կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 16:31
Առանց Կատեգորիա

Համլետը և Կիկոսը

Համլետը և Կիկոսը

 Մարդկանց պետք է օգնել, որպեսզի նրանք հարցեր ունենան: Եթե արվեստը սկսեր պատասխաններ տալուց, բոլոր ստեղծագործողները կլինեին մարգարեներ: Բոլոր գաղափարախոսությունների մեջ հենց այս «մարգարեական» ջիղը կա: Ցանկացած հարց ինքնին հակագաղափարախոսական է, որովհետեւ, ի թիվս բազում պատասխանների, ունի սոսկ հարց լինելու հմայքը: Հենց այդ պատճառով էլ ոչ մի ստեղծագործություն ինքնին ոչ մի հարցի պատասխանը չէ:

 

Աստվածաշունչն անգամ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` պատասխաններ տալիս: Ու երբ ասում է՝ մի' սպանիր, սա «ինչո՞ւ չսպանել» հարցի պատասխանը չէ: Որովհետեւ պատասխանը մարդու գոյության մեջ է, ինչպես սիրտն է օրգանիզմում: Պարզ է, որ ամեն ինչ անհեթեթ է, եթե ամեն ինչի գլխավոր պրիզման մարդն է: Ցանկացած հարցի ստատիկ վիճակը, ուղղական հոլովը «ինչո՞ւ»-ն է: Արվեստը մեզանից յուրաքանչյուրի «ինչո՞ւ» է:

 

«Լինե՞լ, թե՞ չլինել»,- հարցնում է Համլետը: Որովհետեւ լինելու տասնյակ տարբերակներ կան: Եվ դրանցից յուրաքանչյուրում խցկված է մարդը: Եվ եթե մենք 7 միլիարդ ենք, գոտեպնդված ենք` նույնը լինելով: Ինչո՞ւ լինել: Ցանկացած մարդասպան ինքնագլուխ չլինելիք է: Պաստերնակին հարցնում են՝ ի՞նչ է մարդը: Չի պատասխանում: Որովհետեւ մարդը Քրիստոս է խաչել: Ինչո՞ւ հավելյալ խոսել այդ մասին, ինչո՞ւ հիշեցնել, որ մարդը մարդ չլինելու գայթակղությունն է: Օսկար Ուայլդը Քրիստոսին անվանում էր բանաստեղծ: Քանզի Քրիստոսը հեռացավ հարցով՝ ի՞նչ անելիք է մարդ խաչելը:

 

Մի քանի օր առաջ «Երիտասարդական» մետրոյի հարեւան անցումում լսում եմ մի «կտրիճի» կարճ հաղորդագրությունը. «Սաղ բոմժերին էստեղից լարել եմ»: Հասկանո՞ւմ եք, իր էությամբ այդ մարդը քաղաքական գործիչ է, նախ՝ հարցեր չունի, երկրորդ` խնդիր է լուծել, երրորդ` համոզված է, որ էդ մարդիկ բոմժ են ծնվել, չորրորդ` նրանց վռնդել է ի բարօրություն ուրիշների, հինգերորդ` համոզված է, որ արժանի է դրվատանքի, վեցերորդ` արածի մեջ ստեղծագործություն չկա, յոթերորդ` անձամբ ոչինչ չի արել, որ այդ մարդիկ բոմժ չլինեն, ութերորդ` ունի երեխաներ, իններորդ` հաստատ խմում է ազգի բարօրության համար, տասներորդ` չգիտի, թե ով է բոմժը, տասնմեկերորդ` նրա համար «բոմժերին լարելը» գաղափարական համոզմունք է, տասներկուերորդ` երբեք չի հանդիպել Քրիստոսին:

 

Երբ զորավար Անդրանիկը յուրաքանչյուր հայի կոչ է անում գլուխը բարձին դնելուց առաջ մտածել հայ ազգի մասին, ուզում է ասել՝ հարցեր չունե՞ք: Որովհետեւ ինքը ունի, հարցնում է, չէ՞, աղջիկ ջան ինչո՞ւ ես հղիանում, մոծա՞կ է պտուղդ, որ հեռացնում ես, դու քո սեռի արժանապատվությունը չունե՞ս, ինչ-որ բան լսե՞լ ես հայ մայրերի մասին, դու, որ ընտրություններին չես խորշում 5 հազար դրամ վերցնել քո ձայնը բաշխելու համար, ինչո՞ւ ես դստերդ զրկում Հայաստանի վաղված օրը լինելուց: Ի՞նչ է հարցնում, հարցնում է, չէ՞, դու տարբերություն տեսնո՞ւմ ես քո եւ թուրք ասկյարի միջեւ: Կամ ի՞նչ է ձեզ պետք, որ ծննդաբերեք: Հարցնում է, չէ՞, կարդացե՞լ ես «Կիկոսի մահը»«Մայրը» եւ «մորաքույրները», նաեւ «տատը» ողբում են չծնվելիք որդու դիակի վրա, որովհետեւ մահն ընտրել չեն կարող, իսկ սպանությունը ընտրովի է՝ լինի՞, թե՞ չլինի: Նրանք ողբում են չլինելու սարսափից: Ողբում են, որովհետեւ միշտ կա մայր չլինելու սպառնալիքը: Եվ, ընդհանրապես, նույնը չե՞ն` խաչելը, «բոմժ լարելը» եւ աբորտ անելը: Բոլորն էլ մարդու ընտրած լինելիքն են:

 

Սեյրան Հանոյան