կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-07 16:54
Մշակույթ

Գիշերային ակումբի գոյութունը «նորմալ» է, բայց ռեստորան չի՞ կարելի բացել. օպերայի թատրոնում ռեստորանը` «Մի կաթիլ մեղրը»

Գիշերային ակումբի գոյութունը «նորմալ» է, բայց ռեստորան չի՞ կարելի բացել. օպերայի թատրոնում ռեստորանը` «Մի կաթիլ մեղրը»

Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պետք է դառնա ընտանեկան հանգստի վայր և տարածքում պետք է գործեն ռեստորաններ, ինչպես նաև շոգեբաղնիք ու մարզասրահ /այս երկուսը բացառապես օպերայի արտիստների համար/: Ամիրյանի առաջարկությունը բազմաթիվ քննադատությունների արժանացավ` մարդիկ մտավախություն ունեն, որ ռեստորանը կարող է դառնալ մեզ մոտ գործող ռեստորաններից հերթականը: Սակայն նախարարը պարզաբանեց, որ, ցավոք, հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց, բայց խոսքն այլ մակարդակի ռեստորանի մասին է:

Yerkir.am-ի հետ զրույցում օպերայի գեղարվեստա-ստեղծագործական հարցերի գծով տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը նշեց, որ ինքը եղել է Ցյուրիխի օպերային թատրոնում, որտեղ նույնպես գործում է` ռեստորան, ուղղակի այն նախատեսված էր միայն էլիտար հանդիսատեսի համար: Գրիգորյանը նշեց նաև, որ տեղյակ է` նման ռեստորաններ են գործում «Գրանդ-օպերայում», «Մետրոպոլիտեն» օպերայում` գրեթե ամեն տեղ, և խնդիրն այն է`ինչպես են այն մատուցում:

«Ռեստորան կոչվածը մի քիչ հարաբերական է ընկալվում մեզ մոտ, բայց եթե դրսում կա նման փորձ, ինչո՞ւ պետք է մեզ մոտ չլինի: Իսկ շոգեբաղնիքի հետ կապված` մեր բալետի արտիստներին անհրաժեշտ է դա, նախկինում թատրոնն ուներ շոգեբաղնիք, բայց երբ բացվեց «Օպերա»  ակումբը, մեր տարածքը մեզ չէր բավականացնում, և շոգեբաղնիքը դարձավ դասասենյակ: Շոգեբաղնիք մեզ շատ է պետք, բայց այն, ինչպես նախարարն էր ասում, պետք է գործի միայն մեր աշխատակիցների համար»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց նաև, որ մեզ մոտ մի շարք թատրոններում լինում են շնորհանդեսներ, հանդիպումներ, և օպերայում էլ կա համապատասխան տարածք դրանց համար, մնում է` այն ճիշտ օգտագործեն`  չխանգարելով թատրոնի աշխատանքին: Բացի այդ, ռեստորանից ստացված շահույթը կարող են ներդնել ներկայացումների համար.«Այդ գումարը կարող է օգտագործվել ի շահ օպերայի և սա բիզնես չէ` բիզնես «Փարավոնն» ու «Փարվանան» են անում»:

Երեկ Հովհ. Թումանյանի անվան թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշել էր, որ օպերայի ֆինանսական հոսքերն ավելացնելու այլ ելք գիտի` թատրոնի հարակից տարածքը` սրճարաններ, ավտոկայանատեղի, իր հարկերը վճարի ոչ թե քաղաքապետարանին, այլ` թատրոնին: Մեր հարցին, թե որքանո՞վ է համաձայն Բաբայանի հետ` Պողոսյանը պատասխանեց, թե` լիովին.«Մինչև 1988 թ.` օպերայի ողջ տարածքը պատկանում էր օպերային, բայց դրսում սրճարաններ չկային` կանաչ տարածք էր, իսկ հետո քաղաքապետարանին տվեցին տարածքն ու այնտեղ սրճարաններ բացվեցին: Հիմա մեզ պատկանում է դրսի` 1 մետր հատվածը…»:

Օպերայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ նշեց, որ 20 տարի է` այնտեղ ակումբ է գործում, ինչո՞ւ չպետք է այն վերածվի ռեստորանի, որը կծառայի օպերայի շահերին:

«Երբ նայում ենք համաշխարհային պրակտիկան, տեսնում ենք, որ բոլոր անվանի օպերաներում, ասենք` «Մետրոպոլիտեն»-ում, երկրորդ հարկում ռեստորան է գործում, և բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ տոմս են գնում, իրավունք ունեն մինչև ներկայացման սկիզբն ընթրելու, իսկ ընդմիջման ժամանակ` սրճելու: Ռեստորանների գոյությունն օպերաներում միջազգային պրակտիկայում ընդունված է` Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում… Ես կողմ եմ գաղափարին»,-ասաց Օրբելյանը:

Նա նշեց նաև, որ ռեստորանի գաղափարի շուրջ ծագած աղմուկը չի ընդունում, և նրանց, ովքեր դեմ են առաջարկությանը, հարցնում է` ինչո՞ւ այսքան ժամանակ աղմուկ չէին բարձրացնում «Օպերա» ակումբի գոյության մասին:

 Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն էլ նշեց, որ ժամանակին թատրոնն ուներ հրաշալի մի բուֆետ, որը, ցավոք, լուսահոգի Գեղամ Գրիգորյանը փակեց և այն դարձավ Գրիգորյանի աշխատասենյակը: Գալստյանը կուզեր` այդ բուֆետը վերականգնվեր` թեկուզ ռեստորանի տեսքով.«Ես միանշանակ կողմ եմ նախարարի առաջարկին, և կարծում եմ, որ պետք է նախ մեր բուֆետը վերականգնվի, քանի որ տարածքում, որը հիմա բուֆետի է վերածվել, չես կարող երկար մնալ` մեղմ ասած` այնքան էլ հաճելի չէ»: