կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 10:15
Առանց Կատեգորիա

Կոալիցիան փլուզման եզրի՞ն

Կոալիցիան փլուզման եզրի՞ն

Հանրապետական կուսակցությունն իր քաղխորհուրդի նիստում հինգշաբթի օրը քննարկելու է այս տարվա փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի հետագա ճակատագրի կամ այլ կերպ ասած` ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ հետագա գործակցության նպատակահարմարության հարցը:

 

Ի տարբերության նմանատիպ նախորդ բոլոր իրավիճակների, այս անգամ ՀՀԿ-ականները ոչ միայն ստեղծված իրադրությունն ու քննարկվելիք հարցերի շրջանակը թաքցնել չեն պատրաստվում, այլեւ ամեն ինչ անում են, որ հարցը հնարավորինս լայն հնչողություն ստանա: Իսկ դա նշանակում է երկու բան: Առաջին, ԲՀԿ-ի անջատման ու որպես իրեն լուրջ մրցակից դառնալու հավանականությունը այնքան մեծ է համարվում, որ ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակում «կամ-կամ»-ի սկզբունքով կրկին հստակություն մտցնելու անհրաժեշտություն է տեսնում:

 

Եվ երկրորդ` ՀՀԿ-ն նաև իրատեսական է համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը և դրա հետ կապված անկանխատեսելի զարգացումներից իրեն ապահովագրելու լուրջ խնդիր է տեսնում: Մոտ մեկ տարի առաջ էլ ստեղծվել էր մոտավորապես նույն իրավիճակը, երբ ԲՀԿ-ին անուղղակի պարտադրվեց ստորագրել 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կոալիցիոն հայտարարությունը: Այն ժամանակ, սակայն, նախընտրական շրջան չէր, Քոչարյանի հնարավոր վերադարձի գործոնը չկար, այսինքն՝ ԲՀԿ-ն չուներ լուրջ հենման կետ, ինչը մեծացնում էր նրա կախվածությունը ՀՀԿ-ից ու նախագահից:

 

Մինչդեռ հիմա բոլորովին այլ իրավիճակ է. ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել և դրանով պայմանավորված` ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական պահանջարկը մեծացել է թե՛ քոչարյանական ճամբարի ուժերի, թե՛ ՀԱԿ-ի կողմից, որի ղեկավարը նույնիսկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտության մասին, թե՛ ԱԺ քաղաքական փոքրամասնությունը ներկայացնող ուժերի և թե՛ ՀՀԿ-ի մոտ: Ակնհայտ է, որ, բացի վերջինից, այս բևեռներից որ մեկի ուղղությամբ էլ ԲՀԿ-ն իր ունեցած ռեսուրսներով թեքվի, երկրում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվելու: Մի բան, որ բացարձակապես չի կարող ձեռնտու լինել Հանրապետականին, ով կարող է ընտրություններում լուրջ մրցակիցներ ձեռք բերելով՝ չստանալ քաղաքական ուժերի հարաբերակցության պլանավորած կամ ակնկալած պատկերը: Մյուս կողմից՝ այդ պահանջարկի մեծացումը ԲՀԿ-ին լայն մանևրելու հնարավորություններ է տալիս, ինչը միայն նպաստելու է նրա` որպես գործող իշխանությանը ընդդիմացող ամենակարող ուժի իմիջի ձևավորմանը:

 

Այս նոր իրավիճակը, այս առանձնահատկություններն են պատճառը, որ ՀՀԿ-ն որոշել է հարցը դնել շատ կտրուկ ու վերջնական: Կամ ԲՀԿ-ն հայտարարում է կոալիցիոն հուշագրից դուրս չգալու մասին, կամ երկու գործընկեր կուսակցությունները վերջնականապես հայտնվում են բարիկադների տարբեր կողմերում: Առայժմ ՀՀԿ-ն ընդամենը նախազգուշացնում է իր այս տրամադրվածության մասին` վերջնական կողմնորոշման ժամանակ տալով Ծառուկյանին: Թե ինչ կտա նման կոշտ քաղաքականությունը, առայժմ դժվար է ասել: Կոալիցիայի փլուզումը կարող է հանգեցնել ուժային նոր կենտրոնի ձևավորման, ինչը կարող է իշխանության փաստացի քայքայման հանգեցնել` առնետավազքի ձևով:

 

Կարող է լինել նաև հակառակը. ԲՀԿ-ի նկատմամբ նման կոշտություն ցուցաբերելով՝ իշխանությունը կարող է հասկացնել, որ առհասարակ ոչնչից չի վախենում և, գուցե նաև կիրառելով պետական վարչատնտեսական լծակները, իսկական հալածանք սկսի ԲՀԿ-ի դեմ: Դրա իմաստը լինելու է ռեսուրսներ ունեցող ու Ծառուկյանի շվաքի տակ պատսպարված մի շարք ոչ երկրորդական գործարարներին վախեցնելն ու կուսակցությունից հեռանալուն դրդելը: Այդ իրավիճակում չի կարելի բացառել առնետավազքն արդեն ԲՀԿ-ից: Բայց եթե դա տեղի չունենա, կամ ԲՀԿ-ն այդ ճնշումներին դիմակայելու համար փորձի քաղաքական այլանսներ ստեղծել, ապա ներքաղաքական իրավիճակը կարող է իսկապես հետաքրքրական խճանկար ձևավորել: Չի կարելի բացառել նաև, որ կոալիցիայի փլուզումը կարող է մարտավարական հիանալի քայլ լինել` ԲՀԿ-ին պսևդոընդդիմություն դարձնելու և ընտրություններին առանձին մասնակցելու միջոցով ընդդիմության ամբողջ սպեկտորի պոտենցիալ ընտրաձայները փոշիացնելու և դեռևս չկողմնորոշվողներին դեպի վերահսկելի ԲՀԿ-ն ուղղորդելու առումով:

 

Իհարկե, այս ամենով հանդերձ` բացառված չէ նաև, որ ԲՀԿ-ն կնախընտրի կատարել ՀՀԿ-ի պայմանները և կոալիցիայից դուրս չգա՝ որպես փոխհատուցում ակնկալելով ԱԺ-ում և կառավարությունում իր ներկայացվածության զգալի աճ: Այս խորապատկերին հինգշաբթի օրը ՀՀԿ-ի կայացնելիք որոշումը իսկապես բեկումնային նշանակություն կարող է ունենալ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ