կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 12:58
Քաղաքական

Կոալիցիան կվերարտադրվի

Կոալիցիան կվերարտադրվի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխանական կոալիցիան խնդիր ունի ինքն իրեն վերարտադրելու, ինչը մեծ հաջողությամբ կկարողանա անել` նույնիսկ արհեստականորեն չազդելով գործընթացի վրա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հարնուշ Խառատյանն` ընդգծելով, որ կոալիցիան կկազմի նոր ձեւավորվող խորհրդարանի 60-62 տոկոսը: Իսկ ՀՀԿ-ի ձայներն ավելի շատ կլինեն, սակայն չեն գերազանցի 51 տոկոսը:

 

Խորհրդարանում կլինեն նաեւ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն` պահպանելով ներկայիս տեղերի քանակը: Իսկ ՀԱԿ-ը կստանա մոտ 11 տոկոս ձայն:

 

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ներկայումս քաղաքական դաշտում կա չորս բեւեռ` մեկը ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են, ԲՀԿ-ն փորձում է դիրքավորվել որպես ՀՀԿ-ից առանձին ուժ, ՀԱԿ-ը, այնուհետեւ` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:

 

«ԲՀԿ-ն իշխանական թեւից ձայների քանակն ավելացնելու շանս չունի, որովհետեւ տեղական իշխանությունները բավականին լավ վերահսկում են ձայները, եւ ՀՀԿ-ն այդ առումով իր դիրքերը կարող է պահպանել: ԲՀԿ-ի միակ ռեսուրսը ընդդիմադիր դաշտից ձայներ ստանալն է: Դրա համար էլ նա պետք է դիրքավորվի որպես ՀՀԿ-ին կիսաընդդիմադիր ուժ: Եթե դա հաջողվի, կարող է մինչեւ 25-30 տոկոս ձայներ հավաքել»,- ասաց սոցիոլոգը:

 

Նրա խոսքերով` ՀԱԿ-ը պետք է հենվի մերժողական ընդդիմության վրա, որի դեպքում կկարողանա ստանալ մինչեւ 7 տոկոս ձայներ, նաեւ` հավելյալ ձայներ ընդդիմադիր այլ զանգվածներից:

 

Մյուս բոլոր բեւեռներն էլ իրենց տեղը կունենան խորհրդարանում, իսկ ահա «Ժառանգության» հարցը, ըստ Ադիբեկյանի, փոքր-ինչ պրոբլեմատիկ է. «Հանեք Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ «Ժառանգությունից» բան չի մնա»:

 

Իսկ այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե եթե իրենք անցնեն խորհրդարան, ապա միանալու են մյուս ուժերին եւ նախագահի իմպիչմենտն են պահանջելու, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Այնքանով, որքանով Զուրաբյանն ասում էր, թե ժողովրդական անհնազանդություն է լինելու: Նույն որակի հայտարարություն է»