կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 11:32
Տնտեսական

Երբ բյուջեն գծում են "տապոռով"

Երբ բյուջեն գծում են "տապոռով"

Վերջերս Forbes ամսագրում հրապարակվեց վերլուծություն, ըստ որի` բիզնեսով զբաղվելու համար լավագույն երկրների վարկանիշային ցանկում` աշխարհի 134 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը` հետ մնալով իր բոլոր հարեւաններից:

 

Հաշվարկ կատարելիս հաշվի են առել 11 չափորոշիչներ, որոնցից մեկն էլ` հարկային բեռը: Այստեղ է, որ մեր կառավարությունը ճգնաժամի պայմաններում (մենք դեռեւս չենք հասել տնտեության նախաճգնաժամային ցուցանիշներին) առաջնորդվում է ոչ թե տնտեսության աճի ու բիզնեսի զարգացման մեթոդաբանությամբ ու միջազգային փորձով, այլ, թերեւս, ապարանցի մի գյուղացու հազարամյա խոսքով` էշի բեռը որքան ծանր լինի, այնքան լավ կգնա:

 

Կառավարությունն ԱԺ-ին արդեն իսկ «ծանուցել» է պետության թիվ 1 օրենքի` եկող տարվա բյուջեի մասին: Նորածին բյուջեն դեռեւս անանուն է, բայց մենք արդեն լսել ենք նրա առաջին, ժողովրդահաճո ճիչը` կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստների բարձրացում մոտ երեք հազար դրամով, ուստի նրան արժանավորապես կկնքենք` նախընտրական-պոպուլիստական:

 

Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մի պաշտոնյա լրագրողներին հայտնել էր, որ եկող տարի կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, իսկ եթե դա լինի, ապա միայն քաղաքական որոշման դեպքում: Հասկանալի է, որ կենսաթոշակների եւ նպաստների չնչին բարձրացումն անգամ իշխանությունների քաղաքական կամքի դրսեւորում է, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական առկա իրողությունների օրինաչափ հետեւանք, իսկ որ ավելի օրինաչափ է` այն պարզապես նախընտրական սովորական ժեստ է, ինչպես նախընտրական ասֆալտը, էժան սերմացուն կամ տուկի թելը, որոնք բոլորն էլ, վերջին հաշվով, նույն` շարքային քաղաքացու գրպանից են դուրս գալիս:

 

Փորձենք, այնուամենայնիվ, հասկանալ, թե այդ ինչի՞ հաշվին է եկող տարվա բյուջեի եկամտային մասը ավելանալու, այդ որտեղի՞ց է կառավարությունն ակնկալում 6,8% եկամուտների աճ` սոցիալ-տնտեսական ճգնաժամից դեռեւս դուրս չեկած երկրում: Եվ այսպես` 2012թ. բյուջեն եկամուտների մասով կազմելու է 910 մլրդ դրամ, ծախսային մասով`1 տրլն 42 մլրդ դրամ, դեֆիցիտը կամ պակասուրդը 132,5 մլրդ դրամ է, որն, ի դեպ, ավելի փոքր է, քան այս տարի, ինչը կարող ենք համարել դրական միտում: Բյուջեի եկամտային մասն ապահովելու են առաջին հերթին հարկային եկամուտները եւ սոցիալական ապահովության վճարները` 874 մլրդ դրամ (համապատասխանաբար 732 մլրդ եւ 142 մլրդ դրամ), իսկ մնացածն ակնկալվում է դրամաշնորհների՝ 14,8 մլրդ դրամ, եւ այլ եկամուտների` 20,8 մլրդ դրամ, տեսքով:

 

Մինչդեռ 2011-ին հարկային եկամուտներն ու սոցվճարները միասին կազմում են 773 մլրդ դրամ: Ստացվում է` եկող տարի պետեկամուտների կոմիտեն պարտավոր է հավաքագրել 101 մլրդ դրամ ավելի: Որտեղի՞ց, հարցնում ենք: Կառավարությունը եկամուտների ավելացում կանխատեսում է ինչպես ԱԱՀ, ակցիզային, շահութահարկի, եկամտահարկի մասով, այնպես էլ մաքսատուրքերի եւ անգամ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասով: Ու որպես «հիմնավորում»` վարչապետը Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հանդիպման ժամանակ ասել է, թե առաջիկայում ԱԺ է ներկայացվելու հարկային փաթեթ, որի նպատակն է ընդլայնել երկրի հարկային բազան:

 

Իսկ մինչ այդ նախարարներին հանձնարարել էր մեկ շաբաթվա ընթացքում տեղեկություններ տրամադրել ֆինանսների նախարարությանը` իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ: Վարչապետի դիտարկմամբ` լրացուցիչ եկամուտներ կարելի է ակնկալել էներգետիկ, քաղաքաշինության, տրանսպորտի ու կապի եւ անգամ առողջապահության ոլորտներից: Իսկ ի՞նչն էր մեզ խանգարում մինչեւ հիմա: Ստացվում է, որ վարչապետը գիտեր եկամտի լրացուցիչ աղբյուների տեղն ու մինչեւ հիմա գաղտնի էր պահում:

 

Իսկ եթե ավելի լուրջ, նշված բոլոր բնագավառներում միշտ էլ եղել են եկամտի լրացուցիչ աղբյուրներ, պարզապես այդ աղբյուրների բանալիները կոնկրետ հասցեատերեր ունեն` հզոր տերեր: Նրանք բոլորն էլ նշանակովի բիզնեսմեններ են, որոնք անձեռնմխելի են և իրենք են որոշում, թե ինչքան հարկ վճարեն բյուջե: Ուրեմն` ո՞ւմ վրա է ծանրանալու նոր հարկերի բեռը, եթե ոչ` մանր ու միջին ձեռնարկատերերի: 2010թ. տվյալներով, փոքր եւ միջի ձեռնարկությունների թիվը հանրապետությունում կազմել է 133 հազար կամ ընդհանուր գրանցվածների 97,7 տոկոսը: Սրանցից շուրջ տասը հազարն է համարվում միջին ձեռնարկություն, մնացածը փոքր եւ գերփոքր` մեկ-երկու աշխատողներով, ձեռնարկություններ են: Նրանց տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում շուրջ 43 տոկոս է:

 

Հենց այս քարշակն էլ իր ուսերին կրելու հարկայինի լրացուցիչ բեռը: Մանավանդ առջեւում ընտրություններ են, եւ խոշորները խոշոր խաղադրույքներ կկատարեն նախընտրական դաշտում` իրենք իրենց վերարտադրելու համար, եւ ոչ թե իրենց գումարները կզոհաբերեն «դանայան տակառե հիշեցնող բյուջեին: Իսկ տնտեսության շուրջ 40 տոկոսը կազմող ստվերը, որի մասին բացեիբաց խոսում են նաեւ իշխանությունները, այդպես էլ կմնա ստվերում:

 

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ