Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական կուսակցության` օրեր առաջ կայացած տնտեսական համաժողովում համոզմունք հայտնվեց, որ աղետի գոտու խնդիրը լուծված է, բնականաբար, այն դիտարկելով իշխող կուսակցության ձեռքբերումների շարքում: Տպավորությունն այնպիսին էր, որ երկրաշարժը ոչ թե 23, այլ մի քանի տարի առաջ է տեղի ունեցել, և իշխանությունն էլ քափ ու քրտինքի մեջ` աղետի հետևանքներն օր առաջ վերացրել է:
Հետաքրքիր զուգադիպությամբ` նույն օրը երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության «Կիրակնօրյա Հորիզոն» ծրագրով անդրադարձ էր կատարվում երկրաշարժի թեմային մեկ այլ «ռակուրսով», մասնավորապես, թե Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ինչպես են վերապրել Գյումրիում: Եվ այս ֆոնին Գյումրիից ներկայացվում են կադրեր, որտեղից ակնհայտ երեևում է, թե ինչպես են 88-ի երկրաշարժի հետևանքները` փլատակված ու կիսավեր բազմահարկ շենքեր, դեռևս պահպանվում: Ավելին, Գյումրիի թղթակիցը հենց այդ սահմռկեցուցիչ կիսավերներից մեկի մասին պատմում է, որ այստեղ գիշերները լույսեր են վառվում, կնշանակի` մարդիկ են ապրում:
Անշուշտ, որպես «թանգարանային արժեքներ» պահպանված այս փլատակները հոգեբանական ծանր ազդեցություն ունեն գյումրեցիների վրա: Փաստորեն, քաղաքը և մարդիկ քառորդ դար անց էլ չեն կարողանում «ազատագրվել» երկրաշարժի ֆիզիկական ներկայությունից: Բյուջեին մի քանի տասնյակ միլիոն դրամ չի բավականացնում այս ավերակները վերջնականապես մաքրելու և քաղաքի «հիշողությունից» մեկընդմիշտ ջնջելու, իսկ այնտեղ օթևանողներին էլ, թեկուզ ժամանակավորապես, կացարաններ հատկացնելու: Բայց սա խնդրի` թեկուզև ոչ պակաս կարևոր, սակայն արտաքին կողմն է:
Ինչ վերաբերում է աղետի գոտու խնդիրը լուծված համարելուն, ապա այն մասամբ ու խիստ վերապահումով կարելի է լուծված համարել: Նկատենք, թե նույն այս տարիներին աղետի գոտուց որքան մարդիկ լքեցին հայրենիքը` բնակարաններով ժամանակին չապահովվելու, գործազրկության և սոցիալական ծանր պայմանների պատճառով: Ու եթե հետերկրաշարժյան տասը տարիներին աղետի գոտին չվերականգնվեց, ինչպես խոստանում էին իշխանությունները, արդարացում կարծես թե կար` խորհրդային համակարգի փլուզում և տնտեսական նոր կացութաձև, ազատագրական պատերազմ և հետպատերազմյան տնտեսության վերականգնում, ապա հետագա տարիների արդյունավետության ցուցանիշն այն է, որ քսաներեք տարի անց էլ մենք չենք ձերբազատվել «աղետի գոտի» հասկացությունից:
Ընդամենը մեկ տարի առաջ` 2011թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետը բառացիորեն ասաց. «Մենք շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները` հասցնելով դրանք իրենց տրամաբանական ավարտին…»: Պարզապես այդ «տրամաբանական ավարտն» է տրամաբանությունից դուրս ձգձգվում: Մինչդեռ Հանրապետականն իշխանության է 1999 թվականից:
Ըստ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված միջոցառումների մասին» տեղեկանքի` ցանկում ընդգրկված 14920 անձանցից 2001-2008թթ. իրենց բնակարանային պայմանները բարելավել են 13347-ը, որոնցից պետբյուջեի և համայնքային միջոցների հաշվին` համապատասխանաբար` 2282 և 251: Իսկ ահա մնացածի խնդիրները լուծվել են ԱՄՆ կառավարության (USAID)` 6596, «Լինսի» հիմնադրամի` 4126, «Ջոն և Կարեն Հանթսման» հիմնադրամի` 64, «Հայաստան» համահայկական հիմնադրամի` 28, միջոցներով: Փառք ու պատիվ օգնության ձեռք մեկնածներին: Այլապես մեզ ոչ թե քառորդ դար, այլ մի ամբողջ հարյուրամյակ կպահանջվեր` աղետի հետևանքները վերացնելուն:
Մինչդեռ կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգով նախատեսված է մինչև 2013թ. լուծել ցանկում ընդգրկված ևս 6930 ընտանիքների բնակարանային խնդիրները: Ընդ որում, բնակարանների գնման վկայականների միջոցով նախատեսվում է ապահովել 1308, իսկ շինարարության ծրագրերի միջոցով` 5622 ընտանիքների: Նկատենք, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7000 ընտանիքների` բնակարանով ապահովումը նաև նախագահի նախընտրական խոստումն է: Ինչ վերաբերում է բնակարանների գնման վկայականներով 1308 ընտանիքներին բնակարանով ապահովելուն, որոնց շուրջ 1000-ը բաժին է ընկնում միայն Գյումրիին, ապա այստեղ ևս մտահոգվելու խնդիր կա:
Մի կողմից Գյումրիում անօթևաններ կան, և անգամ` կիսափլատակ շենքերում ապրողներ, մյուս կողմից` հազարավոր դատարկ բնակարաններ կան, որոնց տերերը կամ լքում են քաղաքը, կամ փաստաթղթեր կեղծելով, հասցրել են ձեռք բերել մեկից ավելի բնակարաններ: Գաղտնիք չէ, թե բոլոր այս տարիներին ինչպիսի չարաշահումներ են եղել բնակարանների հերթագրման ցուցակների կազմման, նաև հատկացումների ժամանակ: Եվ այս ամենով հանդերձ` փորձել որպես ձեռքբերում ներկայացնել տասնյակ տարիներով ձգձգված, մեծ չարաշահումների տեղիք տված և մինչև այժմ էլ վերջնականապես չլուծված այս ցավոտ խնդիրը, մեղմ ասած, զարմանալի է:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ