Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի ժամանակ պատժելու համար մարդկանց աքսորում էին Սիրբիր, իսկ հիմա շատ գյումրեցիներ ինքնակամ վաճառում են իրենց տունուտեղն ու տեղափոխվում այդ նույն Սիբիրը, որտեղ, անկախ ամեն ինչից, գոնե աշխատանք կա, այսինքն` ապրելու հնարավորություն: Գյումրու փողոցներում շրջելիս ում բարեւ ես տալիս, գրեթե բոլորը խոսում են քաղաքը թողնելու մասին: Այստեղ արտագաղթը ժամ առ ժամ թափ է առնում.
«Եթե աշխատանք չկա, ուրեմն` կյանք էլ չկա: Ով կարող է, ով հնարավորություն ունի, գնում է, ապագա չկա: Մեծամասնությունը պարտքով է ապրում»,- կոսմետիկայի խանութի վաճառողուհի տիկին Մարիամը դժգոհում է նաեւ, որ ընդամենը 120 կմ հեռու գտնվող մայրաքաղաքում նույն աշխատանքի համար ավելի բարձր են վարձրատրում, իսկ Գյումրիում ապրանքի գները եթե բարձր չեն մայրաքաղաքային գներից, ապա ցածր էլ հաստատ չեն: Վաճառողը Երեւանում գոնե մինչեւ 80 հազար դրամ է ստանում է, իհարկե` մեծ բան չէ, բայց այստեղ միջինում 30 հազար են տալիս:
Սիլվա Կարապետյանը պատմում է, որ գյումրեցիների հիմնական մասն աշխատում է սպասարկման ոլորտում, օրվա ապրուստը վաստակում է առեւտրով. «Բայց եթե փող չկա, էդ առեւտուրն էլ արդեն մի բան չէ»:
Անցորդներից մեկը գյումրեցու կյանքն այսպես է ներկայացնում. «Մի հատ գյումրվա ֆռազ ըսեմ` ամեն մարդ ծափ կուտա, ինքն իր ծափի տակ էլ կպարե»: Նա էլ խոստովանում է, որ այստեղ մարդկանց մի մասը ոչ թե միայն ցանկանում է հեռանալ, այլ իրերը հավաքած-պատրաստ սպասում է պահին: Հարցին, թե ինքն էլ կցանականար դուրս գալ, պատասխանում է. «Պարտադիր: Ես արյուն էլ եմ թափել, քրտինք էլ եմ թափել, ժամանակին, բայց ... Ես հողն ու ջուրը կսիրեմ, բայց ի՞նչ: Բան չկա, կերթամ դրսից, կգամ, դպրոց կկառուցեմ, կասեմ` մեր Արարատը, մեր դպրոցը, հողը կպաչեմ, կերթամ»:
Միակ անցորդը, ով գոհ էր Գյումրվա իր կյանքից, իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Հերմինե Սաֆարյանն էր. «Ես մայրաքաղաքը չեմ սիրում, էնտեղ կյանքը շատ աշխույժ է, մեզ մոտ հանգիստ է: Ես սկզբից Երեւանում եմ ընդունվել, չեմ ընտելացել մայրաքաղաքի կյանքին, եկել եմ իմ հայրենի քաղաքը»: Ասում է, որ ոչ բոլորն են անգործ, կան մարդիկ, որ լավ են ապրում. իր ծնողները նորմալ աշխատանք ունեն, ընտանիքը լավ է ապրում:
Հերմինեից հետո նորից շարունակվում են բողոքները` «Էս քառըքըռի մեջ ո՞նց պիտի ապրենք», «Դեռ թունելն է, լույսը չի երեւում», «Աղջիկ ջան, տես ամեն ինչ վաճառվում է: Ծախում են, որ գնան...»:
Արամ Հակոբյանն ասում է, որ 2008 թվականից այս կողմ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել քաղաքում ու չկա էլ մի ծրագիր, հայեցակարգ, որը ցույց կտա, թե առաջիկա 5-10 տարիներին քաղաքն ինչ ճանապարհով է զարգանալու. «Քաղաքը դարձել է հանրակացարանի պես մի բան. հույս չկա, մարդիկ չգիտեն, թե ինչպես են վաղն ապրելու: ... Ես սպորտդպրոցի փոխտնօրեն եմ, էնպես չի որ գործազուրկ եմ, բայց 60 հազար դրամով ո՞նց կարող ես ընտանիք պահել: Զավեշտալին այն է, որ աշխատող մարդը չի չկարողանում ապրել»:
Ա. Հակոբյանի խոսքերով, մարդիկ թողնում-գնում են ոչ միայն սոցիալական ծանր պայմաններից ելնելով, այլեւ հուսալքությունից. «Իրավական երկիր ունենալու հավատն է ջախջախվել մարդկանց մոտ: Լավագույն դեպքում մայրաքաղաք են մեկնում, էլ չեմ խոսում երկրից հեռանալու մասին»:
Եվ այս ամենի պատճառը գյումրեցիները տեսնում են այն, որ Երեւանում են կենտրոնացրել ամեն ինչ, հարցնում են, թե ինչու մեկ-երկու նախարարություն, հյուպատոսություն չեն տեղափոխում հանրապետության երկրորդ քաղաքը, ինչու այստեղ գործարաններ կառուցելու ծրագրեր չեն մշակվում. 450-ից ավելի գյուղ Գյումրիին է նայում, նրա զարգանալուց է կախված, բայց եթե այսպես շարունակվի դրանք էլ մի օր վերջնականպես կդատարկվեն:
Այս օրերին ՀՅԴ Գյումրիի կոմիտեն ստորագրահավաք է կազմակերպել, որին մասնակցող գյումրեցիները միանում են «Քվեն ուժ է» շարժմանը, ինչպեսեւ «Այլեւս այսպես ապրել չեմ կարող», «Կառավարությանը` անվստահություն, նախագահին` վերջին հնարավորություն» կոչերին: Ստորագրահավաքի կազմակերպիչներից Արամ Հակոբյանը սրա վերաբերյալ ասաց. «Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի գիտակցության մակարդակը բարձր է: Նա իր մաշկի վրա է զգացել այս ամենը եւ հասկանում է, որ 5, 10 հազար դրամներով չէ, գիտակցաբար կմոտենա ընտրություններին, կընտրի ոչ թե անձերին, այլ նրանց գաղափարներն ու ծրագրերը»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ