Իշխող կոալիցիան ընդունում է Հայ ազգային կոնգրեսի` երկխոսությունը շարունակելու առաջարկը` դրա կասեցումն անտրամաբանական համարելով:
«Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է»,- շուրջ երկու ժամ տեւած քննարկման արդյունքում ձեւավորված տեքստը կարդաց ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` քանի որ իրենց պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը բացակայում է հանրապետությունից, ուստի երկխոսության ողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց ուսերին:
Գագիկ Մինասյանը, որպես կոալիցիոն պատվիրակության նախապայման, նշեց ՀԱԿ-ի կողմից անցկացվող «անօրինական հավաքի» դադարեցումը: