Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում դեռ վերջնականապես չենք որոշել` բարձրագույն կրթությունը բիզնե՞ս է, թե՞ մեկ այլ բան: Իհարկե, ոլորտի պատասխանատուները կարող են հակառակվել այս տեսակետին եւ մատնանշել բազմաթիվ հայեցակարգեր, ծրագրեր, մարտավարություններ, քաղաքականություններ եւ այլն: Բայց այդ հավաստիացումները կոպեկի արժեք չեն ունենում, երբ տեսնում ենք կրթության ոլորտի միտումներին ու զարգացումներին:
Օրինակ` Հայաստանում քանի՞ հոգի են բարձրագույն կրթությանը վերաբերվում որպես ապրանքի, որի համար իրենք վճարում են: Բայց այս դեպքում` ոչ թե անպետք ապրանքի կամ ստատուս ու սոցիալական դիրք մատնանշող ապրանքի, այլ պետքական, կիրառելի, խիստ անհրաժեշտ եւ օգտակար: Այդպիսի մարդիկ, նաեւ` ուսանողներ, իհարկե, կան, բայց, դատելով ոլորտում առկա պատկերից, նրանց թիվը շատ քիչ է: Ու դիմորդները կամ նրանց ծնողները մինչեւ այս կամ այն կրթական հաստատությունն ընդունվելու որոշումը կայացնելը կրթական հաստատություններից չեն պահանջում առաջարկ, ուր նշված են, թե կոնկրետ մասնագիտությունների գծով ինչպիսի կրթական ծրագիր է կիրառվում տվյալ հաստատությունում, ինչպիսի նյութատեխնիկական, լաբորատոր բազա է տրամադրվում ուսանողների գիտակրթական աշխատանքների իրականացման համար, ինչպիսի մասնագետներ են ուսուցանում այդ հաստատություններում, ինչպիսի որակավորում են ապահովում այդ հաստատություններն իրենց շրջանավարտների համար, ինչպիսի պահանջարկ ունի այդ որակավորումը աշխատանքի շուկայում եւ այլն:
Աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում եւ կրթական հաստատություններում, օրինակ, շատ կարեւոր ցուցանիշ է համարվում, թե տվյալ ուսումնական հաստատության շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում, քանիսին է աշխատանքի տեղավորում ուսումնական հաստատությունը, ինչպիսի պահանջարկ ունեն տվյալ ուսումնական հատատության կողմից կրթություն ստացած մասնագետները աշխատանքի շուկայում եւ այլն: Սա ինքնանպատակ չէ. վերջիվերջո, մարդիկ գիտակցում են, որ կրթությունը, որակավորումը, մասնագիտությունը իրենց վաղվա հացն ապահովելու հնարավորությունն ու միջոցն են դառնալու, եւ այն գումարները, որ իրենք ծախսելու են կրթություն ստանալու վրա, կարողանալու են հետ ստանալ` իրենց ստացած կրթության միջոցով աշխատելով ու վարձատրվելով:
Իսկ մեզ մոտ այդպես չէ: Երիտասարդներն ընդունվում են բուհ, այնտեղ ծախսում իրենց թանկագին ժամանակից նվազագույնը 4 տարի, գումարներ, ստանում դիպլոմ: Իսկ շուկաներում, խանութներում` վաճառողների տեսքով, հասարակական տրանսպորտում` վարորդների տեսքով, շինարարություններում` շաղախ անողի եւ այլ տեսքով օրեցօր ավելանում են նրանք, ովքեր հայտարարում են, թե` «ինձ այսպես չնայե’ք, ես բարձրագույն կրթություն ունեմ»:
Եվ քանի որ բոլորը ձգտում են դեպի բուհեր, թվում է, թե միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթության պահանջարկ չկա, ու դրանք ավելորդ առաջարկ են, ինչի արդյունքում էլ, հատկապես` վերջերս էլի արձանագրվեց մի քանի այդպիսի կրթօջախների փակվելու փաստ:
Հայաստանում այսօր գործում են ՀՀ պետական, կամ պետական մասնակցությամբ բարձրագույն 23 ուսումնական հաստատություններ` իրենց մասնաճյուղերով, ոչ պետական` 39, արտերկրի պետական 4 բուհերի հայաստանյան մասնաճյուղեր եւ ոչ պետական` 5 բուհերի: Եվ սա այն դեպքում, երբ միջին մասնագիտական պետական հաստատությունների թիվը 71-է, ընդ որում` այս հաստատություններում ուսուցումը կատարվում է գրեթե այն նույն մասնագիտությունների գծով, ինչ բուհերում: Իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունների թիվը ընդամենը 25 է, ինչպես նաեւ կան այսպիսի կրթական ծրագրեր իրականացնող եւս 4 ուսումնական հաստատություններ: Սրանք այն հաստատություններն են, որոնք, հասկանալի է, պատրաստում են տարբեր արհեստների ու զբաղմունքերի գծով վարպետ մասնագետներ:
Ու այնպես է ստացվում, որ հենց այս արհեստավոր վարպետների մոտ բանվորություն են անում գրպաններում բուհերի դիպլոմ ունեցողները, որոնք էլ հենց բողոքում են, թե իրենց կրթության անունը «բարձրագույն է»: Մոտավորապես ստացվում է այն պատկերը, որ բարձրագույն կրթությամբ չոբան լինելն ավելի լավ է, քան նախնական միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթությամբ վարպետը` միջին օղակի աշխատողը, ինչի կարիք ցանկացած երկիր, ցանկացած տնտեսություն, ցանկացած հիմնարկ, ցանկացած ժամանակում ունենում է…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ