Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բնակիչ Զարուհի Բաթոյանը բաց նամակով դիմել է Երևանի ավագանու`ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Առաքելություն» կուսակցությունների և «Բարև, Երևան» դաշինքի թեկնածուներին: Նամակում, մասնավորապես, գրված է.
«Մինչ ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում և հասարակական վայրերում չեն պահպանվում այն շինարարական նորմերը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր են ապահովում: Եվ այդ ամենն արվում է ի խախտումն ՀՀ օրենսդրության և ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների:
Հարգելի՛ թեկնածուներ, կոչ եմ անում ծրագրեր կազմելիս և Երևանի քաղաքապետ ընտրելիս առանձնակի ուշադրություն դարձնել այս խնդրին: Խոսքը փաստաթղթերում ընդհանուր ձևակերպումների կամ իրենց դարն ապրած մոտեցումների մասին չէ, ոչ էլ անհարկի շահարկումների, որոնց ականատեսն ենք դառնում ընտրությունից ընտրություն: Հավատացեք` այդ ամենը սովորել ենք հեշտությամբ տարբերել:
21-րդ դարի Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդուն մատչելի միջավայր ապահովելու համար հստակ, որոշակի և չափելի գործողություններ են անհրաժեշտ, պատասխանատու և բարեխիղճ քաղաքապետ` անկախ այն բանից, թե որ կուսակցության անդամ է: Համոզված եմ, որ մեր քաղաքը բոլորինը դարձնելու գործում ձեզ կօգնեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաև իրենց քաղաքը սիրող ինձ նման բնակիչները:
Ես մեկն եմ այն հազարավոր քաղաքացիներից, ովքեր արհեստական խոչընդոտների պատճառով իրենց օտար են զգում մայրաքաղաքում. Երևանը իմը չէ: Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլև դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ:
Հարգանքով` Երևանի բնակիչ` Զարուհի Բաթոյան»: