Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն անցած տարիների ընթացքում փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակների եռանդով առաջ շարժվել, ապացուցել անկախ ապրելու, պետություն և ապագա ունենալու իրավունքը. այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ:
«Մեր զինվորին, աշխատավորին, գյուղացուն հաջողվեց ամրապնդել ձեռքբերումները, պահպանել ձեռք բերածը, հզորացնել բանակն ու պետական կառույցը: Տնտեսական աճի մեր իրականության մեջ աննախադեպ տեմպերի շնորհիվ անցած տարիներին կարողացանք ստեղծել նյութական պայմաններ` հետագա զարգացման համար: Սկսեցինք բարեփոխել բոլոր համակարգերը և արդիականացնել դրանք»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` ժամանակը նոր շրջադարձ է առաջադրել մեր ժողովրդին, հնարավորություն ու հրամայական նախորդ հինգ տարում:
ՀՀ նախագահն ընդգծեց, որ այդ հնարավորությունն ուղեկցվել ու թելադրվել է ծանր մարտահրավերներով: «Հասարակությունը ցնցվել է անհանդուժողականությունից, ճգնաժամի հարվածների տակ մի պահ կքեց Հայաստանի տնտեսությունը: Խնդիրները հրատապ լուծումներ էին պահանջում, մարդիկ ակնկալում էին առավելագույնս օգտվել տարիներ շարունակ նպաստավոր միջավայրով վաստակած բարիքներից, երիտասարդը` կրթություն, պետական ծառայողը` բարեկեցիկ կյանք, գործարարը` կանխատեսելի տնտեսական միջավայր, գործազուրկը`աշխատանք, աշխատողը` վստահություն վաղվա օրվա համար: Յուրաքանչյուրը պահանջում էր արդարություն և անվտանգություն: Չկատարել այս պահանջներն` անթույլատրելի էր: Մենք կարողացանք լսել ժամանակի կանչը, երկիրը դուրս բերել ճգնաժամից, թեթևացնել ձեռնարկությունների հարկային բեռը, հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ, լուրջ թափ հաղորդել սննդի և թեթև արդյունաբերության ոլորտներում աշխատատեղերի ստեղծմանը, անխաթար պահել ֆինանսական համակարգը»,- փաստեց Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը հիշեցրեց, որ պետությանը հաջողվել է կապն ու նորարական տեխնոլոգիաները հասցնել բոլոր մարզեր ու գյուղեր, երիտասարդ ընտանիքներին հնարավորություն ընձեռել սեփական տուն ձեռք բերել, աղետի գոտում բնակարանի կարիք ունեցողներին ապահովել նոր բնակարաններով, բարելավել հանրային ծառայությունների որակը: Նախագահի խոսքով`ժամանակակից որակյալ բժշկական ծառայությունները ևս հասցվել են Հայաստանի մարզեր, ստեղծվել է ապահով ծերության երաշխիքները` հիմք դնելով կենսաթոշակային կուտակային նոր համակարգը:
«Մեր հայրենակցի համար Հայաստանն այլևս անճանաչելիորեն փոխվել է, սկսել ենք լուսանցք տեղափոխել կոռուպցիան, խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված գործիչներին, հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորոմանը»,-նշեց ՀՀԿ առաջնորդը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ մերժվել են նաև լրագրողների հանդեպ ուժի կիրառման պրակտիկան, իսկ իշխանությունները չեն խուսափել որևէ դժվարությունից, բարեփոխումներն իրականացվել են ամենադժվար ուղղություններով, սկսած ոստիկանության և արդարադատության համակարգերից: «Պահանջել ենք ոստիկաններին ծառայել հայաստանցիներին, նոր սերունդն անպատժելիության մասին այսուհետ լսելու է միայն ծնողների հուշերում: Հայաստանը դարձրել ենք ներդրումների համար հուսալի երկիր, սակայն դեռևս շատ անելիքներ ունենք մարդու համար ապահով և հուսալի երկիր ունենալու առումով: Մեր նախաձեռնություններից որոշներն արդեն արդյունք են տվել, մյուսների արդյունքները կերևան մոտակա տարիներին»,- նշեց հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծեց այս ուղղությամբ իրենց հետևողականությունն ու կամքը` ունենալու առողջ, մրցունակ երկիր, ինչն անիմաստ կդարձնի օտար երկրում ապրելու ցանկություն: