Փոխարժեքներ
19 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Մշակույթի նախարարություն կատարած այցելության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ երկու հիմնական և շատ ուշագրավ դիտարկում արեց: Նախ` նա նշեց, թե փաստորեն, սկսվել է «բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ»: Սա առնվազն նշանակում է, որ բանակցային գործընթացն իսկապես մեռյալ կետից հանելու հնարավորություն է ստեղծվել: Ընդ որում` անցած երկու տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ողջ իմաստը, բանակցային գործընթացը փակուղի մտնելու հանգամանքով պայմանավորված, պատերազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալը և Ադրբեջանին զսպելն է եղել: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը խոսում է բանակցությունների նոր փուլի սկսման մասին, ցույց է տալիս, որ առաջնահերթությունը պատերազմի վերսկսման կանխարգելման հիմնահարցի դաշտից կրկին տեղափոխվել է կարգավորման մեխանիզմների հստակեցման, այսինքն` բուն կարգավորման տիրույթ:
Այլ հարց է` ո՞րն է նման շրջադարձի բուն պատճառը. Ադրբեջանի` իսկապես փոխզիջման գնալու պատրաստակամությո՞ւնը, որը չի եղել բանակցությունների նախորդ փուլերից և ոչ մեկում, թե՞ ամեն դեպքում դրանով պարզապես կողմերից որևէ մեկը ձգտում է ժամանակ շահել կամ ձգել: Ողջ ինտրիգն այն է, թե փոխզիջում կոչվածն, ըստ էության, ինչպե՞ս է այս նոր փուլում պատկերացնում Բաքուն, որը, կարծես, չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղը միանշանակ ու ամբողջությամբ Ադրբեջանի մաս դարձնելու կուրսից: Եթե նպատակադրումներում Ադրբեջանը չի փոխում դիրքրոշումը, նշանակում է` Բաքվի պատկերացրած զիջումները ոչ թե ռազմավարական գլխավոր հարցին` ԼՂ-ի կարգավիճակին են առնչվում, այլ ընդամենը բանակցությունների մարտավարությանը, այսինքն` կարգավորման այնպիսի նորացվող մեխանիզմներին, որոնք, այնուամենայնիվ, ուղղված են նույն նպատակադրման իրականացմանը:
Այս տեսակետից հետաքրքրական է, որ բանակցությունների նոր փուլը սկզբնավորվում կամ սկսվում է ԼՂ հարակից երկու շրջանները Ադրբեջանին հանձնելու դիմաց հայ-թուրքական սահմանի բացման մասին` Անկարայից ոչ պաշտոնական առաջարկություն հնչեցվելուց անմիջապես հետո, որը, ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ դեռևս որևէ կերպ Բաքուն չի մեկնաբանել:
Սերժ Սարգսյանի` մշակույթի նախարարությունում արած հայտարարության մյուս ուշագրավ դիտարկումն այն է, թե Ադրբեջանի նախագահի մոտ տեսնում է հակամարտությունը խաղաղ կարգավորելու ցանկություն: Առ այսօր պաշտոնական Երևանը պնդում էր, թե Ալիևն իրականում նման ցանկություն չունի: Այս միտքը Սերժ Սարգսյանը բաց տեքստով արտահայտել էր անցած ամիս ԵԽԽՎ-ում: Ինքնին վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը, փափկեցումը հուշում է, որ Երևանն ինչ-որ հույսեր է փայփայում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության հետ և պարզապես փորձում է խրախուսել այն: Սա հաստատում և լրացնում է բանակցությունների նոր փուլ սկսելու մասին` նախագահի նախորդ պնդումը, որի հիմնական ուղերձն այն է, թե Ալիևը, կարծես, առժամանակ հրաժարվել է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից, ինչը նույնն է, թե պատերազմի վերսկսման վտանգն առ ժամանակ հեռացված է հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ:
Տվյալ իրավիճակում իսկապես հարց է առաջանում, թե որն է նման փոփոխությունների իրական պատճառը, արդյո՞ք դա միայն Ադրբեջանի դիրքրոշման փոփոխության հետևանք է, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանը ևս, հենց կարգավորման մեխանիզմների հետ կապված, նոր զիջումների է գնացել կամ դրանց գնալու պատրաստակամություն հայտնել: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, որն, իր հերթին, պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող բազմաշերտ ու խորքային գործընթացներով:
Դեկտեմբերին դարձյալ տարածաշրջան են այցելելու ՄԽ համանախագահները, մինչ այդ, թերևս, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հենց դրանց արդյունքում պարզ կդառնա` 2014-ի սկզբներին Սերժ Սարգսյանը և Իլհամ ԱԼիևը կհանդիպե՞ն դարձյալ, թե՞ ոչ: Եթե նոր հանդիպման կազմակերպումն անորոշ ժամանակով չհետաձգվի, նշանակում է` իսկապես սառույցը շարժվում է և շարժվում է չափազանց արագ ու կտրուկ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ