կարևոր
3148 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 11:13
Քաղաքական

Խորհրդարանը հաստատեց 2023թ․-ի պետական բյուջեն

Խորհրդարանը հաստատեց 2023թ․-ի պետական բյուջեն

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հաստատել է 2023 թվականի պետական բյուջեն։ «Կողմ» է քվեարկել 66 պատգամավոր, ընդդիմադիր պատգամավորները «դեմ» են քվեարկել։

Նախագծով 2023 թ. պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն  591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով եւ կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել եւ սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամի չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ:

Տիգրան Խաչատրյանը ավելի վաղ հայտնել է, որ 2023 թ. պետական բյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ արտարժութային գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ դեֆիցիտի դրամային համարժեքներում: Երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները: Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների չափով նվազեցվել են 2023 թ. պետական բյուջեով սահմանված Կառավարության պահուստային ֆոնդի միջոցները:

Նախարարի խոսքով՝ բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաեւ կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել 4.1 մլրդ դրամով: Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամով, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով Կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով: Որոշ դեպքերում 2023 թ. պետական բյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022 թ. նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ եւ այդ մասով ներառվել են գալիք տարվա ծրագրային անելիքների ցանկում:

ԼՂ-ին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023 թ. կկազմի 136 մլրդ դրամ: Այդ չափը սահմանվել է՝ ելնելով ԼՂ-ի սոցիալական եւ տնտեսական առաջնահերթություններից: Նախնական նախագծով նախատեսված էր, որ ԼՂ-ին հատկացվելու է 144 մլրդ դրամ, սակայն ԼՂ-ի կառավարության դիմումի արդյունքում 8 մլրդ դրամը հատկացվելու է ավելի շուտ՝ ընթացիկ տարում:

Նախարարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Կառավարությունը պատգամավորներից ստացել է 45 առաջարկ. դրանց մի մասն ընդունվել է:

Ամփոփելով ելույթը՝ նախարարն ընդգծել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսական միջավայրին կհաղորդի ավելի բարձր հուսալիություն, հարկային եկամուտները կշարունակեն աճել Կառավարության ծրագրով սահմանված հնգամյա նպատակներին համահունչ, պաշտպանական ծախսերի ավելացումը թույլ կտա էապես բարելավել սահմանների պաշտպանությունը, տնտեսական, կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտներում կլինեն բավարար ֆինանսական հատկացումներ՝ սկսված բարեփոխումները շարունակելու համար: Պետական բյուջեի դեֆիցիտը կմնա հուսալի կառավարման միջակայքում եւ կնպաստի պետական պարտքով պայմանավորված մակրոտնտեսական ռիսկերի նվազեցմանը,  պետական պարտքը կվերադառնա որակապես նոր, համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը չգերազանցող միջակայք եւ կբարձրացնի վստահությունը Կառավարության վարկունակության առնչությամբ: Բյուջետային ծրագրերի ռազմավարական հենքը կբարձրացնի Կառավարության ծրագրի նպատակների հետ կապի տեսանելիությունը, եւ բյուջետային ծրագրերը կդառնան ավելի արդյունավետ եւ կապահովեն ավելի մեծ հանրային օգուտներ: