կարևոր
748 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-14 23:46
Քաղաքական

Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է․ «Փաստինֆո»

Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է․ «Փաստինֆո»

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետ կորել, Հարությունյանն էլ՝ շարունակում է մնալ ազատության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել  մեղադրական դատավճիռը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները  շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։

Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի տեղափոխվել ՔԿՀ, ինչի մասին վստահեցնում են ՔԿՀ՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները։ Դատարանից էլ, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ դատարանից կարգադրությունն ուղարկվել է հոկտեմբերի 7-ին, բայց ինչպես պարզվում է՝ կարգադրությունը դատարանից դուրս է եկել և Ոստիկանություն չի հասել, համենայն դեպս՝ ՆԳՆ-ից առ այս պահը հայտնել են, որ կարգադրություն չի ստացվել։

Ջալալ Հարությունյանի ճակատագրից տեղեկություն չունի նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Փաստաբանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց՝ չի կարծում, որ այս ժամանակահտվածում կատարողականը ոստիկանություն հասած չլինի, երեկ գրություն է հասցեագրել ՆԳ նախարարին՝ պարզելու, թե արդյո՞ք կատարվել է, եթե ոչ, ապա՝ ինչու։ ՆԳՆ-ից փաստաբանը դեռևս պատասխան չի ստացել։ Թե ինչով է պայմանավորված Հարությունյանի ազատազրկման ձգձգումը՝ Սիմոնյանը դա պայմանավորեց անտարբերությամբ կամ վարչարարության խնդրով, դիտավորության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելուց զերծ մնաց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։