կարևոր
4213 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-12 20:51
Քաղաքական

Երևանում մի կաթիլ արյուն չպե՛տք է թափվի․ զանգե՛ք ու ասե՛ք՝ դադարեցնեն․ Աննա Գրիգորյան

«Հենց հիմա զանգեք ներքին գործերի նախարարին ու ասեք՝ դադարեցնի ուժի կիրառումը ցուցարների նկատմամբ, Երևանում որևէ կաթիլ արյուն չպետք է թափվի»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Այնուհետև նա շարունակեց. «Դուք կորցրեք եք ձեր լեգիտիմությունը, այլևս ձեր միակ հենարանը ոստիկանական ուժն է, բերետը, ժողովրդի վրա իրականացվող ուժը։ Զանգեք ՆԳ նախարարին  ու դադարեցրեք այս բիրտ ուժը, որ իրականացվում է  ժողովրդի նկատմամբ։ Ձեր ամբողջ  կյանքը «մարտի 1»-ի մասին եք խոսել, նո՞ւյնն եք ուզում իրականացնել։ Դադարեցրեք։

Բագրատ Սրբազանն ասում է՝ բացեք պատնեշը, ես առաջ եմ գալիս, դուք հազարավոր զորքով այնտեղ կանգենք, ինքը մենակ առաջ է գալիս, գնացեք, խոսեք, այն տրամաբանությունները, որոնք այսօր կան Հայաստանում, պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարճ ժամանակով դուրս եկավ նիստերի դահլիճից, զանգեցի ներքին գործերի նախարարին, ԱԱԾ տնօրենին, զեկուցեցին իրադրությունը, ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Ավելի մանրամասն կծանոթանանք իրադրությանը։  Չի կարելի ասել՝ թողեք, մենք գնանք, Ազգային ժողովը շրջափակենք»։

Աննա Գրիգորյանը նշեց, որ իր գործընկերը ցույց տվեց լուսանկարները, թե ինչպես են ոստիկանական գործողությունների հետևանքով մարդիկ վնասվել։

«Հիմա դուք ուզում եք ասել, որ ձեզ համար ընդունելի՞ է այս ելքը, գործողությունների նման հետևանքները ձեզ համար ընդունելի՞ էին։ 2008 թվականին փառավորվում էիք, երբ ցուցարարը ոստիկանին խփում էր, հիմա փառավորվում եք, որ ոստիկանն է ցուցարարներին ծեծում, բռնության ենթարկում։ Նորմա՞լ է ձեզ համար։

Բավ չէ՞ այն արյունը, որ թափվել է  սահմանների երկայնքով։ Նորից եմ հորդորում՝ հիմա զանգեք ու ասեք, որ դադարեցնեն բիրտ ուժի կիրառում։

Մեկ փաստի արձանագրում՝ դուք այլևս լեգիտիմություն չունեք։ Բոլորիս անվտանգությունից  զատ միայն ձեր անվտանգությունն ենք նախընտրում, ամենից շատ ձեր աթոռն եք սիրում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ն. Փաշինյանն արձագանքեց. «Բոլոր լուսանկարները կնայվեն, կհետազոտվեն, եթե պարզվի, որ Հայաստանի օրենսդրությունից դուրս որևէ բան է  տեղի ունեցել, պետական ինստիտուտները դրան կտան համապատասխան արձագանք»։