Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` որոշ վաղեմի տեսակետներ ու արտահայտություններ, այսօր էլ արդիական են: Իսկ ամենաարդիականը թերևս «կզարանի» մասին` նրա համարյա հանճարեղ հայտարարությունն է, որ տզի նման կպչում է ուզածդ քաղաքական գործչի, ով փորձում է այս կամ այն պատրվակով սատարել իշխանությանը, ՀՀԿ-ին կամ ՀՀ նախագահին: Այդ կզարան կոչվածը, ինչպես բուն տեսության հիմնադիր Հմայակ Հովհաննիսյանն է ասում, առանձնապես մի հաճելի վայր էլ չէ. գեղագիտական պաճուճանքներից զուրկ մի սենյակ, որտեղ նա է և դու, ու դու պիտի կզես: Հմայակ Հովհաննիսյանը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ է նշանակում` կզել:
Ընթերցողին, որ ուրիշ բան չմտածի, շտապենք հանգստացնել: Որքանով մեզ հայտնի է, դա մի արարողություն է, երբ կզարան գնացողն այդ կզարանն աշխատացնողին իր ծառայություններն է առաջարկում, ապա երկուսով նստում ու մտածում են, թե ինչպես օգտագործեն առաջարկություն անողին: Այսքան բան: Իսկ թե ինչու է Հմայակ Հովհաննիսյանը այդ վայրը կզարան, իսկ պրոցեսը կզել անվանում, իրենից պիտի հարցնել:
Մեզ որ մնար` դրան քաղաքական հաճույքների սենյակ կանվանեինք, որովհետև ներս մտնողները, սովորաբար, երկար են մնում, իսկ երկար մնալ հնարավոր է միայն հաճելի վայրում: Մեր այս խոսքերը հաստատեց նաև վարչապետ Սարգսյանը, ով լրագրողներին բաց տեքստով ասաց` ով մեզ հետ լինի, նա կշահի, իսկ ով չի լինի` ինքը գիտի: Եթե ասվածը մեկնաբանենք Հմայակ Հովհաննիսյանի բառերով, ապա կստացվի, որ վարչապետն ասել է` ով կզարան գա` կշահի, ով չի գա կմնա ձեռնունայն:
Բայց մի՞թե մեր առաջադեմ վարչապետն այդպիսի բան կասեր: Հետևաբար Հմայակ Հովհաննիսյանը պետք է մի քիչ կոռեկտ գտնվի եւ փոխի իր տեսության տերմինաբանությունը: Եվ ապա` մի՞թե մենք կարող ենք երևակայել, որ Պարույր Հայրիկյանի նման գործիչը, ում ողջ Ամերիկան է ճանաչում` որպես անկախության ու ազատության գաղափարակիր, եւ պատրաստվում է նրա արձանը տեղադրել «Մայր Ամերիկա» արձանի կողքին, ՀՀԿ-ին սատարելու նպատակով ոչ թե հաճախում է քաղաքական պայքարի հաճելի մի վայր, այլ` կզարան:
Ես դեմ եմ, մի խոսքով, որ մեր մի շարք քաղաքական գործիչների եւ նախկին վարչապետների մասով կիրառվի կզարան բառը, ինչ է թե ՀՀԿ-ին սատարելու ցանկություն են հայտնել: Պարույր Հայրիկյանն էլ դեմ է: «Կենտրոն» հեռուստատեսության Պետրոս Ղազարյանն ինչ արեց, չկարողացավ Հայրիկյանին համոզել, որ իշխանությանը սատարելու մասին վերջինիս բոլոր պատմածները լոլո են, եթե այդ իշխանությունը ընտրությունները չկեղծելու կամք չի դրսևորում: Հայրիկյանն անդրդվելի էր: Վերջն էլ այսպիսի սենսացիա` ոչ թե ինքն է միանում իշխանություններին, այլ իշխանություններն են քսմսվում իրեն, որ գործադրեն հայրիկյանական գյուտը` ձայների վերջնահաշվարկի համար:
Չենք կարող ասել, թե կոնկրետ քանի մարդ հավատաց Հայրիկյանին, բայց նրան ուղղված հարցերից պարզ էր, որ մեր քաղաքացիներից քչերն են արդեն հավատում քաղաքական լոլոիզմի կարկառուն ներկայացուցիչներին, եւ նրանց մասին էլ այս պահին մտածում է հենց Հմայակ Հովհաննիսյանի նման:
Էդ. Ա.