Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Մամաս ասում ա` ես քյալամի միջից եմ դուրս եկել: Բայց ես գիտեմ, որ քյալամից տոլմա են սարքում»,- ասում է 8-ամյա Արթուրիկը: Իսկ 6 տարեկան Ամալյայի խոսքերով` ինքը ձվից է դուրս եկել: «Սուրենչո ապերն էլ ա ընդեղից»,-ասում է աղջիկը: 7-ամյա Արայիկն էլ կարծում է, որ իրեն «գռուզավիկն ա բերել»...
Երեխաների նման պատասխանները ծնողների` սեռական կրթության նկատմամբ ունեցած ոչ ճիշտ մոտեցման արդյունք են: Ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանի խոսքերով` երեխաների սեռական դաստիարակությունն այնքան էլ ճիշտ չի կատարվում մեր հանրապետությունում` թե' կրթական և թե' դաստիարակչական առումով:
Ինչպես մեկնաբանում է բժիշկը, ծնողներն ամաչում են սեռական կյանքին վերաբերող որևէ թեմայի անդրադառնալ և այն քննարկել երեխայի հետ: «Որովհետև բավարար գիտելիքներ չունեն և այդ առումով դաստիարակված չեն»,- ասում է նա` հավելելով, որ առաջնահերթ պետք է զբաղվել ծնողների հատուկ դաստիարակությամբ, որը պետք է կատավի տեղական հիվանդանոցներում: «Պետք չէ մտածել, թե ամոթ է և չի կարելի»,- ասում է Ջանեցյանը:
Ըստ հոգեբան Նելլի Սահակյանի` երեխաների սեռական դաստիարակությունը պետք է սկսել 11 տարեկանից, քանի որ այդ ժամանակ է սկսվում նրանց սեռահասունության շրջանը: «Ծնողը պետք է երեխային նախապատրաստի, բացատրի օրգանիզմում ի հայտ եկող փոփոխությունները. օրինակ` ամորձիների չափերի մեծացում, դաշտանային շրջան»,- ասում է հոգեբանը` հորդորելով չխուսափել երեխաների հետ այդ թեմաներից խոսելուց, այլապես նրանց սխալ տեղեկատվությոսւն կստանան ինտերնետից:
Իսկ ըստ Հովհաննես սարկավագ Ներսիսյանի` երեխաների հետ սեռական կյանքին վերաբերող թեմաներով կարելի է խոսել այն ժամանակ, երբ ծնողը գիտակցում է երեխայի հասուն լինելը: Եթե երեխային փոքր հասակում տեղեկացնում ենք, որ Ադամին ստեղծեց Աստված, երեխան գիտակցում է, որ իրեն նույնպես Աստված է ստեղծել: «Իսկ երբ նա չափահաս դառնա և հասկանա, որ ծնողներն ամուսնացել են և զավակ են ունեցել, նրա համար պարզ կլինի, որ ինքը նույնպես այդկերպ է ծնվել: Բոլորիս ստեղծում է Աստված, սնում` ծնողը»,- եզրափակեց Հովհաննես սարկավագը: