կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 16:29
Առանց Կատեգորիա

Կարկատել չստացվող օրենքը

Կարկատել չստացվող օրենքը

Վերջերս «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, ըստ որի` ատամնաբուժարանները, հարկերից բացի, յուրաքանչյուր առկա աթոռի համար պետք է վճարեն 60-100 000 դրամ: Օրենքից դժգոհում են թե՛ ստոմատոլոգները եւ թե՛ քաղաքացիները, քանի որ արդյունքում կրճատումներ են լինելու ատամնաբուժերի աշխատավարձերից, ինչպես նաեւ թանկանալու են ստոմատոլոգիական ծառայությունների գները: Այսինքն` մեկ ատամ բուժելու համար ատամնաբուժական կլինիկան հարկվելու է երեք անգամ: Yerkir.am-ը զրուցել է ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանի հետ:

 

-Որքանո՞վ ընդունված օրենքը խոչընդոտ կհանդիսանա Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացման համար:

-Զարգացման առումով, բնականաբար, խոչընդոտ կհանդիսանա: Հայաստանում ստոմատոլոգիան 95 տոկոսով մասնավոր սեկտորի ձեռքում է, պետական են միայն Ազգային ինստիտուտի եւ Բժշկական համալսարանի պոլիկլինիկաները: Բժշկական, առողջապահական ոլորտն այն շահույթով չի աշխատում, ինչ շատերն են պատկերացնում, մեր ծախսերն ավելի շատ են: Ստոմատոլոգիան զարգացման փուլում է, որի ընթացքում մենք ունենում ենք մեծաքանակ ծախսեր: Ատամնաբույժի շահույթը շատ քիչ է. ժողովրդական մի լավ խոսք կա` ներսից իրենց աչքն են հանում, դրսից` ուրիշի. ստացվում է, երբ ատամնաբույժն ինչ-որ գումար է վերցնում իր ծառայությունների համար, միանգամից վերցված գումարն են տեսնում, բայց թե դրա քանի տոկոսն է բժշկին, որպես եկամուտ, մնում, ոչ ոք չի կարող ասել:

 

-Երբ օրենքն ընդունվել է` ինքնարժեքի հաշվարկ կատարվե՞լ է:

-Կարծում եմ` ոչ: Մեր խնդրանքով տնտեսագետները հաշվարկ են կատարել, եւ ստացվում է այսպես` որպեսզի այդ 80 000-ը գանձվի յուրաքանչյուր աթոռից, տվյալ աթոռը ամսական պետք է բերի 1,4-1,5 միլիոնի եկամուտ: Սակայն, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը փորձում է հարցը կանոնակարգել: Մենք պարբերաբար քննարկումներ ենք անցկացնում առողջապահության, ինչպես նաեւ ֆինանսների նախարարների հետ:

 

-Որքանո՞վ էր ճիշտ` օրենք ընդունել առանց մասնագետների հետ այն քննարկելու:

-Կարծում եմ` այս հարցին պետք է օրենք ընդունողը պատասխանի: Մեզ համար էլ ցանկալի կլիներ, որ հարցը մեզ հետ մանրակրկիտ քննարկվեր, հետո նոր միայն օրենք ընդունվեր:

 

-Ո՞րն է Ձեր պահանջը` օրենքն ընդհանրապե՞ս հանել կիրառությունից, թե՞ պահանջվող գումարի չափը նվազեցնել:

-Ես կարող եմ ասել, որ ոչ ոք չի խուսափում հարկ վճարելուց: Եթե աշխատում ես, պետք է նաեւ պետությանը օգտակար լինես: Այլ հարց է, թե ինչ ձեւով պետք է հարկել: Նախորդ տարբերակը շատ ձեռնտու էր, բայց եթե այս օրենքում կարողանանք փոփոխություններ կատարել, կրկին լավ կլինի, քանի որ արտոնագրային վճարը մեզ մի շարք խնդիրներից կազատի: Սակայն պետք է նշել, որ օրենքն ընդունելուց մի շարք հարցեր հաշվի չեն առնվել:

 

-Որո՞նք են դրանք:

-Օրինակ` այն, թե տվյալ ստոմատոլոգիական աթոռն ինչ ծառայություններ է մատուցում, ինչպես նաեւ մանկական ստոմատոլոգիայի հարցը: Հետո` հաշվի չեն առել նաեւ` այդ աթոռը ծառայում է ուսումնակա՞ն պրոցեսին, թե՞ աշխատանքին: Ըստ օրենքի` ստացվում է այնպես, որ Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական բաժինը պետք է փակվի: Այսինքն` մեզ ուղղակի պարզաբանումներ են պետք:

 

-Սակայն, չնայած այս խնդիրներին, հիմնական պահանջը գումարի չափը վերանայելը կլինի, այնպես չէ՞:

-Այո, կարծում եմ, որ փոփոխությունը գումարի հետ պետք է կապված լինի: Նորից եմ ասում` առողջապահության նախարարն անձամբ իր հսկողության տակ է վերցրել հարցը, հետեւողական է, եւ մենք արդեն իսկ ունենք հանձնարարություններ նախարարի կողմից: Այժմ քննարկումների փուլում ենք: Կարծում եմ` ամեն ինչ լավ է լինելու:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ