կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 22:36
Հասարակություն

ՀՀ նախագահը այցելել է Էջմիածին

ՀՀ նախագահը այցելել է Էջմիածին

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից yerkir.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էջմիածին` մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

 

ՀՀ նախագահը այցելել է վերջերս հիմնանորոգված Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարան, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դիտել թանգարանի ցուցադրությունները: Թանգարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել նախագահին՝ այն աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն բարելավել թանգարանային պայմանները:

 

Ս. Սարգսյանն Էջմիածնում նաեւ հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դրել Արցախի հերոսամարտի հուշարձանին: Նախագահն այնուհետեւ մասնակցել է Էջմիածնի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին: Տոնի առթիվ, Էջմիածնի ավագանու որոշման հիման վրա, Սերժ Սարգսյանին շնորհվել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

 

Հանրապետության ղեկավարը նախ շնորհավորել է բոլոր էջմիածինցիներին՝ քաղաքի տոնի կապակցությամն, ապա իր շնորհակալական խոսքում ասել. «Այս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալն ինձ համար մեծ պատիվ է: Մեծ պատիվ է` որովհետև Էջմիածինը նախ համայն հայության հոգեւոր կենտրոնն է, երկրորդ` Էջմիածինը մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքի մայրաքաղաքներից մեկն է եւ երրորդ, որ պակաս կարեւոր հանգամանք չէ՝ մեր անկախության կերտման գործում էջմիածինցիների վաստակը շատ մեծ է: Էջմիածնի զավակները մեր հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել նաեւ երեկվա պայծառ իրադարձության` մեր ֆուտբոլի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ: Սա մեկ անգամ եւս ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, թե ինչի կարող ես հասնել, երբ ջանքերը համատեղում ես, ունես նպատակ եւ դեպի այդ նպատակը գնում ես հաստատուն քայլերով»,-ասել է ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանը էջմիածինցիների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքների մասին: Նշելով, որ Ֆրանսիան մեծ ութնյակի եւ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է` Ս. Սարգսյանը ասել է, որ այդ երկրի նախագահի Հայաստանում արված հայտարարությունները չեն կարող պահի տակ ասվել կամ ինչ-որ մեկին դուր գալու համար: «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, թե ինչպես էին երեք տարի առաջ մեզ փորձում մեղադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացն սկսելու համար: Եվ ամենամեծ մեղադրանքներից մեկն այն էր, որ այդ նախաձեռնությամբ մենք կասկածի տակ ենք առնում Հայոց ցեղասպանության խնդիրը, փլուզում ենք Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Ինչպես կյանքը ցույց տվեց`այդ մեղադրանքները ոչինչ չարժեին այն ժամանակ: Կարծում եմ հիմա մեր հայրենակիցները հասկացան, որ այդ մեղադրանքները որեւէ հիմք չունեն»,-ընդգծել է ՀՀ նախագահը: