կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-11 10:22
Հասարակություն

Ո՞վ է աղանդների թիկունքում

Ո՞վ է աղանդների թիկունքում

Օրեր առաջ «Ռեգնում» գործակալությունը հարցազրույց տպագրեց «եհովականների» կողմից ծեծված Եսայի քահանա Արթենյանի հետ, որը հաջորդ օրն իսկ «հաճույքով» արտատպեց ՀՅ Դաշնակցության նկատմամբ իր պարանոյիկ վերաբերմունքով հայտնի լրատվամիջոցներից մեկը:

 

Հաջորդ օրը մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը, ինչը նույն այդ լրատվամիջոցը լռության մատնեց:

 

Ներկայացնում ենք երկու հարցազրույցներից հատվածներ:

 

«Ռեգնում». - Ի՞նչ լայնությամբ կամ խորությամբ է «վճարված պատվերների» համակարգը տարածվում հայ հասարակության մեջ: Նկատի ունեմ այն, որ մեր հանդիպումներից մեկի ժամանակ Դուք ասացիք «աղանդների ղեկավարների հետ Հայաստանի որոշ քաղաքական գործիչների» բանակցությունների մասին:

 

Եսայի քահանա Արթենյան. - Ինձ, իհարկե, հայտնի չէ, թե հատկապես որ կուսակցության հետ են աշխատում աղանդները: Սակայն ինչ-ինչ խոսակցություններ, այնուամենայնիվ, հասնում են եկեղեցուն եւ հոգեւորականներին: Օրինակ՝ կապված «Կյանքի խոսք» աղանդի եւ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի հետ: Ես հասկանում եմ, որ սա բավական լուրջ եւ պատասխանատու ինֆորմացիա է, այդ իսկ պատճառով չեմ կարող պնդել դրա իրական եւ հավաստի լինելը: Կամ մեկ ուրիշ օրինակ` նույն այդ «Կյանքի խոսք» աղանդը եւ ՀՅ Դաշնակցությունը: Բայց կրկնում եմ, որ սա խոսակցությունների մակարդակով է: Միաժամանակ, կցանկանայի ընդգծել, որ հիշատակված աղանդի մոտ 10 հազար հետեւորդներ իրական ընտրական եւ կառավարելի էլեկտորատ են, ինչը նշանակում է «համեղ պատառ» քաղաքական գործիչների համար:

 

Հարցը միայն այն է, թե քաղաքական գործիչներն ինչ են խոստանում դրա դիմաց, հատկապես  ինչ զիջումներ են պահանջում նրանց հետ պայմանավորվածության եկած այս կամ ուրիշ աղանդների առաջնորդները: Օրինակ` «Եհովայի վկաների» ընտրազանգվածը մոտ տասը հազար հավատացյալ է հաշվվում:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Ռեգնում» գործակալությանը մեկնաբանել է Երեւանի Սբ Երրորդություն եկեղեցու ավագ քահանա Եսայի Արթենյանի հարցազրույցը:

 

 - Հարցազրույցը մեկնաբանելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ ես, լինելով Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակն ու հետեւորդը, միաժամանակ, ի տարբերություն հարգարժան սուրբ հոր, ո՛չ ատելություն, ո՛չ էլ արհամարհանք եմ տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր այս կամ այն պատճառով հեռացել են Հայ Առաքելական եկեղեցուց եւ հարել կաթոլիկներին, բողոքականներին, ամենատարբեր աղանդների կամ աթեիստներին: Ես պարզապես մի քանի հարց կտամ:Եվ պատասխաններն ինձ պետք չեն. ես դրանք գիտեմ: Թող այդ պատասխանները փնտրեն նրանք, ում բանականությունը դեռ լրիվ չի կարծրացել: Որքանո՞վ է արդարացի հավատացյալների հեռանալը ավանդական եկեղեցուց բացատրել միայն սոցիալ-տնտեսական պատճառներով եւ չարանենգ հոգեորս աղանդների խորամանկությամբ: Իսկ գուցե հեռանում են, որովհետեւ ինչ-որ բան նրանց չի բավարարում հարազատ եկեղեցում, որտեղ նրանց կնքել են: Գուցե որոշ հոգեւորականների վարքը բոլորին չէ, որ ոգեշնչում է: Գուցե ինչ-որ մեկին դուր չի գալիս ցանկացած այլախոհության կատաղի ու կիսագրագետ հերքումը, երբ որոշ տերտերներ աղանդներին են վերագրում բոլորին անխտիր, նույնիսկ քույր կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների հետեւորդներին: Մոլեռանդությունը չէ՞ր, արդյոք, որ XI-XII դարերում հայ էթնոսից պոկեց պատմական Հայաստանի հյուսիսային ու հյուսիսարեւմտյան հատվածների, իսկ հետո նաեւ Փոքր Ասիայի բնակչության հսկայական շերտը, երբ կոշտ ռեգլամենտացիան Հայրենիքից հեռացրեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցների, նրանց զրկեց ազգային իդենտիֆիկացիայից ու ինքնագիտակցությունից՝ նրանց կամքից անկախ վերածելով հույների ու վրացիների, իսկ հետո էլ թուրքերի: Չէ՞ որ հենց այն ժամանակ խախտվեց հայ էթնոսի ժողովրդագրական գերակշռությունը նրա բնակության պատմական տարածքում: Թե՞ այն հեռավոր ողբերգությանը եւս վերագրենք անբարենպաստ «սոցիալ-տնտեսական պայմանները»:

 

Սակայն հարգարժան հոգեւորականի հարցազրույցից պարզ է դառնում, որ նա նույնպես հասկանում է, որ բնակչության նյութական ընչազրկությամբ հարցը չես բացատրի: Եվ այստեղ օգնության է գալիս քաղաքական ինտրիգը: Իբր, որոշ քաղաքական շրջանակներ, ընտրազանգվածի փնտրտուքներում, մտերմանում են վտանգավոր աղանդների հետ եւ սկսում նույնիսկ աջակցել նրանց: Զգուշությունը, այնուամենայնիվ, հաղթում է, եւ քահանան վերապահում է անում՝ այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով է: Իսկ եթե այդպես է, ապա չպետք է այդ խոսակցությունները տարածել, սուրբ հայր: Չէ՞ որ Ձեզ, ըստ կարգի, հարիր չէ դատարկախոսությունը: Եվ երիտասարդ հոգեւորականին չի սազում իր մտահայեցողական շինվածքին խառնել չապացուցված մեղադրանքներ Դաշնակցության հասցեին: Ձեզ պետք է դեռ սեմինարիայում տեղեկացնեին, որ հանուն մեր հավատի ու մեր Եկեղեցու այս կուսակցությունը կռվել է ե՛ւ թուրք ջարդարարների, ե՛ւ ցարական Ռուսաստանի ժանդարմների ու կազակական ուրյադնիկների, ե՛ւ բոլշեւիկյան գործակալների դեմ, որոնք փորձում էին ջլատել Սփյուռքը: Իսկ եթե ինչ-որ հարցում թերուս եք մնացել, դիտեք «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը: Գուցե դուք պարզապես առիթ եք գտել (ոչ այնքան հաջող)՝ արտահայտելու ձեր դժգոհությունը Դաշնակցությունից, իսկ այդ դժգոհության իրական պատճառներն ուրիշ են: Ուրեմն՝ ասեք, մի' ամաչեք: Եվ վերջինը: Եվրոպան չէ, որ քայքայիչ գարշելիություն է բերում մեր հասարակություն: Այդ մեր հասարակությունն է նախընտրում Եվրոպայից վերցնել միայն անպետք բաներ: