կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 15:05
Տնտեսական

Իրանի հետ բանակցությունները շարունակվում են

Իրանի հետ բանակցությունները շարունակվում են

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել էր, որ արգելում է մոտ 50 անուն ապրանքատեսակների արտահանումն իր երկրից: Սրա հետ կապված` էկոնոմիկայի նախարարությունը այժմ թե’ պաշտոնապես, թե’ ոչ պաշտոնական մակարդակով փորձում է հասնել նրան, որ այդ հայտարարությունը Հայաստանի մասով գոնե մասամբ վերանայվի. լրագրողներին այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

 

Նա նշեց, որ, միեւնույն ժամանակ, նախարարությունն աշխատում է նաեւ մասնավոր բիզնեսի հետ, որպեսզի գտնվեն այլընտրանքային լուծումներ, ներմուծման այլ աղբյուրներ: Իրանի հետ բանակցություններից ՀՀ-ն դեռեւս հույսն ամբողջությամբ չի կտրել, սակայն նախարարը պարզաբանեց, որ երբ սովորաբար երկրները ռեժիմներ են սահմանում, այն վերաբերում է բոլոր երկրներին, ու շատ դժվար է առանձին ռեժիմ ստանալ կոնկրետ մեկ երկրի համար:

 

Լրագրողների հարցին պատասխանելով` նախարարը անդրադարձավ նաեւ երկաթուղային նոր գծերի բացման հարցին ու նշեց, որ սա մեր տնտեսության համար շատ կարեւոր ծրագիր է, սակայն ներգրավված ընկերությունների համար սա նաեւ կոմերցիոն խնդիրներ է առաջացնում, եւ այստեղ խնդիր է առաջանում, թե ովքեր պետք է ներդրումներ անեն` այս ծրագրի իրականացման համար:

 

Ինչ վերաբերում է հարցին, որ գործարար մթնոլորտը բարելավվում է, իսկ ներդրումները պակասում են, սա, ըստ նախարարի, սխալ է դիտարկել տարվա կտրվածքով: Նրա խոսքով` եթե այս միտումը լինի տարիներ շարունակ, եւ միտումներն ընթանան իրար հակառակ, ապա դա նոր միայն մտահոգության տեղիք կտա:

 

Իսկ արտասահմանից Հայաստան ներդրումների ծավալների` համեմատաբար ոչ մեծ լինելու խնդիրը, ըստ Դավթյանի, հիմնականում կախված է նրանից, որ մենք ունենք փոքր ու սահմանափակ շուկա: Իսկ փոքր շուկաները մեծ ներդրումների համար գրավիչ չեն:

 

Երեք միլիոնանոց շուկայի համար, որը շատ սահմանափակ է, շատ դժվար է արտերկրի ընկերություններին այս փոքր շուկայում հրավիրելը: Իսկ շուկաների կենտրոնացվածությունը, էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, ներդրումների փոքր ծավալների համար միայն պատճառներից մեկը կարող է լինել, այլ ոչ հիմնական պատճառը: