կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 11:13
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Գեղամ Ղարիբջանյանի փեշակը

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Գեղամ Ղարիբջանյանի փեշակը

Ժամանակ առ ժամանակ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը սկսում է զբաղվել խորհրդարանի բյուջեն «տնտեսելու» ծանր գործով: Գեղամ Ղարիբջանյանի մեջ նման հակումներ արթնանում են գարնանը եւ աշնանը, եւ միայն լրագրողների համապատասխան դժգոհություններից կամ հրապարակումներից հետո վերջինս ականջալուր է լինում իր վերադասի` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի կոչին` դադարեցնել սեզոնային տնտեսումները:

Անցնող ողջ շաբաթվա ընթացքում այդպես էլ չաշխատեց ԱԺ այն վերելակը, որից հիմնականում օգտվում են լրագրողները իրենց համար նախատեսված աշխատանքային սրահը բարձրանալիս: Խնայողություն է արվում նաեւ ԱԺ միջանքներում տեղադրված ջրի ապարատների ու բաժակների հարցում: Օրվա երկրորդ կեսից ջրի ապարատները դատարկ են. ի դեպ, դրանց արտաքին տեսքն առանձնապես հավատ չի ներշնչում, որ կարելի է այդտեղից ջուր խմել:

Երեկ աստիճանների վրա պատահաբար հանդիպեցինք Գեղամ Ղարիբջանյանին եւ, երբ փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ վերելակը չի աշխատում, պարզվեց, որ նա նպատակահարմար է գտնում վերելակը «աշխատացնել» միայն 1-ից 3-րդ հարկ տարբերակով: «2-ից 3-րդ ոտքով բարձրացեք»,- ասաց Ղարիբջանյանը` խոստովանելով, որ այդպիսով տնտեսում է ԱԺ բյուջեն:

Այնպիսի տպավորություն է, թե Ղարիբջանյանը անձնական շահագրգռվածություն ունի ԱԺ-ի փողերը հետ գցելու հարցում: ԱԺ աշխատակազմի ղեկավարն, ի դեպ, այդ ամենն անում է բացահայտ ցինիզմով, այլապես դժվար է հասկանալ, թե ինչու է նա արհամարհում Հովիկ Աբրահամյանի պահանջը` վերջ տալ այդ գործելաոճին:

Ի՞նչ «օգուտ» են ստանում այս գործընթացից Ղարիբջանյանը եւ նրա «կառավարիչների խավը»` կանդրադառնանք առաջիկայում: