կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-25 01:37
Առանց Կատեգորիա

Վրացահայությունը դեռ խոստումներ չի ստացել

Վրացահայությունը դեռ խոստումներ չի ստացել

Վրաստանում լուրջ ներքաղաքական գործընթացներ են սկսվել: Ակնհայտ է, որ, բացի իշխանական կուսակցությունից, մյուսները ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք են որդեգրել եւ իշխանություններից հրաժարականն են պահանջում: Այս իրավիճակը նոր խնդիրներ է ստեղծում վրացահայ համայնքի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ այս դեպքում ինքը տարանջատում է վրացահայություն եւ ջավախահայություն հասկացությունները, քանի որ նրանց վարքագիծը տարբեր է` կապված մի շարք գործոնների հետ:

«Վրացահայ համայնքը չեզոք է, կոլեկտիվ դիրքորոշում չկա, եւ դա ճիշտ է` իմ կարծիքով: Նրանք առաջնորդվում են` որպես Վրաստանի քաղաքացի, յուրաքանչյուրն ունի իր քաղաքացիական դիրքորոշումը եւ կարող է որոշել` ում աջակցել` ընդդիմությա՞նը, թե՞ իշխանությանը»,- նշեց պատգամավորը:

Շ. Թորոսյանի խոսքերով` վրացահայ համայնքը կարող է կոլեկտիվ դիրքորոշումներով հանդես գալ, եթե ընդդիմությունը կոնկրետ խնդիրներ լուծելու խոստումներ տա, օրինակ, որ իշխանության գալու դեպքում կճանաչեն Ցեղասպանությունը, Առաքելական եկեղեցուն կարգավիճակը կտան եւ այլն: Սակայն ընդդիմադիր որեւէ գործիչ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ որեւէ խոստում դեռեւս չի տվել:

Ըստ պատգամավորի` ջավախահայությունն ավելի զգուշավոր դիրքորոշում ունի, դեռեւս ուսումնասիրում է իրավիճակը, եւ ժողովրդի շրջանում քաղաքական կոչեր չեն հնչեցվում:

Սովորաբար ազգային փոքրամասնություններն աջակցում են իշխանություններին, սակայն ջավախահայության դեպքում այլ է. հետխորհրդային շրջանում նրանք երեք իշխանություն են տեսել, եւ դրանցից ոչ մեկը լուծումներ չի տվել իրենց խնդիրներին, չի կատարել մինչ իշխանություն դառնալը տված խոստումները:

Սա է պատճառը, որ ջավախահայության շրջանում քաղաքական իներտություն է նկատվում, կարծես նրանց համար միեւնույն է, թե ով է գալիս իշխանության:

Շիրակ Թորոսյանն ասաց, որ, անշուշտ, կան մի քանի գործիչներ, ովքեր խոսում են Ջավախքի խնդիրների մասին` դրանք դիտարկելով միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից, չհամարելով ազգային եւ քաղաքական խնդիրներ: Այնինչ, այսօր Ջավախքում առաջնահերթ են լեզվի պահպանման խնդիրը, քրեական հետապնդումների դադարեցումը, կապը Հայաստանի հետ: