կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 10:25
Առանց Կատեգորիա

ՕԵԿ-ն իր համար թակարդ է լարում

ՕԵԿ-ն իր համար թակարդ է լարում

Կադրային վերջին տեղաշարժերի, ինչպես նաև ՀՀԿ-ԲՀԿ ներքին դիմակայության ֆոնին թե՛ քաղաքական միջավայրը և թե՛ հասարակությունը կատարյալ մոռացության էին մատնել իշխանական կոալիցիայի «կրտսեր եղբորը»` «Օրինաց երկիր» կուսակցությանը: Վերջինս առանձնապես մեծ հավակնություններ չէր դրսևորում, կատարելապես համակերպվել էր կոալիցիոն հուշագրով իրեն վերապահված երրորդական դերին և, ըստ էության, իրեն ամբողջությամբ դրել էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տրամադրության տակ:

 

Դեռ մոտավորապես 2010թ. կեսերին, այսինքն՝ նախագահական ընտրություններից երեք տարի առաջ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ միայն հայտարարեց իր թեկնածությունը չառաջադրելու, այլև միանշանակ Սերժ Սարգսյանին պաշտպանելու՝ իրենց որոշման մասին: Այսինքն՝ ՕԵԿ-ը ինքն էր ամեն ինչ արել իրեն մարգինալացնելու համար: Բայց ինչպես երևում է` տեղի ունեցած վերջին իրադարձությունները ՕԵԿ-ին սկսել են խիստ անհանգստացնել: Մասնավորապես, ինչպես գրել էինք երեկ, Գյումրիում իրենց ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, հավատարիմ մնալով պոպուլիզմի իրենց մարտավարությանը, վերհիշել են այնպիսի հավերժ օեկական թեմաներ, ինչպիսիք են ավանդների վերադարձման, անվճար ծննդաբերության ու կրթության հարցերը, որոնք, բնականաբար, ներկայացրել են որպես բացառապես ՕԵԿ գործունեության նվաճումներ:

 

Սակայն այդ հանդիպման մեխն այն է, որ նրանք նաև շոշափել են իշխանության համար տաբու հանդիսացող մի քանի թեմաներ` անելով մեղմ ասած՝ սենսացիոն հայտարարություններ: Մասնավորապես, Հովհաննես Մարգարյանը, չմանրամասնելով՝ ում նկատի ունի, հայտարարել է, թե իրենք արյունոտված չեն, ոչ էլ խուժաններ ու գողեր են: Իսկ Արթուր Բաղդասարյանը, անտեսելով, որ իշխանական վարկածով մեզանում ոչ թե արտագաղթ, այլ նույնիսկ ներգաղթ կա, և որ մարդիկ ուղղակի հալյուցինացիաների մեջ են, ասել է, թե իրենք պայքարելու են արտագաղթի դեմ: Երկու հայտարարությունների շարժառիթներն էլ ակնհայտորեն իշխանություններից և նախագահից տարանջատվելու կամ առնվազն այդպիսի տրամադրվածության պատրանք ստեղծելու նպատակներ են հետապնդում:

 

Իսկ ինչո՞ւ է դրա համար ՕԵԿ-ը շահարկում հենց այն թեմաները, որոնք հատկապես ցավոտ են իշխող կուսակցության և անձամբ հանրապետության նախագահի համար: Չի բացառվում, որ այս անակնկալ համարձակությունը ՕԵԿ-ին տվել է իր ընտրողների հետ հանդիպմանը լրագրողների, այլ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների բացակայությունը: Եվ ահա ՕԵԿ-ը հայտնվել է չափազանց տհաճ իրավիճակում, այն էլ ներքաղաքական այնպիսի իրավիճակում, երբ ամենահրատապ հարցը իշխանության և նախագահի համար դարձել է վստահության քննությունը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ այդ «միամտության» պատճառով ՕԵԿ-ը ոտովգլխով հայտնվում է ցեխում:

 

2006թ. մայիսին այս կուսակցությունը կոալիցիայից դուրս շպրտվեց, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ կորցրեց ԱԺ նախագահի պաշտոնը՝ Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա դեսպանի հետ ունեցած առանձնազրույցի գաղտնալսման սկանդալային պատմությունից հետո: Կկրկնվի՞ արդյոք պատմությունը՝ կախված է գործող նախագահի վերաբերմունքից և նրա քաղաքական հաշվարկներից: Չի կարելի բացառել, իհարկե, որ ՕԵԿ-ի ղեկավարները նաև մտածված են նման հայտարարություններ հնչեցրել, որպեսզի դրանք հատուկ ընկնեն նախագահի ականջը: Տրամաբանությունն առավել քան հասկանալի է. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պայքարում են ԱԺ-ում նրանց ներկայացվածության մակարդակի աճի համար, նախապես զենքերը վայր դրած ՕԵԿ-ը հայտնվում է իր երկու գործընկերների դիմակայության պոտենցիալ զոհի կարգավիճակում: Ընտրությունների ժամանակ այն կամ առհասարակ որևէ տեղ չի ստանա ՀՀԿ նախընտրական ցուցակում, կամ կստանա մեկ-երկու անցողիկ տեղ: Իսկ դա չի կարող բավարարել կուսակցության հետ մեծ հույսեր կապող այն գործարարներին, ովքեր միամտություն են ունեցել իրենց պատգամավոր դարձնելու՝ Բաղդասարյանի խոստման դիմաց մտնել ՕԵԿ և պարտավորություն ստանձնել ֆինանսավորել վերջինիս նախընտրական արշավը:

 

Եվ ահա Բաղդասարյանը նման ունիկալ հայտարարություններով փորձում է ցույց տալ, թե աշխատում է նրանց պահանջները բավարարելու ուղղությամբ, ձգտում է նախագահի հետ կոնսենսուսի հասնել գոնե ևս մի քանի հավելյալ անցողիկ տեղեր կորզելու հարցում: Բայց ակնհայտ է, որ ՕԵԿ-ը, ներկա պահին լինելով բացարձակ հեղինակազրկված ու չունենալով քաղաքական կշիռ, նախագահի վրա ազդելու որևէ լծակ չունի: Այնպես որ, այն խաղը, որ կամա թե ակամա սկսել է կուսակցությունը, կարող է նրա համար ճակատագրական լինել:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ