պատասխանելց, թե իր քաղաքական թիմը որոշում է կայացրել եւ 6 ամսով ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արաքսյա Մինասյանին։

«Նարեկ Փանոսյանը եւ նախկին գյուղապետի եղբայրը խնամի են ու թշնամացել են ինչ-ինչ պատճառներվ՝ չգիտեմ: Իմ գործն է այնպես անել, որ այդ ամենը գրասենյակ չմտնի: Իրենք իրենց անձնական խնդիրները թող հեռու կարգավորեն»,- շեշտեց Խաչատրյանը:

Լիանա Սարգսյան