կարևոր
4573 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 22:16
Քաղաքական

Ձերբակալություններով փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի դեմ. պաշտպանը չի բացառում նոր ձերբակալությունները

Ձերբակալություններով փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի դեմ. պաշտպանը չի բացառում նոր ձերբակալությունները

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց իբրև նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում Արտավազդ Մարգարյանին, Գառնիկ Մանուկյանին և Հունան Մելքոնյանին ձերբակալելու որոշումները բողոքարկվել են։ ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ,Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալելու որոշման դեմ բողոքն արդեն ներկայացվել է։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։

Ձերբակալվածներին մեղադրանք ներկայացնելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն առայժմ պաշտպանության կողմին հայտնի չէ։ Բաբայանի փոխանցմամբ՝ Արտավազդ Մարգարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նշենք, որ ֆորմալ առումով քրեական վարույթը նախաձեռնվել է Ոստիկանության Քրեական ոստիկանության ծառայողի գրության հիման վրա։

Արտավազդ Մարգարյանի բնակարանում իրականացված խուզարկությունների ընթացքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել, անձնական խուզարկությամբ առգրավել են հեռախոսը։ Արտավազդ Մարգարյանի պաշտպանը համոզված է՝ սա հանրությանը շեղելու փորձ է, նաև կարծում է՝ որևէ լուրջ զիջում պետք է անի իշխանությունը։

Հետապնդումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Սիմոն Սիմոնյանը վարույթի շրջանակներում այս պահին ունի վկա-կասկածյալի կարգավիճակ, հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ հարցաքննվելու և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ հիմնավորելով, որ այս ամենը համարում է քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը։ Սերգեյ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց առ այն, որ ձերբակալությունների վերջնական նպատակը Սիմոն Սիմոնյանի դեմ ցուցմունք կորզելն է՝ ճնշումներ գործադրելու միջոցով, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ղեկավարն է։ Նա ընդգծեց, որ ձերբակալություններն ապօրինի են, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս վեց ամիս առաջ, բայց քննչական մարմինը երեկ է մարդկանց ձերբակալել՝ այն պատճառաբանությամբ, թե, իբր, ձերբակալվել են՝ հանցանքը կատարելուց հետո։ Հետևաբար, ակնհայտ է, որ ձերբակալումը նպատակ ունի ճնշում գործադրելու, սա խոշտանգման դրսևորում է՝ ՀՅԴ ԳՄ-ի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Ինչ վերաբերում է վեց ամիս անց միայն իրականացված ձերբակալություններին, Հարությունյանի դիտարկմամբ՝ վեց ամիսների անգործությունը ևս մեկ անգամ փաստում է, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է, այսինքն, այս ժամանակահատվածում գործը պահվել է որպես «մահակ» և այսօր ինչ-որ խնդիր կա լուծելու, դրա համար էլ գործը «զարթնեց». «Պարզ է, որ խնդիրը Դաշնակցությանը ճնշելն է, թիրախավորված է դաշնակցությունը և դաշնակցության ղեկավարությունը»։

Հարցին՝ արդյո՞ք նաև փորձ չի արվում նախականխելու հավաքները՝ նկատի ունենալով նաև, որ քրեական հետապնդումներին զուգահեռ բարձրացվել է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարց, փաստաբանը պատասխանեց՝ ոչ միայն նախականխում են, այլ՝ շատ ավելի հեռահար նպատակներ ունեն. «Կոնկրետ թիրախավորված է ազգային կուսակցությունը։ Սա մի շղթայի մաս է, կարծում եմ, և՛ պատգամավորների հետ կապված, որ ցանկանում են ՍԴ դիմել, և՛ ուզում են ճնշում գործադրել, և՛ չի բացառվում, որ նոր խուզարկություններ իրականացվեն։ Սա, կարծում եմ, շախմատային խաղ է իրենց մոտ, որը հեռահար նպատակներ ունի։ Կարծում եմ նաև, որ այս գործի շրջանակներում կլինեն այլ ձերբակալություններ, այլ խուզարկություններ, կփորձեն տանել կալանքի։ Այն, ինչ սկսվեց երեկ, կարծում եմ, շարունակություն կունենա։ Ինչ-որ տեղ նաև պարալիզացնում են կուսակցության աշխատանքը, չի բացառվում, որ փորձում են շեղել հանրության ուշադրությունը»։

Սիմոն Սիմոնյանի բնակարանում ևս խուզարկություն է իրականացվել, ընդ որում, նրա հարցաքննությունից առաջ։ Վերջինս հարցաքննության էր հրավիրվել երեկ՝ ժամը 15.00-ին, իրավապահները որոշել էին խուզարկել նրա բնակարանը լուսադեմին, պաշտպանի խոսքով՝ «Գնանք տուն՝ գուցե մի բան գտնենք վիճակով», որ կարողանային ձերբակալել նաև նրան։ Խուզարկության ընթացքում իրավապահները ոչինչ չեն գտել, որովհետև չէր էլ կարող լինել։ Իսկ թե կոնկրետ ինչ էին «փնտրում», փաստաբանը նշեց՝ ինչ-որ թղթեր, որով իբրև թե կհիմնավորվեր, որ հավաքներին արհեստական կերպով մարդիկ են գալիս. «Չգիտեմ՝ մի հատ թուղթ, եթե գտնեին, որի վրա հինգ անուն լիներ գրված, վերցնելու էին ու գործի շրջանակներում օգտագործեին։ Միայն այն հանգամանքը, որ ձերբակալված անձանց ձեռքից հեռախոս են վերցրել ու ձերբակալման որոշման մեջ նշվել է, թե դա ապացույց է, այն դեպքում, որ դեռևս հեռախոսը կապարակնքված է և չի զննվել, փորձաքննության չի ենթարկվել։

Ակնհայտ է, որ շինծու գործ է, ապօրինություն է իրականացվում»։

Վարույթի շրջանակներում վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ երեկ հարցաքննվել է նաև ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որի պաշտպան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց այն, որ ենթադրյալ դեպքը եղել է հունիսին, մինչդեռ Գերասիմ Վարդանյանը նշված ժամանակահատվածում եղել է անազատության մեջ։ Իսկ թե ինչու է միայն հիմա հետապնդում իրականացվում անձանց նկատմամբ՝ Բենիկ Գալստյանը նույնպես դա պայմանավորեց քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացատրությունը Գալստյանը չունի. «Զուտ քաղաքական շոու ապահովելու խնդիր է այս մարդկանց մոտ»։

Աղբյուր` Փաստինֆո