կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 11:31
Հասարակություն

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 22-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայում գործող այս երկու հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշակերտների հետ զրուցել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին՝ հավելելով, որ դա ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային ընդգրկում ունի, քանի որ պայքարի նպատակն է կանխարգելել նման ոճրագործությունների կրկնությունը մարդկային կյանքում:

Հետաքրքրվելով վարժարանների սաների ուսումնառությամբ` Գարեգին Բ Հայրապետը հորդորել է հայորդիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը և դառնալ իրենց ժողովրդի արժանավոր զավակներ՝ բարձր պահելով նրա անունն ու պատիվը Ֆրանսիայի մեջ: 

Հայոց Հովվապետը սաներին պատգամել է նաև զորացնել իրենց կապերը Եկեղեցու հետ և մշտապես հաղորդ լինել ազգային արժեքներին ու սրբազան ժառանգությանը, որպեսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնությունը: 

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին Հայաստան և Մայր Աթոռ այցելությունները կազմակերպելու համար:

Իրենց հերթին աշակերտներից մի քանիսը ասմունքել են` հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ֆրանսահայ աշակերտներին և ի հիշատակ այցի նրանց խաչեր է ընծայել: