Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Օրինաց երկիր» կուսակցությունը (եթե չեք մոռացել, որ Հայաստանում նման կուսակցություն էլ կա) չափազանց իրատես է գտնվել, երբ որոշել է դեկտեմբերի 22-ին կայանալիք իր արտահերթ համագումարին, բացի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից և նրա ղեկավար` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, որևէ այլ քաղաքական ուժի չհրավիրել:
Նախ` երևի հաշվարկել են, որ միջոցառման համար ինչ դահլիճ էլ վերցնեն, դժվար թե տեղավորեն 170 հազար անդամ ունեցող ու ամեն շաբաթ մի 10-20 հազար նորագիրներով համալրվող կուսակցության պատվիրակներին, որոնք գալու են երկրի համար ճակատագրական որոշումների կայացման քվեարկությանը մասնակցելու` մարտական վճռականությամբ: Դրա համար էլ ավելորդ ձևականությունների ետևից չեն ընկնում: Ի վերջո, սեփական պատվիրակներն ավելի կարևոր են, քան օտար հանդիսատեսը:
Երկրորդ` երևի հասկացել են, որ հրավիրեն, թե` ոչ, գնացող չի լինելու, ու որոշել են իրենց ծանր տեղը չթեթևացնել, ավելորդ անգամ անհեթեթ վիճակի մեջ չընկնել: Համագումարն անցկացվում է` ընդամենը ֆորմալ կողմը պահելու համար:
ՕԵԿ-ի հավերժ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դեռ 2010թ. վերջին հայտարարեց, որ իրենց միակ և անփոխարինելի նախագահացուն Սերժ Սարգսյանն է, և որ ինքն այս ընտրություններում առաջադրվելու ցանկություն չունի: Միայն այդ հայտարարության շնորհիվ ՕԵԿ-ը կարողացավ խորհրդարանում 5 պատգամավորական մանդատ ձեռք գցել և հիմա ուզենա էլ` ստանձնած պարտավորությունից շեղվել չի կարող: Միայն արդեն կայացված որոշումը պաշտոնականացնելու, արված հայտարարությունը վերստին հնչեցնելու արարողությանը մասնակցելն ուղղակի մազոխիզմի է նման: Եվ պարզ է, որ ոչ ոք էս նեղ միջոցին ո'չ ինքնատանջանքի, ո'չ էլ հորանջելու կամ ննջելու ավելորդ ժամանակ չունի: Մանավանդ որ` քաղաքական ուժերից ևս երկուսը` ՀՀՇ-ն ու «Ժառանգությունը», թարսի պես հենց նույն օրն են որոշել համագումար անցկացնել, և դրանք իրենց քիչ թե շատ ինտրիգայնությամբ խոստանում են ավելի հետաքրքիր լինել, քան օրինացական` լրիվ անիմաստ անցկացվող ու կանխատեսելի ընթացք խոստացող այս միջոցառումը:
Եվ վերջապես երրորդ` ոչ ոք այս քաղաքական նշանադրության հերթական արարողությանը չի ուզում իրեն զգալ «երրորդն ավելորդ»-ի կարգավիճակում: ՕԵԿ-ի համագումարը ներկայացում է հատուկ մեկ հանդիսատեսի համար, և որևէ կասկած չկա, որ այդ միակ հանդիսատեսը ոչ միայն ներկա է գտնվելու և փորձելու է առավելագույն հաճույք ստանալ ինքնազոհաբերման այս յուրօրինակ ակտից, այլև գուցե կփորձի նորից քաղաքական «բարոյականության» դասախոսություն կարդալ` իբրև կենդանի մարմնացում` վկայակոչելով ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին:
Թերևս միակ բանը, որի համար կարելի էր ափսոսալ ՕԵԿ-ից հրավեր չստանալու համար, այն փոքրիկ ինտրիգն է, թե արդյո՞ք այս անգամ ևս պատվիրակների և «միակ հանդիսատեսի» առջև ՕԵԿ-ականները ցուցադրելու են քոչարի պարելու իրենց հմտությունները, որոնք հաջողությամբ յուրացրել էին վերջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին ու նույն հաջողությամբ էլ ցուցադրեցին, թե՞ նախապատվությունն այս անգամ տալու են յարխուշտային` հաշվի առնելով, որ հիմա ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են, իսկ այն միշտ անձնավորված է ու կոնկրետ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ