Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։
Ինչպես եւ կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։
Լավ է, որ այն պահպանվում է, եւ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։
Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, որ խաղաղության ամրապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ամրագրող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կարծես թե, դուրս են մղվում բանակցությունների օրակարգից։
Խնդիրն այն է, որ այդ պարտավորությունները բանավոր չեն, ամրագրված են դիվանագիտական խողովակներով եւ բանակցային գործընթացի շարունակության համար ստեղծված էր իրավական դաշտ ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմագրավելու և բանակցային գործընթացի շուրջ վերահսկելի վստահության միջավայր ստեղծելու նպատակով։
Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զսպելու և խաղաղություն ամրապնդելու մեխանիզմներ էին, որոնցից հրաժարվելը կնշանակի նաև դասեր չքաղել այդ պատերազմից, ինչպես նաև այդ պատերազմը Ադրբեջանի համար դիվանագիտական առումով թողնել անհետևանք: Պատահական չէր, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր շրջանցել դրանց գոյությունը եւ կատարումը։
Այսօր ունենք իրավիճակ, երբ որևէ ինստիտուցիոնալ հիմք չպարունակող, Ալիևի ցանկություններից կախված եւ բանավոր Դուշանբեն դառնում է փխրուն եւ հեղհեղուկ ելման կետ, որին հղում արեց երեկ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով, ի դեպ, ասաց նաև, որ հայակական կողմի առաջարկով է Ղարաբաղը ժամանակին դուրս մնացել բանակցություններից, այնինչ մեր պատասխանատվության ժամանակահատվածում մենք շարունակել ենք բանակցությունները արդեն ներկա ժառանգած ձևաչափով:
Լավ է, որ սահմանին վիճակը հանդարտ է։ Վատ է, որ այդ հանգստությունը ոչ թե կայուն, երկարաժամկետ և ինստիտուցիոնալ է, այլ մեր ընտրություններից հետո բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելու համար նախատեսված թակարդ է հիշեցնում:
Մնում է հասկանալ, թե ինչու և որ մակարդակով է հայկական կողմը հրաժարվում մեր զինանոցում եղած այս միջոցներից: Արդյոք դա արվել է վարչապետի, թե ԱԳՆ-ի մակարդակով:
Եթե դա դիտավորություն չէ, ապա բանակցությունների համար պատասխանատու անձինք շատ կարճ ժամանակահատվածում պարտավոր են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը վերադարձնել սեղանին»: