Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը կողմ է, որ մանր ֆերմերները միավորվեն. «Գյուղացին մենակ է և մեծ գործարանների դեմ չի կարող պայքարել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոռոգման համակարգի խնդիրներին անդրադառնալով` նա հայտնեց, որ ներկա պահին ոռոգման համակարգը նորմալ վիճակում է, սակայն մասնագետների առումով դեռ կաղում ենք: Ըստ բանախոսի` ճիշտ կլինի, որ ոռոգման ջրերի հետ կապված հարցերով ֆերմերները իրենք անմիջականորեն պայմանագրեր կնքեն կառավարության հետ:
Բերբերյանը նշեց, որ Հայաստանում շաքարի գործարան կառուցելը սխալ էր, քանի որ այսօր գյուղացին շաքարի ճակնդեղ չի մշակում քանի որ դա շատ աշխատատար է, բայց քիչ եկամտաբեր: «Գյուղացին գերադասում է կարտոֆիլ մշակել, որ կարճ ժամանակում լավ բերք ստանա, վաճառի ու եկամուտը ստանա անմիջապես»,- ասաց նա` հավելելով, որ հաջորդ տարի հացահատիկի եւ կարտոֆիլի լավ բերք կունենանք, քանի որ սերմնաթարմացում է կատարվել, բնականաբար, կիջնեն նաեւ դրանց գները:
Ինչ վերաբերում է այս տարվա բերքին, ըստ Բերբերյանի, այն, հիմնականում երաշտի պատճառով, այնքան էլ լավ չի եղել: «Սակայն, անցած տարվա համեմատ, օրինակ, ծիրանը, շատ էր: Կարծես, դեղձն էլ է շատ, բայց գինը չի իջնում»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի խաղողի մեծ բերք էր սպասվում, սակայն հիվանդությունների պատճառով ավելի պակաս ստացվեց։ «Այս ամենի պատճառն այն է, որ կառավարության խոստացած 20 տոկոս զեղչով պարարտանյութը գյուղացին ստացավ նույնքան ավելի գումարով»,- ասաց Բերբերյանը։
Հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի առումով, ըստ ագրարագյուղացիական միավորման ղեկավարի, այս տարի ամեն ինչ կարգին է. բերքը, 2010 թվականի համեմատ, ավելի շատ է: