կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 16:08
Հասարակություն

«Ձայն հայրենեացը» կիսում է Կարեն Գևորգյանի մտահոգությունը և սատարում է նրան

«Ձայն հայրենեացը» կիսում է  Կարեն Գևորգյանի մտահոգությունը և սատարում է նրան

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականության առնչությամբ:

«Ձայն հայրենեացը» կիսում է այդ մտահոգությունը և սատարում նրան: Կարեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը: Ազգային մշակութային մի շարք ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության թե’ նախկին, թե’ ներկա պատասխանատուներին: Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը:

Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան օտարահպատակ ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ "Բերդ" պարային անսամբլի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն մերժեցին տեսանկարահանել և ցուցադրել՝ պատճառաբանելով, թե հանրային հեռուստաընկերությունը բավարար տեսախցիկներ չունի նկարահանումը կազմակերպելու համար (մեկնաբանությունները թողնում եմ ձեզ): Նրանք բավարար միջոցներ չունեցան նաև նկարահանելու և ցուցադրելու հայ պարարվեստի պատմության մեջ առաջին անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված "Նաիրյան" առաջին համահայկական պարարվեստի մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ համբավ ունեցող ինչպես Հայաստանի և Արցախի բոլոր պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ: Առաջին անգամ մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն: Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը թարգմանել հայերեն ու տարածել: Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը և սննկացնեք մեր ազգայինը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված "Ոսկե կլառնետ" խայտառակ նախագիծը, որը, ըստ իս, մասնավորապես արված էր ազգային քողի տակ տարածելու ցածրարժեք երաժշտություն: Այդ նախագիծը իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ: Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը: Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն»: