կարևոր
8065 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 12:24
Քաղաքական

Համայնքային ու պետական բյուջեն մսխվում է անբովանդակ միջոցառումներ կազմակերպելու համար

Համայնքային ու պետական բյուջեն մսխվում է անբովանդակ միջոցառումներ կազմակերպելու համար

Հաշվի առնելով Կառավարության կողմից ապազգային փառատոնների ու անճանաչ արտիստների վրա ծախսվելիք գումարների փաստը, պետբյուջեի անիմաստ վատնումները, մի ճոխ և անարդյունք ճամփորդությունները, Yerkir.am-ը փորձել է ճշտել` որքա՞ն գումարներ են ծախսվել տարբեր միջոցառումների վրա 2020 թ. կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո  համայնքային ու պետական բյուջեներով, ի՞նչ նպատակով են ծախսվել այդ գումարները, այդյո՞ք նշված  բյուջեներով կազմակերպված միջոցառումներն ու փառատոնները ծառայում են պատերազմներից արյունաքամ երկրի հասարակության վերազարթոնքին, հզորացմանն ու հառնմանը։

Տրամադրված գրավոր տեղեկատվության մեջ աչքի զարնողներից էր  2022 թ. Ծաղկաձոր քաղաքում անցկացված «Ջազ ջեմ» երաշտական փառատոնը, որի կազմակերպման համար համայքային բյուջեից հատկացվել է 9,5 մլն, իսկ 5 մլն 600 հազար դրամ  Hayat project-ի համերգային ծրագրի համար, որն իրականացվել է կրկին 2022 թ.՝ Ծաղկաձորում։

Հրազդան քաղաքում երիտասարդության օրվան նվիրված համայնքային բյուջեից հատկացված միջոցներով կազմակերպվել է «Նեմրա» ռոք խմբի համերգը, որի համար տրամադրվել է 1 մլն 320 հզ դրամ։

Երևանի համայնքային բյուջեից 2022 թ. 30 մլն դրամ է հատկացվել Ջազի միջազգային օր տոնելու համար, իսկ արդեն 2023-ին՝ 89 մլն դրամ։

174  մլն 635 հզ դրամ է հատկացվել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը։ Արամ Խաչատրյանի ծննդյան միջոցառման կազմակերպումն, անկասկած, ողջունելի է, բայց ինչի՞ վրա են ծախսվել այդ միլիոնավոր դրամները։ 49 մլն դրամ էլ հատկացվել է Երևանի օրերը Գյումրիում Սիմֆոնիկ Ռենկարնացիա անվամբ միջոցառման անցկացմանը։

Ցանկը կարելի է երկար թվել։ Հատկանշական է, որ համայնքներում առավել քիչ գումար է ծախսվել հատկապես եկեղեցական, տոնածիսական, Ազգային Բանակի, Անկախության, Առաջին Հանրապետության օրվա և այլևայլ խորհրդանշական օրերի առիթով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Օրինակ, Սպիտակ քաղաքում Տյառնընդառաջը նշելու համար տարեկան կտրվածքով հատկացվել է 23 հզ դրամ, իսկ օրինակ Երիտասարդների տոնին 375 հզ 790 դրամ։ Կամ, օրիանակ, Աշտարակ քաղաքում 2021 թ․ Հայոց բանակին նվիրված տոնական միջոցառմանը ծախսվել է 403 հզ դրամ, 2023 թ․ ավելի քիչ՝ 310 հզ․և սա այն պարագայում, երբ որպես պատերազմում պարտված երկիր նոր սերնդի մեջ պետք է սերմանել ռազմահայրենասիրական ոգին ու նրանց պատրաստել գալիք հաղթանակներին։ Փոխարենը նույն Աշտարակ քաղաքում Ամանորյա միջոցառման համար հատկացրել են 1,5 մլն դրամ։

Նման պատկեր է գրեթե բոլոր համայնքներում։ Այսինքն, կերուխումն ազգային ու հայրենասիրական ցանկացած բանից վեր դասելու պետական քաղաքականություն է տարվում։ Այս ամենով փորձում են հանրությանը շեղել իրականությունից, փորձելով մոռացնել տալ, բթացնել այն աղետը, կորուստներն ու ցավը, որոնք պատերազմից հետո հայ ժողովրդի գլխին բերեց փաշինյանական իշխանությունը։

Ավելի ողբերգական պատկեր է Երևանի տարբեր վարչական շջաններում։ Օրինակ, Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման համար 2023 թ․ հատկացվել է Աջափնյակում 3 մլն 800 հզ դրամ, Ջազի միջազգային օրվա համար 3 մլն 900 հզ դրամ գումար, բայց, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության միջոցառման համար 478 հզ դրամ։

Էրեբունի վարչական շրջանում Մայրության տոնին մեկ տարվա համար համայնքային բյուջեից ծախսվել է 5 մլն 953 հզ դրամ, իսկ Բանակի օրվա միջոցառման համար ընդամենը 680 հզ դրամ։

Փաշինյանի Կառավարությունից ակնկալել համապատասխան վերահսկողություն համայնքային բյուջեի նկատմամբ և, ինչու չէ, համայնքային ծրագրերի բովանդակային ուղղորդում իրականացնել՝ զավեշտալի է։ Իշխանությունը նախևառաջ ինքը պետք է 180 աստիճան վերափոխվի ու պետական բյուջեի միջոցները չվատնի անիմաստ փառատոնների, համերգների, հասարակությանն այլասերող անհասկանալի, օտար ու նորահայտ տոների ու երգիչների վրա, հատկապես, երբ այդ նույն Կառավարության պատճառով երկիրը կանգնած է ամենալուրջ ու ամենաբարդ մարտահրավերների առաջ։

Անի Նահապետյան