կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 20:11
Տնտեսական

Մի կաթիլ` հանուն սոցիալիստական Հայաստանի

Մի կաթիլ` հանուն սոցիալիստական Հայաստանի

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի ջանքերով շուտով լույս կտեսնի «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» աշխատությունը: Այն ներառում է առողջապահության առաջիկա 20 տարիների ռազմավարությանը, բնակչության զբաղվածության խնդիրներին, բնակարանային ֆոնդի նոր հայեցակարգին առնչվող հարցեր:

 

«Առողջապահությունը պետության առաջնային ուղղություններից մեկը պիտի լինի` լինելով մատչելի եւ հասանելի բնակչության բոլոր խավերի համար: Միջին դասակարգի մարդը պետք է հնարավորություն ունենա բարձրակարգ եւ մատչելի առողջապահություն ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը: Նա նշեց, որ աշխատությունը կթարգմանվի նաեւ անգլերեն, իսկ նոյեմբերի 8-ին կկազմակերպվի կոնֆերանս, որի ընթացքում կկայանա նաեւ գրքի շնորհանդեսը:

 

Նախատեսվում է եւս 3 նման ձեռնարկ պատրաստել` ուղղված գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ կրթության ոլորտներին:

 

Մարիա Թիթիզյանի խոսքերով` այս աշխատությունը հետաքրքիր է այնքանով, որ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այն կարող է որպես ուղեցույց ծառայել նաեւ պետության համար. իշխանությունը պետք է պարզապես վերցնի ձեռնարկում ներկայացված թեմաներից յուրաքանչյուրը եւ իր քաղաքականությունը մշակի դրա հիման վրա:

 

«Մեր Սահմանադրությունն ասում է, որ մենք սոցիալական պետություն ենք, ուրեմն մենք իսկապես պետք է ձգտենք այդպիսի պետություն կերտել, որ ցանկացած քաղաքացի կարողանա իրեն պաշտպանված զգալ պետության կողմից եւ իր հայացքը չուղղի դեպի արտասահման եւ իր ապագան որոնի արտերկրում: Այսօր ես համոզված եմ, որ եթե մեր քաղաքացիները պետության հոգատարություն զգան, որ արդարություն լինի, հեռացողներն այսքան շատ չեն լինի»,- ասաց Թիթիզյանը:

 

Նա, սակայն, այնքան միամիտ չէ` կարծելու համար, թե այս նախաձեռնության շնորհիվ պատկերը միանգամից փոխվելու է, եւ ակնթարթորեն շոշափելի արդյուքներ են լինելու: «Բայց կարծում եմ` սա կարող է մի կաթիլ ավելացնել մեր հասարակության գիտակցության մեջ, այսպիսով` ինչ-որ գաղափարներ ենք փոխանցելու եւ դրանից հետո միայն սպասելու ենք փոփոխությունների: Եթե հավաքական կամք ցուցաբերենք, կկարողանանք ինչ-որ բան փոխել մեր երկրում»,- հուսով է հիմնադրամի տնօրենը:

 

Այս ընթացքում «Հրայր Մարուխյան» հիմնադրամը նաեւ այլ ձեռնարկներ է հրատարակել, որոնցով փորձ է արվում բացատրել, թե ինչ նկատի ունի ՀՅԴ-ն` ասելով «սոցիալական պետություն» կամ «սոցիալ-դեմոկրատիա»:

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ