կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 19:13
Առանց Կատեգորիա

Ռուս-ադրբեջանական թակարդ` Հայաստանի համար

Ռուս-ադրբեջանական թակարդ` Հայաստանի համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ներկայումս աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Արդեն տևական ժամանակ է` նախագահների մակարդակով բանակցություններ չեն ընթանում: Տարբեր ձևաչափերով կազմակերպվող` արտգործնախարարների հանդիպումների միակ նպատակը պատերազմի վերսկսման կանխարգելումն էր և կողմերի միջև փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված ջանքերի գործադրումը: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպման կազմակերպումը տրամաբանական է թվում միայն այն դեպքում, եթե միջնորդները բանակցային գործընթացում առաջացած փակուղուց դուրս գալու հնարավորություններ են տեսնում: Մինչդեռ չկա որևէ հիմք` կարծելու, թե հնարավոր է նման ճեղքում կատարել:

 

Այսօր Բաքվում կայացած` «Ադրբեջան-ԱՄՆ. հայացք ապագային» ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, թե տվյալ պահին հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որևէ արդյունք չի տալիս: Նախօրեին Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ Ալիևը հերթական անգամ կրկնել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում չի կարող լինել անգամ ամենաչնչին զիջում և ավելացրել է. «Կա երկու տարբերակ` կա'մ խաղաղ ճանապարհը, կա'մ ռազմական: Մենք պատրաստ ենք երկու տարբերակներին էլ: Մենք երբեք չենք բացառել ռազմական ճանապարհը: Միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում է մեր` ինքնապաշպանության իրավունքը, և Ադրբեջանը կարող է ցանկացած պահի օպերացիա իրականացնել այն տարածքներում, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչված են որպես Ադրբեջանի տարածքներ»: Այլ կերպ ասած` Բաքվի դիրքորոշումներում բացարձակապես ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ինչի պարագայում անգամ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն են դառնում ինքնանպատակ:

 

Սակայն սա չի նշանակում, թե Ադրբեջանը շահագրգռված չէ նախագահների մակարդակով բանակցությունների անցկացմանը: Ընդհակառակը` ստեղծվել է մի իրավիճակ, երբ դա զուտ տակտիկական նկատառումներով ամենաշատն է բխում Բաքվի շահերից: Նախ` աշնանը Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրությունները, և Ալիևի վարչակազմն ակտիվորեն նախապատրաստվում է այդ ընտրություններին և դրա միջոցով իր վերարտադրության համար միջազգային աջակցության ձեռբերմանը, առնվազն` դրական ֆոնի ապահովմանը: Այդ նպատակն ունեին օրեր առաջ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները թարմացնելուն ուղղված վերոնշյալ ֆորումի կազմակերպումը: Պատահական չէ, թերևս, որ հենց այդ ֆորումի ժամանակ է Իլհամ Ալիևը հայտարարում, թե հավատում է Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին: Եվ դա այն դեպքում, երբ շարունակում է ողջ դիվանագիտական ու քարոզչական ռեսուրսներն օգտագործել ԼՂ կարգավորման հարցը ՄԽ ձևաչափից հանելու և ՄԱԿ տեղափոխելու ուղղությամբ:

 

Թերևս հաշվի առնելով նաև միջազգային հանրության համակրանքը շահելու` հայաստանյան իշխանությունների փորձը` Ադրբեջանը հիմա ձգտելու է ներկայանալ որպես հակամարտության կարգավորման հարցում գերշահագրգիռ կողմ և փորձելու է որքան հնարավոր է համոզիչ երևալ այս հարցում: Հենց այդ նպատակով է, որ երկար լռությունից հետո նորից շրջանառության մեջ է դրվել ԼՂ-ի կարգավիճակի հարցը քննարկելու և ԼՂ-ին միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակ շնորհելու հարցում զիջումների գնալու պատրաստակամությունը: Ավելին` Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է ստորագրել Մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, նորացված` 2009թ. տարբերակը, մի բան, որ նախկինում Բաքուն երբեք չէր անում: Սրանք ուղղված են հակամարտության կարգավորման հեռակարի հարցում հույսեր արթնացնելուն և միջազգային հանրության կողմից դրանք Ալիևի վարչակարգի պահպանման հետ կապելուն: Այսպիսով` Բաքուն փորձում է փոխհատուցել մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում ունեցած ծանրագույն խնդիրները, որոնց պատճառով հայտնվել է սուր քննադատության թիրախում: Ալիեւը պարզապես փորձում է խաղալ Արևմուտքի ու Ռուսաստանի վարած երկակի ստանդարտների քաղաքականության վրա:

 

ԼՂ հարցում ակտիվություն ցուցաբերելու երկրորդ գործոնը պայմանավորված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած նկատելի սառնությունն օգտագործելու հանգամանքով: Որ այդ հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, վկայում է թեկուզ այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմեկնեց Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովին, այն դեպքում, երբ Երևանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես իր պետական անվտանգության առանցքային երաշխիք և հանդիսանում է այդ կազմակերպության ամենաակտիվ անդամը: Սարգսյանի չմեկնելն առաջին հերթին դիվանագիտական կսմիթ էր` ուղղված Ռուսաստանին` հասկացնելու, որ Երևանը բավարարված չէ ռազմավարական գործընկերոջ կողմից իր հանդեպ կիրառվող քաղաքական, գազային ճնշումներից, որոնք համահունչ չեն նաև ՀԱՊԿ-ի հիմնանպատակներին: Այն հայտարարությունները, որոնք արեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի իր գործընկերոջ հետ անցած շաբաթ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում, կարելի է որակել իբրև ադրբեջանական դիվանագիտական ջրաղացին ջուր լցնել: Ալիևի հայտարարությունը` 2009-ի մադրիդյան սկզբունքների տարբերակն ստորագրելու մասին, իրականում սնվում է հենց Լավրովի այն հայտարարությունից, թե Հայաստանի համար ընդունելի է միայն 2007-ի տարբերակը, այսինքն` թե հենց Հայաստանն է ներկայումս բանակցային գործընթացում առաջացած փակուղու հիմնական մեղավորն ու պատասխանատուն, քանի որ նա է հետդարձ կատարում դեպի 2007-ը: Այսպիսով` Մոսկվան Բաքվին ուղղակի հնարավորություն է տալիս սրբագրելու անցած տարիերին կատարած սխալները և միջազգային հանրության ընկալումներում փոխելու Հայաստանի հանդեպ ձևավորված լոյալ կարծիքը: Եվ հենց այս իմաստով է Ադրբեջանին ձեռնտու այս փուլում նախագահների մակարդակով որևէ հանդիպման կազմակերպումը: Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար:

 

Բիշքեկյան գագաթաժողովին չմասնակցելու ժեստը ամենամեղմն է, որ կարելի է անել Հայաստանի դեմ փաստացի ուրվագծվող ռուս-ադրբեջանական դիվանագիտական, թեկուզ ժամանակավոր տանդեմին հակակշռելու համար: Իրականում հարկ է լրջորեն մտածել` արդյոք այն պայմաններում, երբ ակնհայտ է ստեղծված իրավիճակը Հայաստանի հանդեպ դիրքային առավելություն ստանալու տակտիկական նկատառումներով Բաքվի կողմից օգտագործելու միտումը, որքանո՞վ է ճիշտ գնալ նման ինքնանպատակ հանդիպման: Դա իմաստ կունենար թերևս միայն այն դեպքում, երբ ՄԽ-ի կողմից առարկայորեն կցուցաբերվեր Ադրբեջանին սեփական մանևրների թակարդում բռնելու տրամադրվածությունը, որը, կարծես, չկա: Հակառակ դեպքում` պետք է միամիտ լինել` մտածելու համար, թե նախագահական ընտրությունների նախաշեմին Ալիևն իսկապես որոշել է գնալ զիջումների:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ