Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի մեկնարկից առաջ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, մեղադրյալ Միքայել Միքայելյանը դատարանին զգուշացրեց, որ իր պաշտպան Վարդուհի Էլբակյանը տեխնիկական պատճառներով կուշանա: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատական նիստը 10 րոպեով հետաձգեց, ապա մեղադրյալին հարցրեց. « Ձեր գործն է՞լ է տեխնիկական պատճառներով գոյացել»:
Նիստը մեկնարկեց, գործով մեղադրյալ՝ հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բժիշկ Մինաս Մկրտչյանը դատարանին ներկայացրեց գործում ներգրավված իր նոր պաշտպանին' Լևոն Պողոսյանին:
Նիստերի դահլիճ հրավիրվեց գործով վկա, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների 9-րդ բաժնի վարիչ Մելանյա Շմավոնյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ նա Հայկ Խաչատրյանին վերջին 2 օրերին բուժող բժիշկներից է: Բժշկական գիտությունների թեկնածուի ցուցմունքը հարուցեց տուժողի իրավահաջորդ Մեվսես Խաչատրյանի բարկությունը:
«Ես որդուս մոտ եմ եղել մինչև վերջին պահը, նրան բուժող բժիշկներին հատ-հատ գիտեմ, այս կինը որևէ առնչություն չունի որդուս հետ, ինչու եք նրան կանչել ցուցմունք տալու: Արհեստական վկաներ եք կանչում դատարան, որ սուտ ցուցմունքներ տան...»
Դատավորը տուժող կողմին հայտնեց, որ վկան այն մասնագետներից է, ով զբաղվել է Հայկ Խաչատրյանի բուժմամբ:
Շմավոնյանն ասաց, որ հիվանդին տեսել է վերակենդանացման բաժնում, հիվանդության նկարագրության մեջ իր ստորագրությունը կա, դեպքն, իհարկե ցավալի է...
Վկան չհասցրեց ավարտել միտքը, երբ տուժողի իրավահաջորդն ընդհատեց նրան.
«Որ ցավալի է, ինչի՞ ես եկել սուտ վկայություն տալիս, խիղճ ունեցեք, ամո'թ է»:
Շմավոնյանը շարունակելով միտքն ասաց.
«Վերակենդանացման բաժին եմ գնացել բաժնի վարիչի խնդրանքով, երեխային նայել եմ, մոտն արտահայտված էր ծանր շրջանում գտնվող ջրծաղիկի ներքին ձև, որն անհույս էր: Այդպիսի ընթացքով բոլոր հիվանդությունները բերում են մահվան»:
Տուժողի իրավահաջորդն անընդհատ ընդհատում էր վկային և դատավորը հորդորեց նրան զսպվածություն ցուցաբերել:
«Աչքիս դեմը էս տականքները զինդատախազության հետ սիրուն տղայիս սպանել են, դուք կուլտուրայից եք խոսում»,-պատասխանեց Մ. Խաչատրյանը:
Դատավորի հարցին' ինչ միջոցներ են ձեռնարկվել զինվորի կյանքը փրկելու համար, Շմավոնյանը պատասխանեց.
«Եթե մեր հիվանդանոց հիվանդ են բերում, մանավանդ զինվոր, ամբողջ հիվանդանոցը ոտքի է կանգնում : Ջրծաղիկին զուգընթաց հիվանդի մետ որովայնի շրջանում սուր ցավեր են եղել, պետք էր անպայման որոշվեր' կա սուր վիրաբուժական միջամտութկյուն ,թե ոչ: Եթե վիրահատելու կարիք լիներ հո հիվանդանոցից հիվանդանոց չէինք տեղափոխի»:
«Չէ ', թողնեիք մեռներ....«Շները» հոշոտել 'գցել էին Նորքի հիվանդոնոց, իրենք ինչ անեին»,-կրկին ընդհատեց տուժողի հայրը:
«Չեմ կարծում որ հիվանդը մի քանի օր առաջ գար հիվանդանոց' բուժվեր, քանի որ ջրծաղիկը եղել է կայծակնային փուլում»,- ասաց բժիշկը և հավելեց.
«Թող ոչ ոքի մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե հիվանդի մահը մեզ չի հուզում: Ամեն հիվանդի հետ մահանում ենք, ամեն հիվանդի հետ' հիվանդանում, բժշկությունն անզոր է ջրծաղիկի դեմ»
Իսկ տուժողի ներկայացուցչի հարցին, թե ինչպես է ստացվում, որ դուք եք բուժել տղային, եթե հայրը պնդում է, որ Ձեզ հիվանդանոցում չի տեսել, դոցենտը պատասխանեց.
«Հիմա դուք ուզում եք, որ ես ապացուցեմ, որ ես կոկորդիլոս չե՞մ»: