Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2010 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց 13,5 տոկոս անկում, որը ամենամեծն էր ողջ ԱՊՀ ում: 2011 թվականի հունվարի 26-ին կառավարությունում տեղի ունեցած գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «2011 թվականի համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, եւ մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները եւ աճ ունենանք»:
Կառավարությունն իսկապես որոշ քայլեր կատարեց, որ հասնենք այդ աճին, գյուղացիներին տրվեցին էժան վարկեր, գյուղնախարարն ավտոբուսներով այցելեց գյուղեր, սակայն դժգոհությունները չվերացան, ոլորտն էլ շարունակեց դոփել տեղում: Այսօր, արդեն, ճիշտ ժամանակն է, որ կառավարությունը հաշվարկի, թե արդյո՞ք իր հաշվարկներում ճշգրիտ էր, եւ ո՞ւր է խոստացած 10 տոկոսանոց աճը: Այժմ կառավարության խոստացածի ու իրականության տարբերությունը դիտարկենք գյուղմթերքներից ամենաօգտագործվողի` կարտոֆիլի մասով:
Աշխատանքային այցով հոկտեմբերի 4-ին Գյումրի ժամանած գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ չնայած կարտոֆիլի բերքն առատ է լինելու, գնային լուրջ փոփոխություններ կարտոֆիլի շուկայում չեն լինելու: Կարտոֆիլի բերքի առատ լինելը դեռ չի նշանակում, թե այն ավելի շատ կլինի, քան նախորդ տարի: Նախորդ տարի գյուղմթերքից ամենամեծ գնային թռիչքը արձանագրվեց կարտոֆիլի եւ խնձորի մեջ: Կարտոֆիլը վաճառվում էր 300-450 դրամով: Եվ եթե կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, որ նախորդ տարվա գներն են լինելու, նշանակում է հաստատ կարտոֆիլը կթանկանա:
Որո՞նք են կարտոֆիլի թանկացման հիմնական պատճառները: Հայաստանում կարտոֆիլը հիմնականում մշակվում է Շիրակի, Գեղարքունիքի, մասամբ` Կոտայքի մարզերում: Գեղարքունիքում, օրինակ, կարտոֆիլը գրեթե միակ մշակաբույսն է, որը գյուղացին հանում է վաճառքի: Կառավարությունը չնայած հայտարարեց գյուղատնտեսության առաջանահերթության մասին, սակայն գործնականում որեւէ քայլով չհիմնավորեց նախապես հայտարարվածը: Գյուղացին օժանդակություն էր սպասում կառավարությունից սերմացուի, պարարտանյութի, թունաքիմիկատի տեսքով, իսկ ոռոգման սեզոնին սպասում էր ջրի սակագնի իջեցման:
Կառավարության օգնությունը նկատվեց միայն գյուղատնտեսական վարկերի տեսքով, այն էլ` ոչ բոլորին եւ ոչ` անհրաժեշտ չափով: Իսկ եթե նախկինում տրվում էր մեկ հեկտարի հաշվով 35 հազար դրամ, այս տարի այդ սուբսիդիան վերացվեց: Այս բոլոր հանգամանքներն են պատճառ դառնում հայկական յուրաքանչյուր ընտանիքի համար շատ կարևոր այս սննատեսակի գնի բարձրացման: Սրանցով, սակայն, գնաճի պատճառները չեն սահմանափակվում: Գյուղացին, որ մեծ դժվարությամբ մշակում էր հողը եւ «երկրորդ հացը» 100-150 դրամով վաճառում վերավաճառողներին, արդյունքում չնչին եկամուտ ստանալով, կամաց-կամաց հեռացավ հողից:
Այսօր Գեղարքունիքի մարզում անմշակ է հողերի 60 տոկոսը, նշանակում է` այդքան հողատարածքում կարտոֆիլ ու հացահատիկ չի մշակվում: Մարզի բնակիչների ստվար մի հատված արտագնա աշխատանքի է մեկնել, մի մասն էլ` մշտական բնակության, երիտասարդներին դժվար է կապել եկամուտ չտվող հողի հետ, եւ նրանք առիթ են փնտրում գյուղը թողնելու եւ լավագույն դեպքում` Երեւանում աշխատանք փնտրելու համար: Գյուղերում մնում են միայն ծերերն ու կանայք, որոնք էլ այնքան կարտոֆիլ են մշակում, որքան իրենց անհրաժեշտ է ձմեռն անցկացնելու համար, իսկ մյուս կարիքները հոգում են դրսից ուղարկվող գումարների միջոցով. գյուղերում համարյա բոլոր ընտանիքները «խոպանչի» ունեն: Որեւէ քայլ, որը գյուղացուն կկապեր հողին, կառավարության կողմից այդպես էլ չի ձեռնարկվում:
Ու թեեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ նրան նախորդած Գերասիմ Ալավերդյանը կոկորդ էին պատռում` հայտարարելով, թե ցանքատարածությունները չեն փոքրացել, այնուամենայնիվ, իրականությունը հակառակն է փաստում: Գյուղացիներն էլ ունեն կառավարության «հակագյուղացիական» քաղաքականության իրենց վարկածը. այդ ամենն արվում է խոշոր տնտեսվարողների ճանապարհը բացելու համար: Օրինակ` տարիներ առաջ, երբ Վարդենիսում Գագիկ Ծառուկյանը հսկայական հեկտարներով կարտոֆիլ մշակեց, շրջակայքի գյուղացիները դադարեցրին հողի մշակումը եւ փոխարենը վարձու աշխատանքի անցան նրա մոտ, ինչն էլ դարձավ ցանքատարածությունների կրճատման պատճառներից մեկը: Այս ամենի արդյունքում՝ կարտոֆիլի գինը նախորդ տարի միանգամից բարձրացավ, այն աստիճանի, որ կարտոֆիլագործները շշմեցին 100 դրամ վաճառվող իրենց ապրանքի գնային կտրուկ թռիչքից: Եվ մշտապես կանխիկ գումարի պակաս ունեցող գյուղացին վախեցավ, որ այլեւս «կարտոֆիլի ոսկեդար» չի լինի, ու վաճառեց անգամ սերմացուն: Ու այս պայմաններում արդեն հասկանալի էր ի սկզբանե, որ հաջորդ տարի առավել քիչ են լինելու կարտոֆիլ մշակողները:
Այս ամենի մեղավորը, հաստատ, գյուղացին չէ: Մեծ գնաճից կամ գնանկումից խուսափելու համար, սովորաբար, նորմալ կառավարությունները կատարում են հստակ վերլուծություն սպասվող բերքի քանակի, առավելագույն գնի մասով: Մեզ մոտ կանխատեսում են իրականացնում՝ հենվելով օդերեւութաբանական տեսության եւ գյուղնախարարության առընթեր քահանայի աղոթքների վրա: Օրինակ` գյուղնախարարը, որ գարնանն ու ամռանը բազմիցս այցելեց գյուղեր, կանխատեսումներ արեց ու գյուղացիներին համոզեց, որ «ամեն ինչ լավ ա լինելու», արդյո՞ք չի նախատեսում հիմա եւս ճանաչողական այց կատարել գյուղեր` տեսնելու, թե կոնկրետ ինչն է լավ եղել: Ասվածին հավելենք, որ Համաշխարհային բանկի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից բազմաթիվ վարկային միջոցներ ուղղվեցին գյուղ` առկա խնդիրները լուծելու համար: Բնականաբար, սրանց տնօրինման արդյունավետությունն էլ, մյուս ոլորտների նման, հասարակ գյուղացուս աչքին զրոյական մակարդակում է:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.- Քյավառցին կարտոֆիլ է վաճառում, մոտենում է մի կին եւ, իմանալով, որ գինը 400 դրամ է, զայրանում է.
- Էդ հորդ գնո՞վ ես ծախում:
- Քուր ջան, քո խոր գինն ինչքա՞ն ա, ասա քո խոր գնով ծախեմ: