Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում մարտի վերջին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` թեկնածուները փորձում են մրցակիցների մեջ հայկական արմատներ գտնել` նրանց «վարկաբեկելու» համար: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով Artigercek.com կայքէջը:
Համաձայն աղբյուրի` այդ առումով աչքի են ընկնում հատկապես իշխող «Արդարություն և զարգացում» (Adalet ve Kalkınma Partisi / AKP) կուսակցությունից առաջադրված թեկնածուները, որոնք չեն խնայում անգամ սեփական կուսակցության անդամներին` քրքրելով նրանց տոհմերի գրանցամատյանները:
«Հաբերթյուրք» պարբերականի հեղինակներից Մուհարեմ Սարըքայան, անդրադառնալով ԱԶԿ-ի ցուցակով Անկարայում առաջադրված թեկնածու Մեհմեդ Օզհասեքիին, գրում է. «… Մինչև իսկ (մրցակիցները-Ակունքի խմբ.) այն կետին են հասել, որ քրքրել են բոլոր գրանցամատյանները, որպեսզի գտնեն, թե Մեհմեդ Օզհասեքիի ազգականների մեջ եղե՞լ են, արդյոք, Հակոբ, Արթին, Արման, Կարո, Գրիգոր, Վարդան, Զոհրապ կամ նման` հայերի շրջանում տարածված որևէ անուն կրող անձինք: Որոշված է եղել, որ եթե նման մի հոգի էլ գտնվեր, դրա մասին կհրապարակվեր հանրությանը: Ասացին, որ չեն կարողացել գտնել…»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընդունված երևույթ է մարդկանց, հատկապես` քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին «վարկաբեկել»` նրանց ոչ թուրքական, հատկապես` հայկական ծագումը մատնանշելու միջոցով: Նման շատ դեպքեր են գրանցվել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, որոնցից հիշատակման է արժանի 2008 թ. տեղի ունեցած դեպքը, երբ Ժողովրդահանրապետական (Cumhuriyet Halk Partisi / CHP) կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը հրապարակ բերեց Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի մոր` հայ լինելու վարկածը: